Կարևորել են հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները

Պաշտոնական, Օրվա լուր | | July 19, 2010 15:48

Հուլիսի 17-ից 18-ին պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդիի, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի և արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթհաքիի հետ:

Հուլիսի 17-ին, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, տեղի է ունեցել նախարարներ Ս. Օհանյանի և Ա. Վահիդիի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ներկա վիճակն ու հնարավոր զարգացումները: Զրուցակիցները կարևորել են առկա խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը` համագործակցությունը, խաղաղությունն ու կայունությունը համարելով կարևոր նախապայման տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության ու բարգավաճման համար:

Երկու երկրների պաշտպանության նախարարները բարձր են գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության ներկա մակարդակից, ընդգծել են, որ նման այցելությունները հնարավորություն են ստեղծում հայ-իրանական հարաբերություններին վերաբերող տարբեր խնդիրները քննարկելու և փոխշահավետ լուծումներ գտնելու համար:

Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նույն օրը տեղի են ունեցել Ս. Օհանյանի հանդիպումները ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ս. Ջալիլիի և արտաքին գործերի նախարար Մ. Մոթթհաքիի հետ:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը պարոն Մ. Ահմադինեժադին է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: Երկուստեք կարևորվել են հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները և ընդգծվել են դրանց զարգացման լայն հնարավորությունները:

Պաշտոնական բոլոր հանդիպումների ընթացքում կողմերն ընդգծել են, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական համագործակցությունը նպաստում է մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը: Վերահաստատվել են երկու պետությունների դիրքորոշումներն այն հարցում, որ անվտանգության ու կայունության միջավայրը տարածաշրջանում ապրող ժողովուրդների բարգավաճման ու զարգացման ապահովման գրավականն է: Ընդգծվել է Իրանի հայկական համայնքի դերակատարությունը հայ-իրանական բարեկամության ամրապնդման գործում:

Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.Օհանյանն այցելել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն և Իրանի թեմի առաջնորդարան, հանդիպում է ունեցել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply