Հայաստանում գործում է 14 դեղ արտադրող ընկերություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 16, 2010 13:38
Հայաստանում գործում է 14 դեղ արտադրող ընկերություն եւ գրանցված է հայրենական արտադրության շուրջ 300 դեղ: Դեռեւս 2005թ-ին Հայաստանում գրանցված է եղել հայրենական արտադրության 28 դեղ: Ինչպես այսօր Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը, երկրում դեղ արտադրելը ռազմավարական նշանակություն ունի:
Այն կարեւորվում է հատկապես պատերազմների, բնական աղետների ժամանակ, երբ դեղ արտադրող ընկերությունը կարողանում է խիստ անհրաժեշտ դեղամիջոցներն ապահովել: Ըստ Ս. Զաքարյանի` հանրապետության դեղ արտադրող ընկերություններն արտադրանքի 50 տոկոսից ավելին արտահանում են, իսկ մնացածն իրացնում տեղական շուկայում: Հայաստանում արտադրված դեղերն արտահանվում են հիմնականում Ռուսաստան, Ուզբեկստան, Վրաստան, Բելառուս, Մոլդովա, Թուրքմենստան, Ուկրաինա, Տաջիկստան, Ղրղզստան: «Կան եվրոպական երկրներ, որոնք ներմուծման համար պահանջում են հավաստագիր, որը վկայում է այն մասին, որ արտադրված դեղորայքը հատուկ սահմանված չափանիշներին է համապատասխանում` սկսած օդի մաքրությունից մինչեւ բարձրակարգ մասնագետների ապահովում:
Հայկական արտադրության դեղերն այդ չափանիշներին համապատասխան են արտադրվում, պարզապես հավաստագիր չունեն: Դա ձեռքբերելու համար որոշակի քայլեր են իրականացվում»,-ասաց Ս. Զաքարյանը: Միությունն իրականացնում է «Ճանաչեք դեղ արտադրողին» ակցիան, որի շրջանակներում մի շարք միջոցառումներ է նախատեսվում: Նպատակն է հասարակության շրջանում հայկական արտադրության դեղորայքը ճանաչելի դարձնելը:






Facebook
Tweet This
Email This Post
