«էլ ի՞նչ տղամարդ, որ կնոջ վրա չգոռա ու ձեռք չբարձրացնի…». հայկական մտածելակերպն ու կանանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | July 17, 2010 12:30

«Հիմա հաճախ են խոսում կանանց իրավունքների մասին: Բայց ինձ թվում է` մեզ մոտ այդ ամենի մասին խոսելն անգամ ծիծաղելի է: Կնոջը նսեմացնում, ոտնահարում են հենց ծննդյան օրից: Երբ աղջիկ է ծնվում, աչքալուսանքին հաջորդում է մխիթարանքը, թե` ոչինչ, հաջորդը տղա կլինիՉգիտեմ, գուցե մայրաքաղաքում այդպես չէ, սակայն գավառում, այն էլ` Երևանից 250 կմ հեռու գտնվող գյուղում, կինը որքա˜ն խոչընդոտներ պետք է հաղթահարի, որ կարողանա խոսել իր իրավունքների մասին: Այդ ի՞նչ դասընթաց պետք է կազմակերպեն գավառում ապրող կնոջ համար, որ իրավունք չունի քնելու այն ժամանակ, երբ սկեսրայրը դեռ արթուն է: Կամ ի՞նչ սոցիոլոգիական հարցում պետք է անցկացնեն, որ պարզեն, օրինակ` ի՞նչ է զգում այն կինը, որի համար բարձրակրունկ կոշիկներով գյուղամեջ գնալը երազ է, կամ կանանց խնդիրներով զբաղվող այդ ո՞ր հասարակական կազմակերպությունը կկարողանա մեղմել այն կնոջ վիշտը, որին ամուսնացրել են իր կամքին հակառակ …»: Այս տողերի հեղինակը 51-ամյա մի կին է` մանկավարժ, որն ապրում է Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում:

Ցավոք, նման խնդիրների լուծումը դեռ երկար ժամանակ կպահանջի` սոցիալական, հոգեբանական վերափոխումների շրջան, որը, միգուցե, տասնամյակներ տևի, սակայն բռնության այնպիսի դրսևորումներն ընտանիքում, ինչպիսիք են ստորացումը, ծեծը, ահաբեկումն ու խոշտանգումը, ոչ մի դեպքում չպետք է ենթարկվեն ժամանակի փորձությանը, քանի որ դրանք դուրս են և՛ ավանդականի, և՛ տվյալ հասարակության մեջ ձևավորված վարքուբարքի շրջանակներից, դրանք հանցագործություն են, որ պետք է բացահայտվեն ու պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Մասնագետներն ընտանեկան բռնությունն այսպես են սահմանում` արարքների մի ողջ շղթա, որով ընտանիքի մի անդամը հարկադրում է մյուսին կատարել իր ցանկությունները` վերջինիս հանդեպ վերահսկողություն հաստատելու համար:

Հայաստանում ընտանեկան բռնության ամենատարածված օրինակներից է հոգեբանական բռնությունը, որը դրսևորվում է մտավոր գերազանցություն ցուցադրելով, ստորացնելով, վիրավորական ածականներով դիմելով, ընտանիքից կամ բարեկամներից մեկուսացնելով: Ընտանեկան բռնության տեսակներից են նաև տնտեսական բռնությունը, որը դրսևորվում է դրամական միջոցներից զրկելով, աշխատելու կամ աշխատանք փնտրելու արգելքով, ֆիզիկական, սեռական բռնությունը, հալածանքն ու հետապնդումը, ահաբեկումը:

Ցանկացած մարդ կարող է ընտանեկան բռնության զոհ դառնալ` անկախ տարիքից, սեռից, սոցիալական վիճակից և այլն, սակայն աշխարհում ավելի հաճախ ընտանեկան բռնության զոհ են դառնում կանայք:

Միայն ԱՄՆ-ում յուրաքանչյուր չորրորդ կին կյանքում թեկուզ մեկ անգամ ընտանեկան բռնության զոհ է դառնում: Իսկ Միչիգանի նահանգի ոստիկանության վարչության վիճակագրությունը վկայում է, որ Միչիգանում յուրաքանչյուր հինգերորդ օրը մեկ մի կին է զոհվում իր ներկա կամ նախկին զուգընկերոջ ձեռքով: Ընդ որում, այդ սպանությունների 75%-ը կատարվում է այն ժամանակ, երբ զուգընկերների միջև հարաբերություններն արդեն խզվել են, կամ կանայք փորձում են դա անել:

Թվում է` մեր իրականությունը հեռու է այս ամենից: Շատերի համար այս մասին խոսելն անգամ ավելորդ է, սակայն փաստերը վկայում են, որ Հայաստանում ևս այս երևույթները խիստ տարածված են, հատկապես մեր կարծրատիպային հասարակությունում, որտեղ տղամարդու թվացյալ գերազանցությունը կնոջից դառնում է հազարավոր կանանց ու աղջիկների դժբախտության պատճառ: Այլ հարց է, որ այդ ամենը խնամքով թաքցվում է ընտանիքի «սուրբ» պատերի ներսում:

Հետաքրքիր վիճակագրական տվյալներ է ներկայացնում «Կանանց իրավունքների կենտրոն» (ԿԻԿ) հասարակական կազմակերպությունը, որը հիմնականում զբաղվում է Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրներով: Ըստ այդ տվյալների` 2009 թ. կազմակերպության Ազգային թեժ գծի հեռախոսահամարին զանգահարել է 435 կին, որոնցից 311-ը (71%) ենթարկվել է հոգեբանական բռնության, 120-ը (28%)` ֆիզիկական, 4-ը (1%)` սեռական: Իսկ կազմակերպության ճգնաժամային կենտրոն, անցյալ տարվա տվյալներով, եղել է 268 այցելություն, որից 195-ը (72%)` ընտանիքում կնոջը հոգեբանական ճնշման ենթարկելու վերաբերյալ, 67-ը (25%)` ֆիզիկական, 6-ը (3%)` սեռական: Այս ամենը, սակայն, այն դեպքում, երբ բռնությունն այլևս անտանելի է դարձել, իսկ հազարավոր կանայք այդպես էլ չեն համարձակվում իրենց խնդիրների մասին բարձրաձայնել` խուսափելով ամուսնալուծությունից, երեխաների ու հասարակության կարծիքից, վախենալով ամուսնու կողմից այլ բռնարարքների դրսևորումից:

Ինչպես նշում է ԿԻԿ-ի ճգնաժամային կենտրոնի հոգեբան Սոնա Գրիգորյանը, հայ կանայք իրենց վիճակի մասին խոսում են այն ժամանակ, երբ «դանակը հասնում է ոսկորին».

«Մեզ դիմում են այն կանայք, ովքեր ամուսնու հետ լեզու գտնելու և ընտանիքը փրկելու բոլոր միջոցները սպառել են, ընդհուպ մինչև ինքնասպանության փորձ,- ասում է հոգեբանը: – Սակայն այդ իրավիճակում արդեն խնդիրը լուծելն էլ է բարդանում»:

Հոգեբանը կարծում է, որ կանայք պետք է իրենց պաշտպանեն մինչև ամենավատթար վիճակին հասնելը. «Օրինակ` կինը պետք է պայքարի այն պահից, երբ ամուսինը, իմանալով, որ աղջիկ է ունենալու, փոխում է վերաբերմունքը նրա նկատմամբ»,- կարծում է հոգեբանը` նշելով, որ այդ ժամանակից էլ ծնվում բռնությունը:

Բռնությունը, որպես կանոն, ձեռքբերովի վարքագիծ է. այն ուժեղանում է հատկապես թմրանյութեր և ալկոհոլ օգտագործելու դեպքում: Սակայն կանանցից շատերը (ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում) չեն համարում, որ իրենց վիրավորել կամ ծեծել են, չեն կարծում, թե իրենց զուգընկերոջ վերաբերմունքը բռնակալական է, համարում են, որ դա միայն մեկ հարված է, այլ ոչ վարքագիծ: Հոգեբանները հավաստում են, որ հենց այդ մտածողությունն էլ հանգեցնում է մեկ հարվածը բազմապատկելու անխուսափելի իրողությանը:

Ըստ ԿԻԿ-ի մեկ այլ վիճակագրության` Հայաստանի 10 կանանցից 6-ը կարծում են, որ «լավ կինը միշտ ենթարկվում է իր ամուսնուն` նույնիսկ համաձայն չլինելու դեպքում», «ամուսնու համար կարևոր է ցույց տալ իր կնոջը, թե ով է ղեկավարում տունը», և 10 կանանցից 4-ն են համաձայնել, որ կինն իրավունք ունի ընտրելու իր ընկերներին, նույնիսկ եթե ամուսինը նրանց չի հավանում: Գրեթե բոլոր կանայք, սակայն, համաձայնել են, որ «ամուսինը երբեք չպետք է հարվածի կնոջը»:

Հայաստանի տասը մարզերում ԿԻԿ-ն ունի ներկայացուցիչներ և կանանց ակտիվ խմբեր, իսկ չորս մարզկենտրոններում` ճգնաժամային կենտրոններ:

Հոգեբանը նշում է նաև, որ մարզերում ու մայրաքաղաքում իրավիճակը շատ չի տարբերվում:

Դեպքերն ու օրինակները մեկը մյուսից զարհուրելի են ու զավեշտալի. օրինակ` հոգեբանը ներկայացնում է մի դեպք, երբ կնոջը տնից վռնդել են միայն այն պատճառով, որ նա երեք աղջիկ է լույս աշխարհ բերել: Զարմանալին այն է, որ աղջիկ երեխաների նկատմամբ այդպիսի անողոք ու անհանդուրժող վերաբերմունք դրսևորող հայրն ու սկեսուրը դուստրերին չեն տվել մորը, այլ պահել են իրենց մոտ: Մեկ այլ դեպքում էլ ամուսինն իր չորս-հինգ տարեկան որդուն առևանգել է, տարել մայրաքաղաք, ստիպել, որ մուրացկանությամբ զբաղվի: Մորը ոչ մի կերպ չի հաջողվել երեխային հետ վերադարձնել` անիրազեկության և իր իրավունքների մասին չիմանալու պատճառով: Միայն հիսուն օր անց, երբ կինը պարզել է, որ որպես միայնակ մայր (ամուսինները զագսավորված չեն եղել) ինքն իրավունք ունի երեխային իր մոտ պահելու, կարողացել է որդուն ամուսնու ձեռքից հետ վերցնել:

Կենտրոնի իրավաբան Ասյա Մկրտչյանի խոսքով` իրենց խնդիրը կնոջն ամուսնալուծության մղելը չէ, ընդհակառակը` շատ դեպքերում իրենք փորձում են կնոջը բացատրել, որ տվյալ դեպքում ամուսնալուծությունը խնդրի լուծման լավագույն ելքը չէ:

«Մեր խնդիրը կանանց իրենց իրավունքների մասին տեղեկացնելն է,-ասում է նա,- սակայն որոշում կայացնողն իրենք են: Ցավոք, ճգնաժամային կենտրոն դիմած կանանց մեծ մասն արդեն այն սահմանագծին է լինում, երբ ամուսնալուծությունն անխուսափելի է. դատարանի կողմից տրված հաշտության ժամկետը (1-3 ամիս) ևս ոչինչ չի փոխում»:

«Երբ կինը դիմում է մեր կենտրոն, նրա ինքնագնահատականը շատ ցածր է լինում, և մեր խնդիրը, նախ, կնոջ ինքնագնահատականը բարձրացնելն է,- ասում է հոգեբանը: – Օրինակ` մի կին էր եկել` մի քիչ թմբլիկ, բայց շատ հաճելի ու խնամված արտաքինով: Նա շարունակ կրկնում էր, որ ինքը շատ տգեղ է ու գեր, ամուսինն ասել էր` «ոնց որ կալբասի մատերյալ լինես», կամ` «որ ես քեզ չտանեի, ի՞նչ պիտի անեիր» և այլն: Այդ ամենն այնքան հաճախ էր ասվել, որ կնոջը թվում էր, թե ինքն իսկապես շատ վատն է»:

Ընդհանրապես, թեժ գծի հեռախոսահամարով զանգահարող կամ ճգնաժամային կենտրոն այցելած կանանց մեծ մասը նույն հոգեվիճակն ու վարքագիծն ունի` ցածր ինքնագնահատական, ապագայի նկատմամբ անորոշություն, ցրվածություն, դեպրեսիա, վախ:

Ըստ հոգեբանի` այդ ամենն անմիջականորեն ազդում է երեխաների վրա, քանի որ վերջիններս «որսում են մոր էմոցիոնալ վիճակը և հաճախ, մեծանալուց հետո, մեղադրում հենց մորը, որ դիմացել է և իրենց էլ «ստիպել» ապրել այդ միջավայրում»:

Հոգեբանի խոսքով` իրենք աշխատանքներ են տանում նաև իրենց դիմած կանանց երեխաների հետ, որպեսզի նրանք դուրս գան ծանր հոգեվիճակից և հետագայում չընդօրինակեն այդ բռնարարքները:

Ընտանեկան բռնության հիմքը, ըստ հոգեբանի, գենդերային բռնությունն է, ուստի, նախ և առաջ, պետք է պայքարել դրա դեմ: Սակայն ինչպե՞ս, եթե մեր հասարակության մեջ շատ աղջիկների ու կանանց համար կոպտությունը, խստությունը, գոռալը, երբեմն անգամ` բռունցքը «տղամարդկության» նշան է համարվում: «էլ ի՞նչ տղամարդ, որ կնոջ վրա չգոռա ու ձեռք չբարձրացնի». ցավոք, այսպես են մտածում ոչ միայն հայ տղամարդկանց մեծ մասը, այլև շատ կանայք:

«Կանանց ու աղջիկների մի մեծ խումբ իրենց զուգընկերոջ խանդն ընկալում է որպես հոգատարության դրսևորում, իսկ խանդի բացակայությունը` չսիրելու նշան,- ասում է հոգեբանը: – Երբեմն էլ կինը նորմալ է համարում, որ տղամարդը պետք է խփի կամ ծեծի իրեն. դա կնոջ ինքնագնահատականի ցածր լինելու մասին է վկայում»:

Սակայն ընտանիքում բռնարարները միայն ամուսինները չեն. հաճախ բռնարար են սկեսուրը, սկեսրայրը, տեգրը, տալը կամ ընտանիքի մյուս անդամները: Միևնույն ժամանակ ԿԻԿ-ի ճգնաժամային կենտրոնի աշխատակիցները նշում են, որ տարեցտարի սկեսուրների կողմից բռնության ենթարկվելու պատճառով իրենց կենտրոն դիմող կանանց թիվը զգալիորեն նվազել է: «Օրինակ` մի դեպք ունենք, երբ սկեսուրն է հարսին մեզ մոտ բերել` որդուց պաշտպանելու նպատակով»,- ասում է հոգեբանը:

Եղել է նաև դեպք, երբ մի տղամարդ է զանգել` հայտնելով, որ կինը խաբել է իրեն. իր համաձայնությամբ կինը վաճառել է ունեցվածքն ու տունը, մեկնել արտերկիր` խոստանալով ամուսնուն էլ տանել, սակայն այդպես էլ խոստումը չի կատարել: Կանանց շահերը ներկայացնող կազմակերպությունը ոչնչով չի կարողացել օգնել տղամարդուն, բացի հոգեբանական զրույց անցկացնելուց:

Վստահության հեռախոսային անվճար ծառայությունն իրականացվում է 1997 թվականից: Դրա նպատակն է՝ բացահայտել ընտանեկան բռնության դեպքերը, տրամադրել անվճար հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն ընտանեկան բռնությունից տուժած կանանց և նրանց երեխաներին:

Ազգային թեժ գծին զանգահարողները, ըստ հոգեբանի, ստանում են նախնական խորհրդատվություն, որը նպաստում է կնոջ հոգեկան հավասարակշռության վերականգնմանն ու հետագա քայլերի հստակեցմանը: Եթե պարզվում է, որ խնդիրը միայն հեռախոսային զրույցի միջոցով հնարավոր չէ լուծել, կինը հնարավորություն է ստանում այցելել խորհրդատվական կենտրոն` մասնագիտական լուծումներ ստանալու կենտրոնի մասնագետների կողմից: Իսկ այն դեպքերում, երբ կնոջ ու նրա երեխաների առողջությանն ու կյանքին ընտանիքում վտանգ է սպառնում, նրանք ուղղորդվում են ժամանակավոր ապաստարան:

Եթե նախկինում ազգային թեժ գծի հեռախոսահամարին կանանց զանգերի թիվը բավական փոքր էր, ապա այսօր օրական միջինը 5-15 զանգ է լինում, որը, ըստ հոգեբանի, վկայում է հասարակության շրջանում իրազեկման մակարդակի բարձրացման մասին:

Կազմակերպության նախագահ Սուսաննա Վարդանյանը նշում է, որ տարիներ առաջ, երբ Հայաստանում հիմնվեց այս կազմակերպությունը, շատերն իրենց գործունեությունը քարկոծում էին` այն պատճառաբանությամբ, թե հայ ընտանիքը սրբություն է, և ոչ ոք իրավունք չունի խառնվելու ուրիշի ընտանիքի գործերին, քանի որ դրանով կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան օգնել: Այսօր արդեն իրավիճակն ու ընկալումն այլ են թե՛ հասարակության և թե՛ պետական մարմինների կողմից:

«Այսօր գենդերային հավասարության խնդիրներն արդեն պետական մակարդակով են քննարկվում,- ասում է Սուսաննա Վարդանյանը,- դրա վկայությունն է «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրի մշակումը, գենդերային հարցերով զբաղվող` վարչապետին կից ստեղծված խորհուրդը և այլն»:

Վարդանյանը նաև նշում է, որ իրենց կազմակերպությունում մշակվել և կառավարությանն է ներկայացվել «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը («Ընտանեկան բռնության մասին» օրենք ՀՀ-ում դեռևս գոյություն չունի):

Նա վստահ է, որ եթե նախագիծն օրենքի ուժ ստանա և շրջանառության մեջ մտնի, շատ ու շատ հարցեր ևս իրենց լուծումը կստանան, քանի որ այսօր իրենք կանանց կարողանում են օգնել այնքան, որքան ներկայիս օրենսդրությունն է թույլ տալիս:

Եթե ընտանիքում ձեր իրավունքները ոտնահարվում են, եթե դուք պարբերաբար բռնության եք ենթարկվում ընտանիքի որևէ անդամի կողմից, ապա զանգահարեք

ԿԻԿի ազգային թեժ գիծ` հետևյալ հեռախոսահամարներով.

Երևանում` (010) 54 28 28 կամ 0-80 0-80 850 (շուրջօրյա)

Գավառում` 0 264 2 69 19

Վանաձորում` 0 322 2 50 88

Իջևանում` 0 263 4 01 14

Կապանում` 0 285 2 31 40

Տեղեկատվության գաղտնիությունը երաշխավորվում է:

Դիտվել է 4239 անգամ:
Print Friendly

Leave a Reply