Լիբանանյան «Կրեդիտ» բանկը գնեց «Անելիք» բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | հուլիսի 6, 2009 19:55

Հայկական «Անելիք» բանկն այսօր հայտարարեց Լիբանանյան «Կրեդիտ» բանկի հետ ռազմավարական գործընկերության մասին: «Կրեդիտ» բանկը գնելով «Անելիք»-ի թողարկած մոտ 9 մլրդ դրամի բաժնետոմսերը, դարձավ վերջինիս 51 տոկոս բաժնետերը՝   «Անելիք»-ի կապիտալը հասցնելով մինչև 15 մլրդ դրամ. դրանով «Անելիք»-ը  հայաստանյան առաջատար բանկերում իր կապիտալի մեծությամբ զբաղեցրեց 5-րդ տեղը :

Ըստ «Անելիք» բանկ ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Գասարճեանի՝ գործընկերության մասին բանակցություններն սկսվել են 2 տարի առաջ: Իսկ «Կրեդիտ Բանկ Ս.Ա.Լ.» տնօրենների խորհրդի նախագահ Թարեք Խալիֆեն ասաց, որ Լիբանանի ԿԲ-ն հունիսին գրանցել է գործարքը:

«Կրեդիտ» բանկը Լիբանանում հիմնադրվել է 1981թ: Լիբանանյան բանկային համակարգում բրենդ է՝ ակտիվների ավելի քան 1 մլրդ դոլար ծավալով:

«Գործարքը վստահություն է` հայկական բանկային համակարգի նկատմամբ, և այդ վստահությունն ապացուցվեց նրանով, որ լիբանանյան ԿԲ-ն թույլ տվեց գործարքի կայացումը»,- ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

1990թ  ստեղծված «Անելիք»-ը միակ բանկն է Հայաստանում, որ ունի դուստր ձեռնարկություն Ռուսաստանում՝ «Անելիք բանկ Ռու» 100տոկոս բաժնեմասով: Ինչպես նաև դրամական փոխանցումներ իրականացնող առաջին հայկական բանկն է, որի 90-ականներին պահպանվում էր դրամական կապը Սփյուռքի հետ: Մինչ գործարքի կնքումը բանկի սեփականատերեր էին 4 ֆիզիկական անձինք` 25 տոկոս հավասար բաժնեմասերով:

«Նախկինում «Անելիք» բանկն իր կապիտալն ավելացնում էր շահույթների հաշվին,- ասում է «Անելիք» բանկ ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը,- բայց երբ օտարեկրյա կապիտալն սկսեց հետաքրքրություն ցուցաբերել հայկական բանկային համակարգի նկատմամբ, մեր բանկը ևս  ուզեց իր կապիտալը համալրել»:

Ըստ Թարեք Խալիֆեի՝ հայկական բանկային համակարգը տարածաշրջանում հավակնում է լինել բանկային կենտրոն: «Այդ է պատճառը,  որ մենք կնքեցինք այս գործարք,- ասում է Խալիֆեն,- Ճգնաժամերը կգան ու կգնան, բայց մեր գործընկերությունը կշարունակվի: Մեր նպատակները երկարաժամկետ են»:

«Եթե գործարք կնքող երկու կողմերն առաջնորդվել են տնտեսական ու ֆինանսական շահերով,  ապա իմ մղումները հայրենասիրական են. Լիբանանի կյանքում հայկական համայնքը, ունենալով կարևոր տեղ, հայրենիքում էլ պիտի ունենար ներդրում»,- ասում է  Հակոբ Գասարճեանը:

Դիտվել է 1349 անգամ:

Leave a Reply