Բաց նամակ ՀԽ անդամներին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբից

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 19, 2010 15:06

Հանրային խորհրդի հարգելի անդամներ,

Թույլ տվեք ներկայացնել մեր նկատառումները «Դիլիջան» միջազգային դպրոցի

նախաձեռնողների՝ ձեզ ուղղված բաց նամակի կապակցությամբ: Հուսով ենք, որ դրանք

կարող են օգտակար լինել Միջազգային Բակալավրիատի կիրառման  և, ընդհանրապես,

Հայաստանում ժամանակակից դպրոցներ հիմնելու հնարավոր եղանակների մասին կարծիք

կազմելու տեսանկյունից:

1. Ընդհանուր տեղեկություններ

Միջազգային Բակալավրիատի կրթական ձևաչափն ունի երեք տարիքային ծրագրեր`[1]

•       Նախնական տարիքի ծրագիր` 3-12 տարեկան երեխաների համար

•       Միջին տարիքի ծրագիր` 11-16 տարեկանների համար

•       Դիպլոմային ծրագիր` 16-19 տարեկանների համար:

«Դիլիջան» միջազգային դպրոցում նախատեսվում է 13-ից 18 տարեկան երեխաների

ուսուցումը, հետևաբար այստեղ հնարավոր է Միջին տարիքի ծրագրի և Դիպլոմային

ծրագրի իրագործումը:

2. Միջազգային Բակալավրիատի դասավանդման լեզուն

Միջազգային Բակալավրիատի Նախնական և Միջին տարիքի ծրագրերում դասավանդումը

կարող է իրականացվել ցանկացած լեզվով, այդ թվում և` հայերենով:  Հետևաբար, չկա

Միջին տարիքի ծրագիրը հայերենով իրականացնելու որևէ սահմանափակում:

Ինչ վերաբերում է Դիպլոմային ծրագրին, տվյալ պահին դասավանդման լեզուներն են

անգլերենը, ֆրանսերենը, և  իսպաներենը: Սակայն Միջազգային Բակալավրիատը

զարգացող մի համակարգ է, և այս պահին արդեն գոյություն ունի Դիպլոմային

փորձնական ծրագիր գերմաներենով[2]:  Այսինքն, եթե ստեղծվի պահանջվող չափանիշին

համապատասխանող հայալեզու դպրոց, ապա Միջազգային Բակալավրիատի կողմից այն

նույնպես կճանաչվի:  Այս պարագայում Հայաստանը կստանա մի առաջնակարգ հայալեզու

դպրոց, որը կկարողանա դառնալ գերազանցության կենտրոններից ու հայալեզու

կրթության նշաձողերից մեկը:

Ասվածից ակնհայտ է դառնում, որ Լեզվի և Հանրակրթության մասին օրենքների

փոփոխություններն բացարձակապես ավելորդ են Հայաստանում նման դպրոցի ստեղծման

համար:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը

«Դիլիջան» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներին  ուղղել էր մի նամակ[3],

որտեղ առաջարկվում էր այդ դպրոցում ուսուցումը կազմակերպել հայոց լեզվի հիման

վրա: Այս տեսակետը մանրամասն վերաշարադրվել է նաև «Դիլիջան» դպրոցի

ներկայացուցչի հետ զրույցի ընթացքում: Ցավոք, նախաձեռնող խմբի առաջարկի մասին

հոգաբարձուների խորհրդի  կողմից Հանրային Խորհրդին ուղղված բաց նամակում չկա

որևէ անդրադարձ:

3. Միջազգային Բակալավրիատը հայերենով տեղայնացման գործընթացը և Հայաստանի

ողջ կրթական համակարգի մրցունակության բարձրացման խնդիրը

Միջազգային Բակալավրիատը հայերենով տեղայնացման գործընթացն արդիական խնդիր է,

քանի որ այդ ձևաչափը Հայաստան ներմուծելու ցանկություն հայտնել և այս կամ այն

չափով այդ ուղղությամբ գործողություններ են  ծավալել մի քանի դպրոցներ, այդ

թվում` «Դիլիջան» միջազգային դպրոցը, «Քվանտ» վարժարանը և «Անանիա Շիրակացի»

ճեմարանը: Կան նաև այլ դպրոցներ, որոնք չեն պատրաստվում դառնալ Միջազգային

Բակալավրիատի դպրոց, սակայն  աշխատանքներ են կատարում նման դպրոցներում

օգտագործվող դասագրքերն ու ծրագրերը  հայերեն թարգմանելու ուղղությամբ:

Միջազգային Բակալավրիատը հայերենով տեղայնացնելու հարցում շահագրգիռ

դպրոցները կարող են ստեղծել մի մարմին, որը կկատարի աշխատանքի բաժանումն ու

կհամակարգի ծրագիրը: Այս ծրագրին կարող են միանալ Հայաստանի և սփյուռքի

պետական ու հասարակական բոլոր շահագրգիռ  կազմակերպությունները:

Կատարված ներդրումները կունենան բազմապատիկ արդյունք, քանի որ բացի բուն

ծրագրի իրագործումից մի քանի օրինակելի դպրոցներում, հնարավորություն կտան

նորագույն նորարարական կրթական մեթոդները հայերենով հասանելի դարձնել

Հայաստանի կրթական ողջ համակարգի համար, այսպիսով վերացնելով լեզվական

խտրականությունը և հնարավոր դարձնելով ողջ կրթական համակարգի, այլ ոչ թե նրա

մի մասի մրցունակության բարձրացումը:

4. Ոչ հայերենով Միջազգային Բակալավրիատի ռիսկերը

Հայաստանում օտարալեզու հանրակրթության ասպարեզ մեծածավալ, տասնյակ միլիոն

դոլարներ հաշվող ներդրումների հոսքր կհանգեցնի մի անհավասարակշիռ, արհեստական

իրավիճակի, երբ հայալեզու դպրոցները կհայտնվեն մրցակցության իմաստով անհավասար

պայմաններում: Այս անբարենպաստ իրավիճակը, կհեղինակազրկի հայալեզու

հանրակրթությունը և բնականաբար կստիպի իրենց զավակներին լավագույն կրթություն

տալով մտահոգ ծնողներին իրենց երեխաների համար նախընտրել օտարալեզու դպրոցը:

Սա կհանգեցնի օտարախոս վերնախավի ձևավորմանը, որը լավագույն դեպքում

կտիրապետի խոսակցական հայերենին։ Նման իրավիճակի վառ օրինակն է այսօրվա

Լիբանանը:

Այս խավին կհետևեն մնացածները։ Այստեղ չի օգնի դպրոցների քանակի արհեստական

սահմանափակումը, քանի որ դա կառաջացնի սոցիալական ընդվզում և իշխանություններն

ի վերջո ստիպված կլինեն տրամադրել նման դպրոցների հիմնադրման և գործունեության

անսահմանափակ իրավունք բոլորի համար և ցանկացած լեզվով:

Օտարալեզու դպրոցների քանակական աճին զուգընթաց՝ բոլոր ավագ դպրոցներում

կրթությունն օտար լեզուներով իրականացնելու պարագայում, Հայաստանի բուհական

համակարգից հայերենը աստիճանաբար դուրս կմղվի: Սրա հետևանքով այն այլևս

կդադարի գիտության լեզու լինելուց, կզրկվի ժամանակին համընթաց զարգանալու

հնարավորությունից: Այսօրվա ճկուն ու ժամանակակից հայերենը, որով հեշտությամբ

ձևակերպվում են գիտության ամենանոր ու ամենաբարդ հասկացությունները, կվերածվի

կենցաղային լեզվի:

Այս ամենի հետևանքով կտրուկ կնվազեն հայերենի գործառնության ոլորտները,

հաղորդակցական հնարավորությունները և հեղինակությունը՝ դուրս մղելով նրան

հասարակական կյանքի բոլոր բնագավառներից, ապա՝ հարցականի տակ կդրվի

ընդհանրապես այդ լեզվի գոյությունը, հետևապես նաև՝ հայ ազգի գոյությունը։

և սա անհիմն ու վերացական ենթադրություն չէ, այլ նկարագրությունն է իրականում

տեղի ունեցած ու ներկայումս ընթացող լեզվափոխության (language shift), որը

հանգեցրել է բազմաթիվ լեզուների փաստացի վերացման:

5. Հայկական միջազգային դպրոցների ցանցի հրամայականը  և  «Դիլիջան»

միջազգային դպրոցում արտասահմանից սփյուռքահայերի ընդգրկումր

Սփյուռքի երեխաների համար հայալեզու բարձրակարգ դպրոցներում սովորելու

հնարավորությունն այսօր, առավել քան երբեք,  կարևորվում է նաև Կիպրոսի

Մելքոնյան դպրոցի փակվելու խորհրդանշական հանգամանքով: Ցավոք, ներկայումս

աշխարհում այլևս չկա համահայկական նշանակություն ունեցող որևէ դպրոց և ակնհայտ

է, որ նման դպրոցի ստեղծման նախաձեռնումը իր շահերը գիտակցող՝ անկախ

պետականություն ունեցող, հայրենիքի պատվի և պարտականության գործն է դառնում:

Այդ դպրոցը հիմք կհանդիսանա  հայկական միջազգային դպրոցների ստեղծվելիք ցանցի

համար, որը հայկական ինքնության պահպանման և զարգացման լավագույն երաշխիքը

կարող է հանդիսանալ համաշխարհայնացման (գլոբալիզացիա) ներկայիս ընթացքի

հնարավորություններին և վտանգներին ի պատասխան: Այս ցանցը  կարող է գործել

հայկական սփյուռքի երկրներում՝  կենտրոն ունենալով Հայաստանը:

Միջազգային չափանիշներին համապատասխանող հայալեզու դպրոցն ունի նաև հեռու

գնացող քաղաքական հետևանքներ, քանի որ նշված դպրոցում արևմտահայերենին տեր

կանգնելու պատրաստակամությունը կվկայի Հայաստանի Հանրապետության քաղաքական

հասունության մասին:

Այս կապակցությամբ նշենք, որ, չնայած թուրքական սփյուռքի անհամեմատ կարճատև

գոյությանը, արդեն իսկ գոյություն ունի աշխարհի բազմաթիվ երկրներում գործող

թուրքական միջազգային դպրոցների ցանց:

Կարծում ենք՝ «Դիլիջան» միջազգային դպրոցում սփյուռքահայերի ընդգրկման

կապակցությամբ՝ հայության առջև ծառացած խնդիրների տեսանկյունից, անհամեմատ

ավելի նախընտրելի տարբերակն այն կլիներ, որ իրենց երկրներում այլ լեզուներով

բարձրակարգ կրթություն ստանալու հնարավորություն արդեն իսկ ունեցող

սփյուռքահայ երեխաներին նույնատիպ կրթություն առաջարկելու փոխարեն`

Հայաստանում հայերենի հիմքի վրա լավագույն կրթություն ստանալու

հնարավորություն տրվեր:  Այսպիսով «Դիլիջան» միջազգային դպրոցն իր վրա

կվերցներ համահայկական կարևորագույն խնդիրներից մեկի լուծումը:

Սա ոչ միայն չի բացառում, այլև ենթադրում է օտար լեզուների խորը ուսուցում

այդ դպրոցում:

6. «Դիլիջան» միջազգային դպրոցում ոչ հայ օտարերկրացիների ընդգրկում

«Դիլիջան» միջազգային դպրոցի հեղինակներն անհրաժեշտ են համարում

աշակերտության կազմում ներգրավել նաև ոչ հայ արտասահմանցիների, ինչը մենք

առաջնային խնդիր չենք համարում, քանի որ նրանց փոխարեն կարող էին սովորել

ավելի մեծ թվով հայաստանցիներ և սփյուռքահայեր: Այնուամենայնիվ, կարող ենք

առաջարկել մի մեխանիզմ, որի օգնությամբ, անհրաժեշտության դեպքում, կարելի է

հասնել նաև այս նպատակին՝ դասավանդման լեզուն հայերենը լինելու պայմանով:

Ըստ նախագծի հեղինակների, այն տասներկու երկրներում (Վրաստան, Ռուսաստան,

Ուկրաինա, Բուլղարիա, Միացյալ Նահանգներ, Կանադա, Լիբանան և այլն), որտեղ կա

զգալի սփյուռքահայություն և  որտեղից նախատեսվում է ներգրավել ոչ հայաստանցի

ուսանողներին,  պետք է գործեն թեսթավորման կենտրոններ, որոնք կգնահատեն

դիմորդների գիտելիքների մակարդակը: Նման կենտրոններում կարող են կազմակերպվել

հայերենի մեկամյա նախապատրաստական դասընթացներ՝  «Դիլիջան» դպրոցի ապագա

դիմորդների համար:  Այդ երկրներում համեմատաբար հեշտ կլինի հայոց լեզվի

մասնագետներ գտնել` սփյուռքի առկայության պատճառով: Քննությունների, այդ

թվում` հայերենի քննության հիման  վրա, կընտրվեն այն  ուսանողները, որոնք

կշարունակեն ուսումը Դիլիջանում: Այս հանգամանքը կդառնա մի լրացուցիչ գործոն,

որը կնպաստի աշխարհում հայերենի վարկի բարձրացմանը, սփյուռքահայերի ու

օտարազգիների շրջանում հայերենի տարածմանը:

7. Օտարալեզու ուսուցման և ազգային դպրոցի համեմատությունը

Հայաստանյան դպրոցների շատ շրջանավարտներ ընդունվում են բարձր վարկանիշ

ունեցող արտասահմանյան բուհեր: Բացի այդ, մեր դպրոցների աշակերտներն ամեն տարի

բազմաթիվ պատվավոր մրցանակներ են շահում միջազգային օլիմպիադաներում: Իսկ

“Քվանտ” դպրոցը Միջազգային Բակալավրիատի կենտրոնի կողմից վերջերս ստացավ ՄԲ-ի

հավակնորդի պաշտոնական կարգավիճակ: Սա գալիս է ապացուցելու, որ անգամ բազմաթիվ

խնդիրներով ծանրաբեռնված ազգային դպրոցն ի վիճակի է միջազգային չափանիշներով

մրցունակ լինելու: Ավելին, առաջատար հայաստանյան դպրոցները, դատելով վերը

նշված չափելի և անաչառ ցուցանիշներից, կրթական մակարդակով (ցավոք, ոչ

պայմաններով ու ֆինանսական հնարավորություններով) կարող են համեմատվել աշխարհի

առաջատար կրթօջախների հետ: Այս դպրոցների փորձը, դրանցում կիրառվող կրթական

ծրագրերն ու մեթոդները կարելի է անվարան կիրառել միջազգային չափանիշներին

համապատասխանող դպրոց կամ դպրոցներ ստեղծելու պարագայում: Համապատասխան

ներդրումների առկայության դեպքում դրանք կարող են դառնալ ամենաժամանակակից

դպրոցի հիմքը:

Միաժամանակ կարելի է դիտարկել Լիբանանի օրինակը, որտեղ, չնայած բազմաթիվ

միջազգային դպրոցների առկայությանը և այն հանգամանքին, որ անգամ ազգային

դպրոցներում ճշգրիտ գիտությունները միջին դպրոցից սկսած դասավանդվում են

անգլերենով, միջազգային չափորոշիչներով թեստավորումները արձանագրում են

զգալիորեն ավելի վատ արդյունքներ, քան Հայաստանում[4]: Փոխարենը, արաբերենը

Լիբանանում դարձել է ցածր խավի լեզու [5,6]: Որպես դրական օրինակ կարելի է

նշել Նիդերլանդներում, Շվեյցարիայում և Ֆինլանդիայում մայրենի լեզվի հիմքի վրա

գործող բարձրակարգ կրթական համակարգերը:

Հատկանշանական է նաև Հունաստանի օրինակը, ուր օտարալեզու դպրոցները գործում

են որպես օտարերկրացիներին սպասարկող համակարգ:  Ունենալով հունարենով կրթական

համակարգը զարգացնելու ավանդույթ, Հունաստանը սահմանափակում է մուտքը

օտարալեզու դպրոցներ իր քաղաքացիների համար [7]:

8. Հետևություններ

Վերն արված վերլուծությունը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս

արձանագրել, որ հանրակրթական ամենաժամանակակից ծրագրերը, այդ թվում նաև

Միջազգային Բակալավրիատը, Հայաստանում պետք է և հնարավոր է իրագործել

հայերենով` առանց «Լեզվի մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներում

փոփոխություններ կատարելու: Այս տեսանկյունից շատ կարևոր է այն հանգամանքը, որ

Հայաստանը մոնոէթնիկ է, ունի սեփական լեզվով կրթական համակարգը զարգացնելու

դարավոր ավանդույթ և հնարավորություն: Բացի այդ, Հայաստանում այսօր կան

աշխարհի լավագույն դպրոցների հետ արժանապատվորեն մրցակցող դպրոցներ, որոնցում,

բնականաբար, ուսուցումը կազմակերպվում է հայերենով: Միաժամանակ,

հանրակրթությունը հայերենով կազմակերպելով հանդերձ, անհրաժեշտ է ապահովել

ազգային փոքրամասնությունների և արտասահմանցիների համար իրենց մայրենի

լեզուներով կրթություն ստանալու հնարավորությունը, ինչպես նախատեսված է գործող

օրենսդրությամբ:

Ամփոփելով, ցանկանում ենք մեկ անգամ ևս կարևորել հետևյալ խնդիրները.

1. Անհրաժեշտ է շուտափույթ կերպով հայոց լեզվով տեղայնացնել  Միջազգային

Բակալավրիատի ծրագրերն ու դասընթացները, ինչպես նաև ջանքեր գործադրել

հայերենով ուսուցման հնարավորությունը Միջազգային Բակալավրիատի համար

ընդունելի դարձնելու համար՝ այդ գործում ներգրավելով հայաստանյան այն

դպրոցները, որոնք ցանկանում են ընդգրկվել այդ համակարգում: Այս կարգի

ներդումները լրիվ արդարացված են, քանի որ առաջարկվող լուծումներն անհամեմատ

ավելի ապահով և հեռանկարային են ազգային անվտանգության և երկրի ողջ կրթական

համակարգի մրցունակության բարձրացման տեսանկյունից: Ուստի, ստեղծված

իրավիճակում հենց այս ճանապարհն ենք համարում միակ ճիշտը, եթե խոսքը

Միջազգային Բակալավրիատի մասին է:

Իհարկե, անհրաժեշտ է հիշել, որ ժամանակակից դպրոց կարելի է ստեղծել նաև այլ

ծրագրերով, այդ թվում` Հայաստանում մշակված և հաջողությամբ իրականացված

ծրագրերով:

2. Հայաստանում և սփյուռքում միջազգային չափանիշներին համապատասխան

համահայկական հայալեզու դպրոցի և դպրոցական ցանցի ստեղծումը ժամանակի

հրամայական է:

Օգտվելով առիթից, մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հանրային

խորհրդի՝ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում

փոփոխությունների օրինագծի վերաբերյալ նախկինում ընդունած որոշումներին:

Հարգանքով`

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբ

Դիտվել է 2145 անգամ:
Print Friendly

Leave a Reply