Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են երկկողմ տնտեսական գործակցության ընդլայնման հարցեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 16, 2010 15:04
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Չանչունին։
Ողջունելով դիվանագետին` վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ։ Այդ համատեքստում նա կարևորել է Հայաստանի մասնակցությունը «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին և քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության բացումը։
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ այս տարվա սեպտեմբերին` «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող հայկական մշակույթի օրերին, նախատեսվում է իր այցը Չինաստան։ Տիգրան Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ՉԺՀ կառավարության կողմից տրամադրվող տեխնիկական օժանդակության համար։ 2010 թ. հունիսի 2-ին ստորագրված հայ-չինական համաձայնագրով տեխնիկական-տնտեսական համագործակցության մասին ՀՀ կառավարությանը տրամադրվել էր 20 միլիոն չինական յուանի չափով անհատույց օգնություն և 88 շտապօգնության մեքենա։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Չանչունը ՀՀ վարչապետին է փոխանցել ՉԺՀ վարչապետի ողջույնները և նշել, որ Չինաստանը շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացմամբ։
Տիգրան Սարգսյանը և Թիան Չանչունը զրուցել են երկկողմ տնտեսական գործակցության ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ։ Մասնավորապես, քննարկվել են տնտեսական համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի և հայ-չինական գործարար համաժողովի կազմակերպման մանրամասներ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև հումանիտար կապերի զարգացման և ամրապնդման հարցերին։ Այդ համատեքստում բարձր է գնահատվել Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաճյուղի գործունեությունը։
Դիտվել է 1719 անգամ:
Print Friendly

Leave a Reply