Աշխարհում կան ավելի քան 200 մլն միգրանտներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 19, 2010 17:27

Աշխարհում կան ավելի քան 200 մլն միգրանտներ, որոնք աշխարհի բնակչության մոտ 3 տոկոսն են կազմում: Միջազգային միգրատների մոտ կեսը կանայք են: Աշխատանքի միջազգային գրասենյակի հաշվարկներով` տնտեսապես ակտիվ միգրատների թիվը կազմում է մոտ 105.4 մլն: Բոլոր երկրներն էլ ներգրավված են միգրացիոն գործընթացներում` որպես ծագման, տարանցիկ երկրներ: Ինչպես այսօր Երեւանում կազմակերպված «Բոլոր միգրանտ աշխատողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիա»-ին նվիրված կլոր սեղան քննարկման ժամանակ նշեց ՄԱԿ-ի միջազգային միգրացիոն իրավունքի գլխավոր վարչության ծրագրերի պատասխանատու Պաոլա Պասեն, պետք է պաշտպանվեն բոլոր միգրանտների իրավունքները:

Նրա խոսքով, աշխարհի տարբեր երկրներում նույնիսկ օրինական միգրանտների իրավունքները չեն պաշտպանվում: «Շատ երկրներում միգրանտները կարեւոր նշանակություն ունեն: Տարբեր երկրներում միգրանտները զբաղվում են այն աշխատանքով, որոնցով չեն ցանկանում զբաղվել տեղի բնակիչները: Դա գիտակցելով` պետությունները պետք է ամեն հնարավորը ձեռնարկեն միգրանտների իրավունքները պաշտպանելու համար: Միգրանտները սովորաբար ավելի խոցելի են մարդու իրավունքների ոտնահարման առումով»,-ասաց Պ. Պասեն: Միգրանտներն իրավունք ունենք իրենց առողջության հետ կապված հարցերը լուծել, սակայն Պ. Պասեի խոսքով, այդ տեսանկյունից նրանք խոցելի են, որովհետեւ նրանք չեն կարող դիմել գումարի սղության պատճառով կամ էլ վախենում են իրավապահ մարմիններից:

Նա կարեւորեց աշխարհի տարբեր երկրների կողմից ՄԱԿ-ի «Բոլոր միգրանտ աշխատողների եւ նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիա»-ի վավերացումը: Կոնվենցիան ուղեցույց է միջազգային համագործակցության համար` խրախուսելու օրինական, հավասար եւ մարդկային պայմանները միգրացիայի համար եւ շեշտում է, որ միգրատների իրավունքների պաշտպանությունը ծագման, տարանցիկ եւ աշխատանքի պետությունների համատեղ պարտականությունն է: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը նշեց, որ կոնվենցիան վավերացնելու ուղղությամբ Հայաստանը համապատասխան քննարկումներ է անցկացնում: Վ. Կաժոյանի խոսքով, Հայաստանի կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում միգրանտների հարցը եւ համապատասխան միջոցառումներ իրականացնում` նրանց հետ կապված հարցերը լուծելու համար:

Նրա խոսքով, սկսել են Հայաստան վերադառնալ նախկինում աշխատանքի նպատակով երկրից այլ պետություն մեկնած անձինք: Ըստ Վ. Կաժոյանի` Հայաստանի կառավարությունը միջոցառումներ է իրականացնում հասարակության մեջ նրանց իրտեգրմանը նպաստելու համար: «Վերադարձած շատ միգրանտներ տեղյակ չեն իրենց իրավունքներից եւ պարտականություններից: Նրանց իրազեկվածության մակարդակը բարձարցնելու ուղղությամբ բազմաբնույթ միջոցառուներ են իրականացվում միգրացիոն ռեսուրս կենտրոնների միջոցով»,-ասաց Վ. Կաժոյանը: Վերադարձած միգրանտների խնդիրներից է նաեւ զբաղվածությունը, բնակարան չունենալը: Վ. Կաժոյանը նշեց, որ այս պարագայում շահեկան վիճակում են գտնվում այն ընտանիքները, որոնք Հայաստանից մեկնելուց առաջ չեն վաճառել իրենց բնակարանները:

Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում է միգրացիայի ոլորտում համապարփակ սահուն քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ` համագործակցելով բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ: ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ Հայաստանից այլ երկրներում գտնվող միգրանտների թիվը հասնում է 1 մլն-ի. գերակշիռ մասը աշխատանքի նպատակով է մենել: Երկարաժամկետ մեկնողները շուրջ 700 հազարն են: Նրանց կողմից Հայաստան փոխանցած գումարների շնորհիվ բազմաթիվ ընտանիքներ կարողանում են իրենց կենսագործունեությունն ապահովել:

Դիտվել է 1549 անգամ:
Print Friendly

Leave a Reply