Փոքր սփոփանքներ
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | July 20, 2010 11:22
Թեև բասկետբոլիստուհիների Հայաստանի հավաքականը Երևանում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի կանանց մրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը, այդուհանդերձ, իրավունք ստացավ հաջորդ տարի խաղալու B դիվիզիոնում, որում ավելի լուրջ մրցակիցներ են լինելու: Ի դեպ, տանտիրուհիները խմբային մրցաշարում առավելության հասնելով Ջիբրալթարի (77:47), Մոլդովայի (71:64), Անդորրայի (71:47), իսկ կիսաեզրափակչում` Շոտլանդիայի (86:63) հավաքականների նկատմամբ, հնարավորություն էին ստացել պայքարելու առաջին տեղի համար: Ահա թե ինչու եզրափակիչ` Մալթայի ընտրանու հետ խաղի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր, քանի որ երկու թիմերն էլ մինչ այդ չէին ճաշակել պարտության դառնությունը: Սակայն մալթացիները ոչ մի հույս չթողեցին տանտիրուհիներին և, հենց սկզբից տիրելով նախաձեռնությանը` առավելություն ստանալով, այն պահեցին մինչև վերջ:
Հանդիպման ընթացքում` երկրորդ կեսի միջնամասում, մերոնք մոտ էին հաշիվը հավասարացնելուն, սակայն չստացվեց: Իսկ վերջում, երբ 5-րդ զգուշացումը ստանալով խաղահրապարակը լքեց մեր թիմի խաղի կազմակերպիչ Ամանդա Ջեքսոնը, ապա պարզ դարձավ, որ այլևս ոչ մի բան փոխելու հնարավորություն չկա: Ի վերջո, լարված այդ խաղում 65:74 հաշվով հաղթեցին մալթացիները: Մերոնց համար, թերևս, փոքր սփոփանք կարելի է համարել, որ Քրիստինե Քեփենեկյանը ճանաչվեց այս մրցաշարի լավագույն բասկետբոլիստուհի: Նա նաև ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում: Նույն պատվին արժանացավ նաև Ջեքսոնը: Ընդ որում, այս երկու մարզուհիներն էլ բնակվում են ԱՄՆ-ում, և երկուսն էլ այս մրցաշարում տարան Հայաստանի հավաքականի խաղերի հիմնական ծանրությունը: Ի դեպ, մեր երկրի ընտրանին երրորդ անգամ էր հանդես գալիս Եվրոպայի առաջնությունում: Առաջին անգամ` 1998-ին, այն 8 թիմերի մասնակցությամբ մրցաշարում ճանաչվել էր 7-րդը, իսկ 2004-ին արդեն 4-րդն էր 10 թիմերի պայքարում: Այնպես որ, առաջընթացն ակնառու է: Իսկ այս ամենը կազմակերպելու համար շուրջ 55 մլն դրամ էր պահանջվել: Եվ հավաքականի ղեկն էլ վստահվել էր Թբիլիսիում բնակվող Երևանի «Հատիս» բասկետբոլիստուհիների ակումբի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանին: Փաստը խոսուն է և վկայում է այն մասին, որ Հայաստանում բարձրակարգ մարզիչների պակաս կա: Բասկետբոլիստուհիների հարցում էլ խնդիրը նույնն է: Եվ հրավիրվել էին այն բոլոր մարզուհիները, ովքեր կարող էին օգտակար լինել: ԱՄՆ-ից եկել էր նաև Արփինե Ամիրխանյանը: Ի դեպ, նա և Քեփենեկյանն անկախացումից հետո են Հայաստանից տեղափոխվել: Ինչևէ, կարևորն այն էր, որ երկուսն էլ իրենց լավ դրսևորեցին: Հավելենք, որ երրորդ մրցանակակիր դարձավ Շոտլանդիայի ընտրանին, որը 88:63 հաշվով առավելության հասավ Մոլդովայի հավաքականի նկատմամբ: Ապա հաջորդեցին Ուելսի, Անդորրայի, Ջիբրալթարի հավաքականները:
Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏՈ
Մրցաշարի ավարտից հետո հետաքրքիր էր, թե ինչ է լինելու Հայաստանի հավաքականի ճակատագիրը, որը կազմավորվել էր ստուգատեսի նախաշեմին: Այդ մասին հարցրինք Գիա Ղազանչյանին:
– Նախ` ասեմ, որ մրցաշարի խաղամակարդակը ցածր չէր: Մալթայի հավաքականը ուժեղ է և կարող է վստահ հանդես գալ նաև B դիվիզիոնում: Ի տարբերություն Հայաստանի հավաքականի, այն ունի պահեստայինների երկար նստարան: Բացի այդ, եթե Հայաստան-Մալթա խաղի ժամանակ մեր երկրի թիմի կենտրոնականը 2 միավոր բերեց, ապա նրանց կենտրոնականը` 22 միավոր: Փաստորեն, մենք առանց բարձրահասակ խաղացողների էինք հանդես գալիս: Դա մեր ամենացավոտ խնդիրն է:
– Հնարավոր չէ՞ արտասահմանից բարձրահասակ բասկետբոլիստուհու հրավիրել:
– Այդ ժամանակ Ջեքսոնը չի խաղա:
– Ի՞նչը խանգարեց մեր հավաքականին առաջին տեղը զբաղեցնելու:
– Փոխարինողների պակասը: Իսկ խաղասկզբին մերոնք չկարողացան պայքարել:
– Հատկապես մեր թիմի անցկացրած ո՞ր խաղից եք գոհ:
– Մերոնք լավ անցկացրին Մոլդովայի ընտրանու հետ երկրորդ խաղակեսը: Մալթայի ընտրանու հետ էլ Հայաստանի հավաքականը երկրորդ կեսի սկզբին լավ հանդես եկավ, սակայն նախաձեռնությունը պահել չհաջողվեց: Խանգարեց այն, որ ստացած տուգանքների պատճառով Ջեքսոնը հայտնվեց խաղից դուրս:
– Եզրափակիչ խաղի մրցավարությունից գո՞հ եք:
– Եթե հանդիսականների բուռն քաջալերանքը չլիներ, չէի ասի, թե տանն ենք խաղում:
– Դուք նաև «Հատիսի» մարզիչն եք: Այդ թիմում Հայաստանի հավաքականի ո՞ր խաղացողները կհայտնվեն, երբ այն մասնակցի Ռուսաստանի առաջնությանը, Եվրոպայի գավաթի խաղարկությանը:
– Ամանդա Ջեքսոնը: Հնարավոր է նաև` Քեփենեկյանը: Դեռ պարզ չէ, թե ինչ մակարդակի թիմ ենք ստեղծելու: Հնարավոր է, որ կրկին վերադառնա սևամորթ Ռեդը:
– B դիվիզիոնի մրցաշարի մասին ի՞նչ է հայտնի:
– Այն կայանալու է այլ մրցակարգով, ինչպես «Հատիսը» խաղում էր եվրոպական ստուգատեսում:
– Ի՞նչ ծրագրեր կան:
– Ամեն բան պարզ կդառնա այս հուլիսի 20-ից հետո, երբ հստակեցվի, թե Ռուսաստանի նոր ձևաչափով առաջնությունն անցկացվելո՞ւ է, թե՞ ոչ: Հնարավոր է միանան Զարիցկայան և Վուլիչը: Պետք է հստակեցվի` մարզուհիների հետ երե՞ք, թե՞ ութ ամսով է խաղալու պայմանագիր կնքվելու:
– «Միկա» մարզասրահը հանդիսականների համար փոքր է, բացի այդ, ձմռանն այստեղ անտանելի ցուրտ է լինում, իսկ ամռանը` սպանող շոգ:
– Իրոք, անհարմարություններ կան: Բայց ցանկալի է, որ խաղանք այնտեղ, որտեղ մարզվում ենք: Իսկ դահլիճի հետ կապված խնդիրներ գոյություն ունեն: Որքան ինձ հայտնի է, մարզահամերգային համալիրի դահլիճից օգտվելու համար մեծ փողեր են ուզում:
– Առաջիկայում ի՞նչ եք անելու:
– Վերադառնալու եմ Թբիլիսի, որպեսզի Վրաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը նախապատրաստեմ Եվրոպայի առաջնությանը:
ՎԵՐՋՈՒՄ` ՏՀԱՃԻ ՄԱՍԻՆ
Երևանի «Միկա» մարզասրահը կոկիկ, հաճելի տեսք ունի: Սակայն այստեղ որոշակի խնդիրներ են ծագում, երբ հանդիսականների հոսքը մեծանում է: Հայաստանում խաղային մարզաձևերը սիրում են: Մասնավորապես, հանդիսականները պաշարել էին մարզասրահը, երբ անցկացվում էր երևանյան մրցաշարի եզրափակիչը: Եվ դարձյալ անհարմար վիճակ էր. մեծ թվով մարդիկ ոտքի վրա կանգնած էին հետևում խաղին: Եվ սա առաջին դեպքը չէ, երբ այս մարզասրահը չի տեղավորում բոլոր ներկա գտնվողներին: Երկու կարծիք լինել չի կարող, որ խաղերը պետք է անցկացվեն այնպիսի մրցավայրում, որում այդ կարգի խնդիր չի ծագի: Ընդ որում, Հայաստանի բասկետբոլիստուհիների հավաքականը հաջորդ տարի ավելի ուժեղ մրցակիցների է հյուրընկալելու սեփական հարկի տակ, և այդ խնդիրը պետք է կարգավորվի: Քանիցս խոսվել է այն մասին, որ մեր բասկետբոլիստուհիները կարող են խաղալ նաև Երևանի մարզահամերգային համալիրում: Ինչ վերաբերում է ՄՀՀ-ի սեփականատերերին, որոնք իրենց ուզած, այն էլ` ոչ այնքան իրատեսական գներն են դնում մարզադահլիճը վարձակալել ցանկացողների առջև, ապա հայկական սպորտին դրանով շատ են խանգարում և լուրջ խնդիրների առջև են կանգնեցնում: Ի վերջո, որևէ միջոցառման համար Հայաստանի կառավարության հատկացրած գումարների մեծ մասը գնում է ՄՀՀ-ի սեփականատերերի գրպանը: Մինչդեռ, այս կառույցը սեփականաշնորհելիս նրանք պարտավորվել էին, որ տարվա ընթացքում որոշ մարզական միջոցառումների անցկացման համար դահլիճն անվճար տրամադրել: Իսկ ավելի լավ առիթ, քան եվրոպական ստուգատեսի մասնակցող Հայաստանի բասկետբոլիստուհիների հավաքականին ընդառաջելն է, հազիվ թե գտնվի: Քանի որ, ի տարբերություն մի քանի այլ մարզաձևերի, բասկետբոլի ազգային ընտրանու խաղերին մարզասերներն ինքնակամ` առանց բերման ենթարկելու գալիս են, ապա մարզասրահի նստատեղերը դատարկ չեն մնա:
Ի դեպ, «Միկա» դահլիճում շատ շոգ էր: Եթե դահլիճի սեփականատերերը կարող են չմտածել զովացնող համակարգ տեղադրելու մասին, ապա կազմակերպիչներն այդ խնդիրը չպետք է անտեսեին: Ուշագրավ է, ձմռանը, երբ այս մարզասրահում բասկետբոլիստուհիների միջազգային մրցաշար էր կազմակերպվել, անտանելի ցուրտ էր, սակայն ջեռուցման համակարգը չէր աշխատեցվում` խնայողության նկատառումներով: Կազմակերպիչները չէին ցանկացել ավելորդ փողեր վատնել: Այս անգամ էլ հակառակ պատկերն էր: Հավաքվածները չէին դիմանում շոգին, ասես ջեռոցում էին հայտնվել: Մարզասրահի տանիքը թիթեղից է, իսկ պատերը հիմնականում ապակուց են: Այնպես որ, արևն արագորեն մարզասրահը վերածում է ջեռոցի:
Ընդհանրապես, երբ որևէ բան է կազմակերպվում, անհրաժեշտ է հարգել մարդկանց: Որքան էլ տարօրինակ է, բասկետբոլի խոշոր միջոցառում անցկացվեց, սակայն Հայաստանի տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչները մեծ անհարմարություններ էին զգում: Նախ` մամուլի կենտրոն հասկացություն չկար, այն գոյություն չուներ: Հանդիպումներից առաջ թիմերի կազմերի ցանկը գրչի մշակներին չէր տրամադրվում: Խաղից հետո էլ տեխնիկական արդյունքների մասին որևէ տեղեկություն չէր տրվում: Թիմերի մարզիչների մասնակցությամբ էլ մամուլի ասուլիսներ չէին կազմակերպվում: Ի դեպ, առաջնության ավարտից հետո Հայաստանի հավաքականի մարզչի հետ զրույցը լրագրողները ստիպված էին անցկացնել ոտքի վրա` «Միկա» մարզահամալիրի բակում: Իսկ մեր երկրի հավաքականի առաջատար բասկետբոլիստուհիներ Քեփենեկյանի, Ջեքսոնի հետ լրագրողները ստիպված էին զրուցել ուղղակի հանդերձարանի դռան առջև: Եթե հավելենք, որ այդ ամենը մեկ ժամից ավելի տևեց, ապա հասկանալի կլինի, թե ինչպիսի անհարմար վիճակում էին աշխատում հարցեր տվողները և նրանց պատասխանողները:






Facebook
Tweet This
Email This Post
