Հոկտեմբերին Տաթեւում կշահագործվի աշխարհի ամենաերկար ճոպանուղին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 16, 2010 11:27

Այս տարվա հոկտեմբերին «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում կառուցվող ճոպանուղին շահագործման կհանձնվի: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնելով, որ ճոպանուղին կունենա երկու կայան, որոնք կգտնվեն Հալիձոր եւ Տաթեւ գյուղերի շրջակայքում: Ըստ Զ. Ամատունու` սա ներկայումս աշխարհի ամենաերկար ճոպանուղին է, որի երկարությունը 5.7 կմ է: Կառուցման աշխատանքները սկսվել են դեռ անցած տարվա աշնանից: Ճոպանուղու երթուղին 12 րոպե է, եւ յուրաքանչյուր տրամվայում կարող է տեղավորվել 20-25 մարդ:

Ամենամեծ առավելությունն այն է, որ ճոպանուղին կգործի ե’ւ ամռանը, ե’ւ ձմռանը: Ճոպանուղու կառուցմամբ, սակայն, չի ավարտվի ,Տաթեւի վերածնունդե ծրագիրը, այն եռամյա է եւ կշարունակվի եւս երկու տարի: Այդ ընթացքում կհիմնանորոգվի Տաթեւի ճանապարհների մի մասը, իսկ մյուս մասը` կվերանորոգվի: Հիշեցնենք, որ դեռ անցած տարվանից Մրցունակության հիմնադրամը նախաձեռնել է «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է վերականգնել Տաթեւի վանական համալիրը եւ շրջակա տարածքը, ինչպես նաեւ կառուցել հյուրանոց, զարգացնել ենթակառուցվածքները եւ մշակել զբոսաշրջային արդյունքի տեսակներ, ինչպիսիք են ,խոհարարական զբոսաշրջությանե ուղեւորությունները եւ աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին:

Դիտվել է 1321 անգամ:
Print Friendly

Leave a Reply