«Հայաստան-Թուրքիա փորձագիտական քննարկումներ» վերտառությամբ կոնֆերանսը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 19, 2010 16:40

Ստամբուլում եւ Անկարայում Եվրասիա համագործակցություն հիմնադրամն (ԵՀՀ) անցկացրել է հայ-թուրքական փորձագիտական քննարկումներ` Ստամբուլում գործող Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի (ԳՔՄԿ) մասնակցությամբ եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: ԳՔՄԿ-ն Ստամբուլի մշակույթի համալսարանում հուլիսի 8-ին անցկացվել է «Հայաստան-Թուրքիա փորձագիտական քննարկումներ» վերտառությամբ կոնֆերանսը, որին մասնակցել են հայ, թուրք ու միջազգային լրագրողներ, դիվանագետներ եւ փորձագետներ: «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության խորհրդի նախագահ Օսման Քավալայի կողմից կարգավորվող կլոր սեղանի քննարկումներին հիմնական զեկուցողներն են եղել դեսպան ու ԵՊՀ դասախոս Դավիթ Հովհաննիսյանը եւ Սաբանջը համալսարանին կից գործող Ստամբուլի քաղաքագիտական կենտրոնի ավագ խորհրդատու Յուստ Լագենդայքը:

Համաժողովից հետո հայկական խումբն այցելել է Դողան մեդիա կենտրոն, որտեղ հանդիպել է թուրք հայտնի լրագրող, քաղաքական մեկնաբան ու գրող Մեհմեդ Ալի Բիրանդի եւ «Սի-Էն-Էն Թյուրք» հեռուստաընկերության խորհրդատու Ֆերհաթ Բորաթավի հետ, ինչպես նաեւ շրջայց կատարել մեդիա կենտրոնի աշխատասենյակներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիա համագործակցություն հիմնադրամից, նախագծի երկրորդ օրը խումբն այցելել է Անկարա` հանդիպելու թուրք մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Արտաքին գործերի նախարարությունում ԳՔՄԿ ու ԵՀՀ խմբին ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Նա ներկայացրել է հայ-թուրքական հարաբերություններում ներկա իրավիճակը, ինչպես նաեւ հարաբերությունների ապագայի վերաբերյալ նախարարության մոտեցումները: Ապա խումբն այցելել է Թուրքիայի խորհրդարան եւ հանդիպել Արդարություն ու զարգացում կուսակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ ու խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Սուաթ Քընըքլըօղլուին եւ նույն կուսակցության պատգամավոր, արտաքին գործերի նախկին նախարար, դեսպան Յաշար Յաքըշին:

Վերջիններս նույնպես խմբին ներկայացրել են հայ-թուրքական կարգավորման գործընթացում կառավարության գործունեությունն ու դիրքորոշումը եւ պատասխանել հարցերի: Ստամբուլի ու Անկարայի հանդիպումները, որոնք երեւանյան քննարկումների շարունակությունն էին, հանդիսացել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա քայլերը» նախագծի մի մասը:

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply