Համահայկական օլիմպիադային կմասնակցի 133 աշակերտ
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 6, 2009 19:19
12 երկրներից 133 աշակերտ է հայտ ներկայացրել` այս տարի մասնակցելու ՀՀ Կրթության և գիտության նախարարության կազմակերպած հայոց լեզվի և գրականության 4-րդ համահայկական օլիմպիադային և հայագիտական գիտելիքների մրցույթին, որը կանցկացվի Ծաղկաձորում հուլիսի 10-17-ը:
Մրցույթը կազմակերպվում է 2003-ից` 2-ամյա պարբերականությամբ: Նպատակն է արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունը, օգնել նրանց ճանաչել հայրենիքը: 2007-ին մրցույթին մասնակցել է 9 երկրի 106 աշակերտ:
Օլիմպիադային կարող են մասնակցել 14 և բարձր տարիքի և համապատասխան գիտելիքներ ունեցող դպրոցականները: Օլիմպիադայի արդյունքներն ամփոփվելու են` ըստ հայոց լեզվի գրավոր և հայ գրականության բանավոր մրցույթների արդյունքների:
Հայագիտական գիտելիքների մրցույթին, որն ընդգրկում է հայոց պատմությանը և մշակույթին վերաբերող հարցեր, կարող են մասնակցել նաև ոչ հայախոս պատանիները՝ իրենց նախընտրած լեզուներով (այս տարի մասնակցում է 5 օտարազգի պատանի):
Հաղթողների համար սահմանվում են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի 3-ական մրցանակներ: Մրցությունն ու մրցանակաբաշխությունը լինելու է ըստ տարիքային խմբերի:
Մասնակիցների համար կկազմակերպվեն ասմունքի, ճարտասանության, հայրենասիրական երգի և այլ ստեղծագործական մրցույթներ, նաև մշակութային, ուսուցողական միջոցառումներ:






Facebook
Tweet This
Email This Post
