ՄԽ համանախագահող երկրները վերահաստատում են` ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 18, 2010 22:37

Ալմաթիում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳՆ Բեռնար Կուշները եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգն այսօր հանդիպում են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ, որից հետո համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային ներկա փուլի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը, պատվիրակությունների ղեկավարները հղում են կատարել Աթենքի 2009թ-ի դեկտեմբերի 1-ի ԵԱՀԿ նախարարական համատեղ հայտարարությանը` կողմերին կոչ անելով հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհին` Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման հիման վրա: Հայտարարությամբ վերահաստատվել է, որ 2009թ-ի հուլիսի 10-ին լ’Ակվիլայում ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Բարաք Օբամայի եւ Նիկոլա Սարկոզիի սահմանած եւ 2010թ-ի հունիսի 26-ին Մուսկոկայի հայտարարությամբ կրկնված տարրերը պետք է լինեն հակամարտության լուծման հիմքը: «Առաջադրված տարրերը սահմանվել են որպես մեկ միասնական ամբողջություն, եւ դրանցից յուրաքանչյուրի առանձին գործածությունն անհնար կդարձնի հավասարակշռված լուծումը»,-նշել են նրանք:

Պատվիրակությունների ղեկավարները նշել են, որ կողմերի գործադրած ջանքերը բավարար չեն ամբողջովին հաղթահարելու նրանց տարակարծությունները: Նրանք դատապարտել են վերջին զարգացումները, որոնք մեծացրել են լարվածությունը տարածաշրջանում` ներառյալ այս տարվա հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը տեղի ունեցած միջադեպը: Նրանք զգուշացրել են, որ ուժի կիրառումը, որը հանգեցրել է այս իրավիճակին եւ դրա օգտագործումը հետագայում առաջ կբերեն միայն տառապանք, ավերածություն, իսկ սերունդներին որպես ժառանգություն կթողնեն թշնամանք եւ համակարտություն: Հայտարարությամբ կոչ է արվել փոխզիջման կամք դրսեւորել` բանակցությունների միջոցով հասնելու համաձայնության: Կողմերից լրացուցիչ ջանքերի են պահանջվում 1994թ-ին հաստատված հրադադարի ամրադնդման, հետագա քաղաքական երկխոսության ու համաձայնության հասնելու համար դրական մթնոլորտի ձեւավորման գործում: Համանախագահող երկրները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` աջակցելու կողմերին` հասնելու խաղաղ կարգավորման` ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու հիմնական պատասխանատվությունը կրում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները:
Նյութը դիտվել է 74 անգամ

Դիտվել է 1526 անգամ:
Print Friendly

Leave a Reply