Ոչնչից մեծ աղմուկ. արժե՞ անհանգստանալ մեր երկրում հյուրընկալված իրանցիների ներկայությունից…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | August 20, 2010 9:08

Մեր փոքրիկ հանրապետությունում նկատելի են բոլոր անցուդարձերը: Իսկ վերջին ժամանակներս օտարերկրացիների, հատկապես Իրանի քաղաքացիների ներկայությունը մեր երկրում վաղուց արդեն տարաշխարհիկ բնույթ չունի: Այսօր այդ երևույթը փոխվել է անհասկանալի, գուցեև հասկանալի վախի զգացման. հաճախ ենք լսում, «դրանք կգան, կգրավեն մեզ»  արտահայտությունը:

Իհարկե, այս տարի հատկապես մեծ էր Իրանի քաղաքացիների հոսքը, ինչը  շատերին զայրացնում է. պատճառները պարզ են. իսլամական  երկիր է ,  այնտեղ կան նաև մեծ թվով ադրբեջանցիներ … Ցանկը կարելի է լրացնել ըստ յուրաքանչյուրի ընկալման:

Այդ նպատակով էլ փոքրիկ հարցախույզ անցկացրինք տեղացի հայերի շրջանում:

55-ամյա առևտրական Անդրանիկի կարծիքով.«Շատ վատ է, որ պարսիկների թիվը Հայաստանում ավելացել է.«Ես դեմ չեմ այն պարսիկներին, ովքեր ժամանակավոր են եկել` քաղաքը տեսնելու: Ես դեմ եմ նրանց, ովքեր փախչում են իրենց երկրից, գալիս են Հայաստանում տներ առնում ու այստեղ էլ մնում: Իսկ մեր հայերն էլ իրենց տները վաճառում են նրանց ու գնում` դրսում փող աշխատելու: Ուրիշ բաների մասին էլ չասեմ… Հենց միայն այն, որ մեր հայ աղջիկների հետ են ամուսնանում ու քրիստոնյա չեն, քիչ ա՞»:

Իսկ 19-ամյա մոդելավորող Սիլվա Սարդարյանը , որ  նույնպես վատ Է տրամադրված, հավելեց.«Պարսիկների թիվը մեր քաղաքում ավելացել է, ու դա լավ չէ, ամեն դեպքում ես դրան վատ եմ վերաբերվում, որովհետև նրանց ներկայությունը ցանկալի չէ ոչ մի քրիստոնյա հայի համար: Ամեն քայլափոխի հանդիպում ես պարսիկների, ովքեր հայ աղջիկների հետ են ման գալիս: Իսկ դա ինձ դուր չի գալիս» :

Ապագա լեզվաբան 18-ամյա Աննա Գրիգորյանի կարծիքն էլ  շատ չէր տարբերվում բացասական վերաբերմունք արտահայտող կարծիքներից.«Մի քանի տարի առաջ այս հարցին ես դրական կպատասխանեի, քանի որ յուրաքանչյուր անհատ ազատ ապրելու իրավունք ունի և ազատ է իր բնակության վայրն ընտրելու հարցում: Սակայն այսօր ես շատ վատ եմ վերաբերվում մեր քաղաքում նրանց ներկայության փաստին: Որովհետև պարսիկներն ընդարձակել են իրենց իրավունքների սահմանը ու չափից ավելի ազատ են իրենց զգում: Ինձ դուր չեն գալիս նաև հայ աղջիկների ամուսնությունները պարսիկների հետ: Մեր հայ տղաներն ինչո՞վ են պակաս: Մենք` հայերս, հայտնի ենք մեր հյուրասիրությամբ ու ջերմ վերաբերմունքով, բայց եթե հյուրերը չարաշահում են մեր բարությունը, ապա անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել»:

Պաշտոնական աղբյուրից` Միգրացիոն ծառայությունից այս առնչությամբ որոշակի  տեղեկատվություն ստանալու մեր բազմաթիվ փորձերն ապարդյուն էին. ՀՀ Միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանն անընդհատ զբաղված էր:  Որոշակի պաշտոնական տեղեկատվություն ներկայացնելու համար , պետք  է  դիմենք arka.am լրատվական կայքին , որտեղ պարոն Եգանյանը 2009 թ. հունիսի 25-ին  տված իր  հարցազրույցում հայտնել էր, որ Միգրացիոն ծառայությունում ՀՀ-ում ապաստան փնտրող  Իրանի քաղաքացիների ներհոսքի աճ չի գրանցվել: 2009 թ. սկզբին մոտ 70 հոգի դիմել է Հայաստանում ապաստանելու համար, սակայն դրանց մեջ չեն եղել Իրանի քաղաքացիներ: Գագիկ Եգանյանը նաև հավելել է, որ ՀՀ-ն, անկախ ապաստան փնտրող ներգաղթողների հոսքից, պետբյուջեի հաշվին լուծում է միայն ժամանակավոր կացարանի խնդիրը. հատուկ հանրակացարաններում նրանց համար նախատեսված է ընդամենը 50 բնակելի տեղ:

Անշարժ գույքի գործակալություններն ու հյուրանոցները պաշտոնական տեղեկատվությունից հետո թերևս առաջին աղբյուրներն  են, որոնք ՀՀ-ում Իրանի քաղաքացիների աճի մասին արժանահավատ տվյալներ կարող են հայտնել: Ուստի այն տեղեկությունները, որ ստացանք VVP  անշարժ գույքի գործակալությունից և «Տաթև», «Հյուր սերվիս» տուրիստական գործակալություններից, ինչպես նաև մի շարք հյուրանոցներից, բավականին խոսուն են:

VVP  անշարժ գույքի գործակալության   ներկայացուցիչ Հրայր Անտոնյանը հայտնեց. «Անցյալ տարիների համեմատությամբ աճը նկատելի է, հատկապես բնակարանների վարձակալության առումով: Իհարկե, միշտ էլ եկել են սովորելու , զբոսաշրջության: Իսկ անշարժ գույք ձեռք բերելու պարագայում թվերը նույնն են. միջին մակարդակ է»:

«Հյուր  սերվիսի» մենեջեր Նարինե Հարությունյանն ասում է . «Ընդհանուր աճ կա. մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում այն առավել նկատելի է: Այստեղ գալիս են նշելու իրենց Նոր տարին (Նովրուզ, մարտի 21)»:

Հյուրանոցներից մի քանիսում խուսափեցին հարցին պատասխանել, մի քանիսում էլ այդ պահին ոչ մի իրանցի այցելու չկար: Բայց հիմնականում պատասխանը մեկն էր. զբոսաշրջության գալիս են թե՛ իրանահայեր և թե՛ Իրանում ապրող այլ քաղաքացիներ` մոտավորապես հավասար քանակությամբ: Նրանք գալիս են հիմնականում իրենց ավանդական -ազգային տոները նշելու համար:

«Մեզ մոտ վաղուց Իրանից այցելուներ չեն եղել,- ասաց «Կ» հյուրանոցի ադմինիստրատորը:- Այս պահին էլ չկան: Նրանք մեզ մոտ գալիս են ոչ երկար ժամանակով` միջինը 2-3 օրով: Նրանց հետ երբեք խնդիրներ չենք ունեցել: Նրանց հետ  կապված միակ դժվարությունն ու յուրահատկությունն այն է, որ նրանք խոսում են միայն իրենց լեզվով. ընդհանրապես չեն բացատրվում հայերենով (բացառությամբ իրանահայերի) և անգլերենի հետ կապված մեծ դժվարություններ ունեն: Իսկ ընդհանուր առմամբ ոչ մի առանձնացող պահվածք չենք նկատել. հիմնականում հանգիստ են, լուռ: Հյուրանոցի ռեստորանում երբեք ազգային երեկույթներ չեն սարքում, աղմուկով չեն նշում տոները: Իրանցիների զանգվածային հոսքի վտանգ չկա, նույնիսկ մի մտածեք այդ մասին»:

Ինչպես երևում է, մեր հասարակության մտահոգությունը չափազանցված է:

Զարուհի Դիլանյան

Դիտվել է 1262 անգամ:
Print Friendly

Leave a Reply