«Վա~յ, էս էն թիկնապահ աղջիկն ա»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 18, 2010 10:00

Սովորաբար ուժի խորհրդանիշը տղամարդն է, սակայն ժամանակի թելադրանքով նրանք այսօր մրցակիցներ  ունեն:  «Բերկուտ» թիկնապահական քոլեջը, առաջնորդվելով «Պաշտպանի՛ր ինքդ քեզ և ուրիշին» կարգախոսով, խախտում  է ուժեղ սեռի մասին մեր պատկերացումը և գեղեցիկ ու փխրուն սեռին  նույնպես  իր ուժերը դրսևորելու հնարավորություն է ընձեռում: Այլևս ժամանակավրեպ է «կնոջ տեղը միայն խոհանոցում է» արտահայտությունը: Այսօր կինը պատրաստ է լինել նաև թիկնապահ և ինչպես իր սեռակիցներին, այնպես էլ հակառակ  սեռին պաշտպանել վտանգից: Ժամանակակից կյանքում կնոջ պահանջմունքները փոխվել են:

Մարկոսյան Հեղինե ,17 տարեկան.  չի սիրում տնային գործերով զբաղվել, բայց անհրաժեշտության դեպքում կնախընտրի աման լվանալ: Իսկ խոհանոցային գործերից մեկ-մեկ աղցան պատրաստելու տրամադրություն է ունենում:

Ընկերուհիս սովորում էր  «Բերկուտ» թիկնապահական քոլեջում,  և երբ տեսա նրա ինքնապաշտպանական պատրաստվածությունը,  իմ մեջ նույնպես ցանկություն արթնացավ  գնալ նրա հետքերով: Իմ այս անսպասելի որոշումը ծնողներիս սրտով չէր, նրանք անմիջապես արձագանքեցին. «Թիկնապահությունն աղջկա համար ի՞նչ աշխատանք է, որ ուզում ես սովորես»: Ծնողներիս զարմանքին ավելացավ նաև շրջապատի ու բարեկամներիս զարմանքը: «Աղջիկը ո՞նց կարող է թիկնապահ լինել»,- անընդհատ  հարցնում էին նրանք:  Հակառակ բոլորի կասկածներին, կարողացա ապացուցել, որ աղջիկը նույնպես կարող է թիկնապահ լինել:   Առհասարակ մեր հասարակության մեջ  թիկնապահի մասնագիտության մասին պատկերացումները  մի քիչ խեղաթյուրված են: Շատերին թվում է, թե նման մասնագիտության տեր աղջիկները պետք է տձև մարմին ունենան, ձեռք բերեն  հակառակ սեռին բնորոշ վարքագիծ: Մինչդեռ իրականում,  կանացիությունն ու գեղեցիկ մարմինը պահպանելով, կարող  ես  թիկնապահ լինել, իսկ այս մասնագիտությունն առաջին հերթին օժանդակում է յուրաքանչյուրի  ինքնապաշտպանությանը: Անկեղծ ասած, այստեղ գալուց հետո կազմվածքս ավելի գեղեցկացել է, և այս տեսքն ինձ շատ է դուր գալիս:

Թիկնապահությունը հնարավորություն է ընձեռում դիմացինին նույնպես պաշտպանել: Իսկ  թիկնապահ դառնալու համար պահանջվում է անսահման աշխատասիրություն:

Շատ եմ ուզում փրկարար դառնալ և դրա համար որոշել եմ դպրոցն ավարտելուց հետո ուժերս փորձել Ֆիզկուլտուրայի ինստիտուտի համապատասխան բաժնում: Թաղամասում անծանոթներն ինձ մատնացույց են անում. «Վա~յ, էս էն թիկնապահ աղջիկն ա»: Երբեմն մարդիկ  իրենց ինձանից հեռու են պահում, խուսափում են հետս շփվել: Նույնիսկ դասարանցիներս  ինձ ասում են. «Մեզանից հեռու  մնա» (ծիծաղում է):  Պատահել է, որ փողոցում անծանոթ տղաները փորձել են ինձ անհանգստացնել` չիմանալով, թե  ինչ  մակարդակի է իմ ինքնապաշտպանությունը,  հետո ներողություն են խնդրել (ժպտում է):  Բացարձակ չեմ փոշմանել, որ թիկնահություն եմ սովորել: Հետագայում, եթե աղջիկ երեխա ունենամ, թույլ կտամ, որ նա նույնպես  ընտրի այս  ուղին:

Աղեկյան Մարիամ, 15 տարեկան. տնային գործերով չի սիրում զբաղվել, բայց եթե տան գործերն իրեն սպասեն, կգերադասի փոշեկուլով  սենյակները մաքրել: Խոհանոցային գործերով առանձնապես  ոգևորված չէ, բայց պատահել է,  որ    աղցան է պատրաստել:

Թիկնապահական քոլեջի մասին տեղեկացել եմ  գովազդից, ցանկացա, որ ես նույնպես դառնամ  քոլեջի սաներից: Այս մասնագիտության մեջ ինձ հետաքրքրեց  ինքնապաշտպանությունը: Դրանից բացի, էքստրեմալ իրավիճակների սիրահար եմ: Ծնողներս սկզբում չէին համակերպվում  իմ այդ որոշման հետ, հետո աստիճանաբար հարմարվեցին: Շրջապատում իմ որոշումը տարօրինակ էին համարում: Սկզբնական շրջանում մարդիկ խորթ հայացքով էին նայում ինձ, բայց հետագայում համակերպվեցին:

Երբեմն ընկերներս, դասարանցիներս վախենում են ինձնից, եթե մի բան ասում եմ,  չեն հակաճառում (ծիծաղում է), դա շատ լավ է: Չեմ կարծում, որ թիկնապահի մասնագիտությամբ կշարունակեմ աշխատել, դպրոցն ավարտելուց հետո ուժերս կփորձեմ բիզնեսի կառավարման ոլորտում: Սիրով թույլ կտամ,  որ հետագայում  իմ աղջիկը ընտրի թիկնապահի ուղին: Սա շատ կարևոր մասնագիտություն է, քանի որ յուրաքանչյուրը պետք է կարողանա  պաշտպանվել:

Վարդուհի  Սարգսյան, 17 տարեկան. տնային գործերով չի սիրում զբաղվել, բայց սիրում է, երբ ուրիշ աղջիկներ  զբաղվում են տնային գործերով: Խոհանոցային գործերի սիրահար չէ, բայց, եթե քաղցած լինի. և մայրիկն այդ պահին տանը չլինի, մի բան կպատրաստի քաղցը հագեցնելու համար:

Թիկնապահի մասնագիտությունն ամենասիրելին է եղել ինձ համար, դա էր պատճառը, որ երբ տանը հեռուստացույցով դիտեցի թիկնապահական քոլեջի գովազդը, անմիջապես ասացի` ես սովորելու եմ այնտեղ: Որոշումս անսպասելի էր ընտանիքիս անդամների համար, սակայն  ոչ զարմանալի, քանի որ մանկուց միշտ սիրել ու զբաղվել եմ սպորտով: Հարազատներս մի քիչ թերահավատորեն էին  վերաբերվում` կարծելով, թե չեմ կարող թիկնապահ լինել, սակայն կարողացա հակառակն ապացուցել և քոլեջն ավարտեցի բարձր գնահատականներով: Հպարտ եմ, որ ազգականներիս մեջ առաջին  թիկնապահ աղջիկն եմ: Այս քաջությունը հորիցս եմ ժառանգել, նա ազատամարտիկ է եղել և միշտ խորհուրդ էր տալիս, որ պետք է ուժեղ լինել, որպեսզի կարողանաս պաշտպանվել: Վստահորեն կարող եմ ասել, որ հորս խոսքը գործի  եմ  վերածել:

Մինչև այստեղ գալը ընկերներս վախենում էին ինձնից, իսկ այստեղ սովորելու ընթացքում, երբ ուժերս կրկնապատկվեցին,  նրանց զգոնությունն իմ նկատմամբ ավելի մեծացավ (ծիծաղում է): Հիմնականում տղաներ են իմ ընկերները, չնայած  ընկերուհիներ նույնպես ունեմ, նրանք իմ ներկայությունից ապահով ու հանգիստ են զգում իրենց: Օրինակ, եթե ինչ-որ մի բանի որոշում է լինում,  ընկերներս իմ խոսքով են առաջնորդվում, դա լավ է (ծիծաղում է):

Շատ է պատահել, որ փողոցով անցնելիս ասել են` «էս էն թիկնապահ աղջիկն ա»:  Մարդիկ ակամա մտածում են, թե թիկնապահները «վայրենի են»,   այդ պատճառով իրենց հեռու են պահում մեզանից (ծիծաղում է): Աղջիկ թիկնապահ լինելու համար պահանջվում է խիզախություն, միաժամանակ չմոռանալ կանացիության մասին. տղամարդկանց հետ շփվելով` չպետք է  ձեռք բերես նրանց վարքագիծն ու ժեստերը, թեպետ երբեմն պահեր են լինում, որ  պետք է մոռանաս հեզությունդ: Եթե քեզ վրա հարձակվում են, կարիք չկա հիշել սեռիդ մասին, այդ դեպում քեզնից պահանջվում է հնարավորինս խիզախորեն պաշտպանվել, այդ պահին պետք է մտածել, որ դիմացինից առավել ուժեղ ես: Հետագայում դեմ չեմ լինի, որ իմ աղջիկն ընտրի թիկնապահի ուղին: Այս օրերին  կենտրոնացած եմ ուսմանս վրա, ընդունելության քննությունների եմ մասնակցել և ուժերս փորձել եմ ԵՊՀ  ընդունվելու համար: Անհամբեր սպասում եմ օգոստոսին` վերջնական  արդյունքին: Եթե Աստծո հաջողությամբ ընդունվեմ,  հետագայում կարող եմ երկու գործով զբաղվել: Ոչինչ չի կարող ինձ հեռացնել թիկնապահի  մասնագիտությունից, մարդկանց  հո անպաշտպան չե՞մ  թողնելու (ծիծաղում է):

Դիտվել է 2721 անգամ:
Print Friendly

Leave a Reply