Հայաստանում կենդանիներին պատվաստում են 8 հիվանդությունների դեմ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 16, 2010 11:23

Այս տարի 737 հազար գլուխ կենդանի է պատվաստվել դաբաղի եւ 476 հազար գլուխ` սիբիրախտի դեմ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության կենդանիների հիվանդությունների վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Գեւորգ Թովմասյանը: Նա նշեց, որ պետպատվերի շրջանակներում ամբողջ հանրապետությունում իրականացվում են անասունների ողջ գլխաքանակի պատվաստումներ` 8 հիվանդությունների դեմ:

Դրանք այն հիմնական հիվանդություններն են, որոնք հանդիպում են հանրապետությունում եւ կարող են նաեւ մարդուն փոխանցվել: Դրանցից են` սիբիրախտը, տուբերկուլյոզը, բրուցելյոզը, խոզերի տարատեսակ հիվանդությունները: «Այդ հիվանդությունները շուրջ տարին մեր վերահսկողության տակ են, եւ պարբերաբար իրականացնում ենք պատվաստումներ: Ստուգումներ իրականացնում ենք միայն բրուցելյոզի եւ աֆրիկյան ժանտախտի դեպքեր հայտնաբերելու համար, մնացածը միայն պատվաստում ենք»,-նշեց Գ. Թովմասյանը: Տեսչության կենդանիների հիվանդությունների վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի հավաստմամբ` այսօր ամենամեծ խնդիրը խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունն է, որի նկատմամբ ոչ մի պատվաստում եւ բուժում հնարավոր չէ իրականացնել:

Հիվանդացած կենդանուն պետք է միանգամից ոչնչացնել: Սակայն գոյություն ունի խոզերի դասական ժանտախտ հիվանդությունը, որի դեմ իրականացվում են պատվաստումներ: Այս տարի շուրջ 20 հազար գլուխ է պատվաստվել դասական ժանտախտի դեմ: Գ. Թովմասյանը նաեւ նշեց, որ այս տարի ֆինանսների սղության պատճառով դաբաղ հիվանդության դեմ մանր եղջերավոր կենդանիների պատվաստումներ չեն իրականացվում:

Դիտվել է 1289 անգամ:
Print Friendly

Leave a Reply