Իգոր Նիկոլաև. «ճգնաժամի հաղթահարման ծրագրերից լավագույնը Հայաստանի և Կիրգիզիայի ծրագրերն են»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | July 6, 2009 18:45

Իգոր Նիկոլայև2009-ի 1-ին կիսամյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամենամեծ աճն արձանագրվել է Ուզբեկստանում` 7,9 տոկոս, այնուհետ` Ադրբեջանում, Տաջիկստանում, Բելոռուսիայում և Կիրգիզիայում, իսկ ԱՊՀ մնացած երկրներում նկատվել է անկում, որը հատկապես մեծ է Ուկրաինայում` 20 տոկոս. այս մասին այսօր «Ռիա Նովոստի»-ի կազմակերպած «Երևան-Մոսկվա» տեսակամուրջի ժամանակ ասաց ռուսական «Ֆինանսական և հաշվապահական խորհրդատուներ» ընկերության ռազմավարական վերլուծության բաժնի տնօրեն Իգոր Նիկոլաևը:

Նիկոլաևի կարծիքով` ԱՊՀ երկրների` ճգնաժամի հաղթահարման ծրագրերից լավագույնը Հայաստանի և Կիրգիզիայի ծրագրերն են, «իսկ առհասարակ այս երկրները չունեն ճգնաժամը հաղթահարելու միասնական ծրագիր, ինչը նպաստում է ապաինտեգրացմանը: Ռուսաստանը ԱՊՀ-ի կենտրոնն է, որը թուլացել է ճգնաժամի հետևանքով»:

«Կենտրոնի թուլացումը նպաստում է կենտրոնախույս ուժերի աշխուժացմանը, ինչին և ականատես ենք հիմա: Տնտեսական ճգնաժամը փորձություն է ԱՊՀ-ի համար»,- ասում է Նիկոլաևը:

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն էլ ասում է, որ ԱՊՀ-ն կգոյատևի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանն ունի որոշակի հետաքրքրություն այդ կառույցի նկատմամբ:

«Ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ է ձևավորել միասնական առևտրային գոտի, ինչպիսին գործում էր ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ դրա ողջ տարածքում»,-ասում է ՌԴ Ռազմավարական մշակումների կենտրոնի նախագահ Միխաիլ Դմիտրիևը:

Տնտեսական ճգնաժամի ազդեցությունը, ըստ Դմիտրիևի, միանգամից զգալի եղավ ԱՊՀ երկրներում, քանի որ միջինասիական և կովկասյան երկրների վերջին տարիների տնտեսական վերելքը պայմանավորված էր ռուսական ներդրումներով: Դմիտրիևը նշում է, որ այդ երկրների ՀՆԱ-ի մի զգալի մասը կազմում էին Ռուսաստանում աշխատող միգրանտների կատարած փոխանցումները. օրինակ` Տաջիկստանի ՀՆԱ-ի 50 տոկոսը:

Դիտվել է 1638 անգամ:
Print Friendly

Leave a Reply