ԿԳ նախարարությունն այս տարվա 1-ին կիսամյակում ստացել է 1 450 դիմում-բողոք

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 19, 2010 12:03

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն այս տարվա առաջին կիսամյակում ստացել է 1 450 դիմում-բողոք: Նախորդ տարվա առաջին կիսամյակում նախարարությունը ստացել էր 1 543 դիմում-բողոք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախարարության քարտուղարության ընդհանուր բաժնի պետ Գյուլնարա Հովհաննիսյանը, այս տարի նախարարությունը բուհերի ընդունելությունների վերաբերյալ դիմումներ չի ընդունել: Դրանք քաղաքացիները հասցեագրել են Գնահատման եւ թեստավորման կենտրոնին:

«Հաշվի առնելով այն, որ ընդունելությունների հետ կապված դիմումներն այս տարի ԳԹԿ-ն է ընդունել, եւ նախարարությանը հասցեագրված նամակների թիվը կազմել է 1450, ապա, մեր գնահատմամբ, նախորդ տարվա համեմատ դիմումների քանակն ավելացել է: Նախորդ տարի բուհերի ընդունելությունների վերաբերյալ մենք 200-ից ավելի դիմումներ էինք ստացել»,-ասաց Գ. Հովհաննիսյանը: Կրթության եւ գիտության նախարարություն ներկայացված դիմում-բողոքներից 190-ը վերաբերում են ուսման վարձերի զեղջման հարցին: Կան դիմումներ զինծառայության տարեկետման, դպրոցներ ընդունվելու, մեկ այլ դպրոց տեղափոխման, դպրոցների ատեստատների եւ այլ խնդիրների հետ կապված:

Գ. Հովհաննիսյանը նշեց, որ հաճախ դիմում են նաեւ աշխատանքի տեղավորման հարցերով, քանի որ նախարարությունն աջակցում է ուսուցիչներին սահմանամերձ գյուղերի դպրոցներում աշխատանքի ընդունվելու համար: Այդ հարցում նախարարությունը համագործակցում է մարզպետարանների, համապատասխան գերատեսչությունների հետ: Փոքր թիվ են կազմում նախարարություն ներկայացված գիտության վերաբերյալ դիմում- բողոքները, եղածներն էլ կապված են գիտական թեմաների ֆինանսավորման հետ:

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply