Ենթադրում են նաեւ Հայաստանի քաղաքացիների համար դեպի ԵՄ երկրներ վիզային ռեժիմի դյուրացում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 19, 2010 17:52

Երեւանում այսօր մեկնարկած Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունները ենթադրում են նաեւ Հայաստանի քաղաքացիների համար դեպի ԵՄ երկրներ վիզային ռեժիմի դյուրացում: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի հետ համատեղ ասուլիսում այսօր Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Գունար Վիգանդը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, նշեց, որ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել ավելի շուտ, քան ասոցիացման համաձայանագիրը: Եվրահանձնաժողովն ակնկալում է անդամ-երկրների մանդատը, որպեսզի Հայաստանի հետ սկսեն բանակցությունները երկու համաձայնագրերի կնքման ուղղությամբ` վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիսայի:

Գ.Վիգանդի խոսքերով` վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար կհեշտացնի Եվրամիության երկրներ մուտք գործելու արտոնագրի ստացման կարգը եւ կնվազեցնի գները, որոշակի կատեգորիայի անձանց բազմակի մուտքի եւ երկարաժամկետ արտոնագրի ստացման հնարավորություն կտա: Այս համաձայնագրերի ամբողջությունը սահմանում է մարդկանց ազատ տեղաշարժը Եվրամիության տարածքում: Համաձայնագրերի կնքումը հնարավոր է մինչ ասոցիացման համաձայնագրի ամբողջական բանակցումն ու կնքումը: Հուլիսի 6-ին տեղի է ունեցել այդ հարցով զբաղվող արդարադատության, ազատությունների եւ անվտանգության ենթակոմիտեի առաջին նիստը Հայաստանում: Կ.Ղազինյանի գնահատմամբ` դա քայլ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար դեպի Եվրամիություն արտոնագրերի դյուրացման գործընթացում:

Մինչեւ տարեվերջ այդ հարցում նշանակալի առաջընթաց կարձանագրվի: Կ.Ղազինյանը ցանկալի համարեց, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին հնարավորինս շուտ զգա ասոցիացման համաձայնագրի ազդեցությունն ու կարեւորությունը: Գ.Վիգանդն ընդգծեց, որ Հայաստանի հետ կբանակցվի նաեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը: Եվրահանձնաժողովն ունի բանակցություններն սկսելու լիազորությունը: Մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետությանը տրվել են երաշխավորություններ, որոնց ուղղությամբ ակտիվ աշխատում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Որքան արագ կկատարվեն տարբեր ոլորտներում երաշխավորությունները, այնքան շուտ կսկսվեն բանակցությունները Հայաստանի հետ: Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայանագրի խնքումը կապահովի եվրոպական շուկային առավել խորն ինտեգրումը, կավելացնի ներդրումները Հայաստանում: Երկրում տնտեսական նորմերն ու ստանդարտները հնարավորինս կմոտեցվեն Եվրամիության ներսում գործողներին: Բանակցությունները մաս են կազմելու ասոցիացման համաձայնագրի:

Դիտվել է 1564 անգամ:
Print Friendly

Leave a Reply