«Ասոցիացման համաձայնագիրն արտացոլելու է ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ գոյություն ունեցող ամուր կապերը եւ ընդհանուր արժեքները»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 19, 2010 17:00

Երեւանում այսօր մեկնարկել են Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը եւ Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Գունար Վիգանդն այդ կապակցությամբ հրավիրված համատեղ ասուլիսում ազդարարեցին, որ բանակցություններին տրվել է արդյունավետ մեկնարկ: «Աշխատանքի արդյունքում կնքվելիք համաձայնագիրն արտացոլելու է կողմերի միջեւ գոյություն ունեցող ամուր կապերը եւ ընդհանուր արժեքները:

Այն ներառելու է մի շարք ոլորտներում, մասնավորապես` անվտանգության եւ արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, տեղաշարժի, մարդու իրավունքների, էներգետիկայի բնագավառներում փոխադարձ սերտ համագործակցության ուղենիշները»,-ընդգծեց Կ.Ղազինյանը: Համաձայնագիրը նպատակ է ունենալու խորացնելու նաեւ Եվրամիության հետ քաղաքական ասոցիացումը եւ խթանելու տնտեսական ինտեգրումը` Եվրամիության օրենսդրության եւ չափանիշների հետ ներդաշնակեցման ու երկուստեք շուկաներ մուտք ապահովելու նպատակով: ՀՀ նախագահի կարգադրությամբ սահմանվել են ասուցիացման համաձայնագրի բանակցությունների համար պատասխանատու թիմի եւ ոլորտային երեք աշխատանքային խմբերի կազմերը: Հայկական կողմի բանակցային թիմի համակարգողն է ՀՀ արտաքին գործերի նախարարը:

Բանակցությունները տեղի են ունենալու լիագումար նիստերի եւ աշխատանքային խմբերի ձեւաչափով, որոնք կներառեն քաղաքական երկխոսության եւ բարեփոխումների, արտաքին եւ անվտանգության քաղաքականության բնագավառում համագործակցության, արդարադատության, ազատությունների եւ անվտանգության, տնտեսական, ֆինանսական համագործակցության, ոլորտային փոխգործակցային քաղաքականության, առեւտրի եւ հարակից հարցերի ոլորտները: Այսօր կողմերը համաձայնության են եկել, որ ներկայումս բանակցությունները կընթանան երեք թեմատիկ խմբերով` առաջին` քաղաքական երկխոսության եւ բարեփոխումների, արտաքին եւ անվտանգության քաղաքականության բնագավառում համագործակցության, երկրորդ` արդարադատության, ազատությունների եւ անվտանգության, երրորդ` տնտեսական, ֆինանսական, էներգետիկ, մշակութային համագործակցության: Բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Բրյուսելում հոկտեմբերի 10-11-ը: ԵՀ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Գունար Վիգանդի բնորոշմամբ` այսօրվա մեկնարկը քայլը է դեպի Եվրամիություն- Հայաստան առավել սերտ հարաբերությունների հաստատման: Գործակցության համաձայնագրերի հիմնական նպատակը ԵՄ-ի եւ հարավկովկասյան երեք պետությունների միջեւ ավելի սերտ քաղաքական կապերի հաստատումն ու աստիճանական տնտեսական ինտեգրումն է: Բանակցային գործընթացը խարսխված է ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունքի ու արդար կառավարման կիրառման հարցում կողմերի անսասան պարտավորվածության վրա:

Այս համաձայնագիրը կդառնա շարժիչ ուժ երկրներում ներքին բարեփոխումների համար եւ կարող է օժանդակել Եվրամիությանը կենտրոնացնելու ռեսուրսները առավել ջանքերի կարիքն ունեցող առանցքային ինստիտուտների նկատմամբ: Բանակցությունների արդյունքում կնքվելիք համաձայնագիրը կաջակցի Հայաստանին երկարատեւ կայնության ապահովման, բարճավաճման գործում, կնպաստի մարդկանց շարժունությանը: ԵՀ ներկայացուցիչը վստահեցրեց, որ Հայաստանի եւ կառույցի միջեւ արդեն իսկ գերազանց երկխոսություն է հաստատվել, իսկ բանակցությունների մեկնարկով եւ նախատեսվող համաձայնագրերով էլ ավելի կխորանան երկրի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները:

Ասոցիացման մաս կազմող խորը եւ հմապարփակ ազատ առեւտրի համաձայնագրով էլ երկրի հետ տնտեսական լայն գործակցության հիմք կդրվի. կբարելավվեն դեպի շուկաներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներդրումներ ներգրավելու մեխանիզմները: Գունար Վիգանդը հույս հայտնեց, որ շուտով հնարավոր կլինի հասնել նրան, որ աշխատանքային խմբերը սկսեն աշխատել 12 ոլորտներում, քանի որ շատ հավակնոտ ժամանակացույց է համաձայնեցվել: Սեպտեմբերից սկսած` անցկացվի շաբաթական մեկ վիդեոկոնֆերանս: Մինչ համաձյանագրի կնքումը երկարատեւ գործընթաց կա առջեւում. դժվար է ասել, թե որքան կտեւեն բանակցությունները: «Կարեւորն այն է, որ բանակցություններն սկսվել են. մենք պատրաստ ենք այդ ուղուն եւ ամեն ջանք կգործադրենք, որ ԵՄ-ի հետ ունեցած ուղենիշները հաջող ավարտի հասցվեն»,-վստահեցրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կ.Ղազինյանը:

Դիտվել է 1840 անգամ:
Print Friendly

Leave a Reply