Հայ ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Բրիստոլի կինոփառատոնում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 19, 2010 12:55

Ոսկե ծիրան 7-րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցույթի շրջանակում լիտվահայ ռեժիսոր Մարատ Սարգսյանի «Լեռնավան» կարճամետրաժ ֆիլմն արժանացել է միանգամից երկու մրցանակի: Հայրենիքի ճամփան բռնած հերոսների ճակատագիրը հուզել և ոգեւորել է ժյուրիի անդամներին, ինչի արդյունքում էլ նրանք որոշել են երիտասարդ ռեժիսորին հանձնել Հրանտ Մաթևոսյանի անվան եւ Բրիտանական խորհրդի սահմանած մրցանակները:

Բրիտանական խորհրդի աջակցությամբ Մարատ Սարգսյանն իր ֆիլմը կներկայացնի Encounters միջազգային կինոփառատոնում: Կարճամետրաժ ֆիլմերի հեղինակավոր այս փառատոնը Միացյալ Թագավորության Բրիստոլ քաղաքում անցկացվելու է 16-րդ անգամ` նոյեմբերի 16-ից – 21-ը:

«Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակն առաջին անգամ է սահմանել նման մրցանակ: Այն հայտարարվել է «Ժամանակակից Բրիտանիա» ծրագրի շրջանակում: Մեր նպատակն է աջակցել միջմշակութային կապերի զարգացմանը եւ Մեծ Բրիտանիայի ժամանակակից կինոարվեստը Հայաստանում ներկայացնելուն զուգահեռ` հնարավորություն տալ հայ ռեժիսորներին մասնակցել եվրոպական հեղինակավոր կինոփառատոններին»,- ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:

Նախորդ տարի Encounters միջազգային կինոփառատոնին ցուցադրվել էր 150 ֆիլմ, հայտեր էին ներկայացվել աշխարհի 58 երկրից: Այս տարի ավելացել են թե’ ֆիլմերի քանակը, և թե’ մասնակից երկրների ցանկը:

«Փառատոնին մասնակցությունը, իսկապես, լավ հնարավորություն է ներկայանալ միջազգային շուկայում: Ցանկացած փառատոն նոր կապերի և առաջխաղացման հնարավորություն է: Բրիստոլի կինոփառատոնն այս առումով իսկապես նշանակալից է, քանի որ նկատվելու դեպքում մեծ է միջազգային շուկայում ներկայանալու հնարավորությունը», նշեց Նարեկ Թովմասյանը:

«Լեռնավան»-ը Մարատ Սարգսյանի առաջին ֆիլմն է: Այն պատմում է հոր եւ որդու` հայրենիք կատարած ուղևորության մասին: Իրական և երևակայան աշխարհների տարբերությունն ակնհայտ է դառնում, երբ նրանք վերջապես հասնում են հայրենիք: Այստեղ միայն սպիտակ սարեր են, այլևս չկան տներն ու փողոցները, մարդիկ և ավանդույթները: Հայրը, սակայն որոշում է վերականգնել ավանդույթները և կարողանում է տնկել առաջին ծառը:

Մինչ Ոսկե ծիրան կինոփառատոնին մասնակցելը, Մարատ Սարգսյանի «Լեռնավան» ֆիլմն արժանացել էր լավագույն կինոնկար մրցանակին Վիլնյուսի երիտասարդ կինոռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում:

Մարատ Սարգսյանը 2009 թվականին ավարտել է Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիան`մասնագիտանալով կինոյի և հեռուստատեսային ռեժիսուրայի մեջ:

Դիտվել է 1411 անգամ:
Print Friendly

Leave a Reply