Հնագիտական պեղումները Հայաստանում օտարազգի մասնագետների ուշադրության կենտրոնում են

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 19, 2010 11:28

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը 2010 թ-ին պեղումներ կամ դաշտային հնագիտական հետազոտություններ կիրականացնի մոտ 17 ծրագրերով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, հնարավոր է նաեւ նոր ծրագրերի ավելացում: «Հաճախ պատահում է, որ վերականգնումների հետ կապված մեզ դիմում են` ասելով, որ այս կամ այն պատճառով հուշարձան է բացվել եւ անհապաղ անհրաժեշտ է ուսումնասիրել, ուստի այս տարվա մեր ծրագրերին կավելանան նաեւ այդ տիպի հուշարձանների ուսումնասիրությունները»,- ասաց ինստիտուտի տնօրենը:

Նրա խոսքով, արդեն արշավախմբերը պեղումներ են իրականացնում Արտաշատում, Կոտայքի մարզի Քարաշամբի դամբարանադաշտում, Սիսիանի Ներքին Գոդեձոր հնավայրում, Արենիի կիրճում: Արդեն ավարտվել է Հրազդանի կիրճի քարեդարյան հուշարձանների ուսումնասիրությունը, որը հայ-ամերիկյան համատեղ ծրագիր էր: «Պեղող հնագետները դեռ ամբողջական հաշվետվությունը չեն ներկայացրել, սակայն շատ գոհ էին արդյունքներից. հսկայական նյութ է հավաքվել»,- ընդգծեց Պ. Ավետիսյանը: Ըստ նրա` դեռեւս դժվար է իրականացվող ընդհանուր պեղումների արդյունքների մասին խոսել, քանի որ դրանք նոր են մեկնարկել: «Թեեւ արդեն կարող եմ ասել, որ Արտաշատում ունենք բացառիկ հետաքրքիր իրավիճակ: Այնտեղ պեղում ենք քաղաքի տաճարական համալիրը, որի շինությունների պատերը բավականին բարձր են պահպանվել. միջնադարյան սվաղը ճաքճքվել էր, եւ տեսանք, որ տակը կա նաեւ նախնականը, դրանք բացվելուց հետո պարզվեց, որ անտիկ շինությունների պատերին կան բազմաթիվ գծանկարներ` գրաֆիկներ:

Դեռ արշավախումբը դաշտից չի վերադարձել, սակայն ես ինձ իրավունք եմ վերապահում ասելու, որ մենք Հայաստանի տարածքում գտանք հնագիտական եւս մի տվյալ, որ մինչ այսօր չունեինք: Դրանք մարդկանց պատկերներ են` իրենց հագուստներով, նետ եւ աղեղով, ներկայացված են մարտի տեսարաններ: Սա սկզբնաղբյուրների մի նոր տեսակ է, որ առ այսօր Հայաստանում փաստագրված չէր: Այսինքն` մենք արդեն գիտենք, որ շատ փայլուն արդյունքներ ունենք»,- ասաց ինստիտուտի տնօրենը: Պեղումներ են իրականացվում նաեւ Թեղուտի դաշտում: Դրանք դեռ նոր են սկսվել. դեռեւս նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Պեղումներն իրականացվում են Թեղուտի հանքավայրի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցներով: Պ. Ավետիսյանի խոսքով, առհասարակ, պեղումներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեից ինստիտուտին տրամադրվող ֆինանսական միջոցներով.այս տարի այդ գումարը կազմում է 97 մլն դրամ:

Նա նշեց, որ Հայաստանում անցկացվող հնագիտական պեղուներին մասնակցում են նաեւ մասնագետներ արտերկրից` ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, ուսանողներ` ամերիկյան մի շարք համալսարաններից: «Հայկական լեռնաշխարհի հնագիտական հուշարձանները շատ կարեւոր, երբեմն սկզբունքային եւ բացառիկ նշանակություն ունեն ամբողջ հին աշխարհի հնագույն անցյալը վերակազմելու համար: Չի կարող լինել մի մասնագետ, ով հետաքրքրված չլինի Հայաստանի հնագիտությամբ»,- շեշտեց Պ. Ավետիսյանը:

Դիտվել է 1787 անգամ:
Print Friendly

Leave a Reply