Տարբեր երկրներից բազմաթիվ հայ ընտանիքներ Արցախում ապրելու ցանկություն են հայտնել

Օրվա լուր | | July 19, 2010 17:43

Պաշտոնական տվյալների համաձայն` 2009 թվականին վերաբնակեցման նպատակով Արցախ է տեղափոխվել 139 ընտանիք: Ինչպես  տեղեկացրեց ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, գերատեսչության կողմից վերաբնակների հարցերին առնչվող իրավական փաթեթ է նախապատրաստվում, որն առաջիկայում կներկայացվի ԼՂՀ կառավարության քննարկմանը: Սակայն ներկայումս վերաբնակների մասով թիվ մեկ խնդիրը հանդիսանում են բնակարանային եւ սոցիալական հարցերը, որոնց լուծման համար, ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի տեղեկացմամբ, անհրաժեշտ է համայն հայության աջակցությունը:

«Արցախում ապրելու նպատակով տարբեր երկրներից մեր հայրենակիցների կողմից բազմաթիվ հայտեր կան, բայց ԼՂՀ կառավարության ունեցած հնարավորությունները բավարար չեն վերաբնակեցման քաղաքականությունը լիարժեք իրականացնելու համար, քանի որ, բացի բնակարանային խնդրի լուծումից, անհրաժեշտ է նաեւ այդ մարդկանց համար աշխատատեղեր եւ առհասարակ` ապրելու համար բարենպաստ պայմաններ ստեղծել: Այդ մասին բազմիցս նշվել է ԼՂՀ բարձրագույն ղեկավարության կողմից, եւ ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ ասել, որ այդ հարցում մեզ անհրաժեշտ է Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը»,-ասաց Ն. Ասծատրյանը:

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply