Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում երիտասարդ գրեթե չկա. հողերը մնում են անմշակ

Օրվա լուր | | July 6, 2009 18:53

Տավուշի մարզ, գյուղ ԱրծվաբերդՏավուշի մարզի ամենամեծ Արծվաբերդ գյուղում 17-23 տարեկան մոտ 250 երիտասարդ է ապրում, սահմանին ամենամոտ Չինարիում` մոտ 96: Սա երկու գյուղերի ընդհանուր բնակիչների մոտ 28-33 տոկոսն է կազմում:

Գյուղերում աշխատատեղ չկա. երիտասարդներն էլ փող աշխատելու հեռանկարով հիմնականում մեկնում են Ռուսաստան, երբեմն էլ Գերմանիա ու Հոլանդիա: «Էս ի՞նչ տեղ ա, որ ապրեմ, քեռիս կանչել ա, Հոլանդիա եմ գնալու, հո չե՞մ ծնվել որ չոբան ըլնեմ»,-ասում է 17-ամյա Արմանը:

Արծվաբերդի գյուղապետ Վոլոդիա Ուզունյանն ասում է, որ գյուղի երիտասարդը, իր ծնողների աշխատանքն ու դրա դիմաց չնչին եկամուտը տեսնելով, չի ցանկանում անասնապահությամբ կամ գյուղատնտեսությամբ զբաղվել:

«Սրանից 10 տարի առաջ մարդիկ կռվում էին մեկ-երկու մետր հողակտորի համար, իրարից նեղանում էին, գործը հասնում էր դատարան: Այսօր անտեր հողերը շատ են, գյուղում տարեցներն են մնացել, մեկ էլ ուսուցիչները, նրանք էլ բավարարվում են 2000 մ հողատարածքով»,-ասում է գյուղապետը:

Վերջին մեկ-երկու տարում մոտ 33 տոկոսով կրճատվել է Արծվաբերդ, Նորաշեն, Վերին Կարմիր Աղբյուր գյուղերի գյուղատնտեսության ծավալները: Նույնը`անասնապահության դեպքում. այսօր մանր ու խոշոր եղջերավոր անասուններ է պահում երեք գյուղերի ընտանիքների ընդամենը 55-60 տոկոսը:

Գյուղապետերի տրամադրած տվյալներով` երեք գյուղերի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից մշակվում է միայն 35 տոկոսը: Գյուղացիները կամովի հրաժարվում են իրենց հողատարածքներից, քանի որ չունեն այն մշակելու բավարար ռեսուրսներ:

Գայանե Ասրյան

Դիտվել է 2496 անգամ:
Print Friendly

Leave a Reply