Մայրության դպրոց` Արթիկում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 16, 2010 10:45

Հայաստանում նախածննդյան խնամքի որակի բարելավման նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Մոր ու մանկան առողջության բարելավման ծրագիրը (ՆՕՎԱ 2) բացել է երրորդ մայրության դպրոցը` Շիրակի մարզի Արթիկի Մոր և մանկան առողջության կենտրոնում:

ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում` մայրության դպրոցն անվճար դասեր է տրամադրում կանանց. խորհրդատվություն, ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածություն ծննդաբերությանը, տեղեկություններ ծննդաբերության ընթացքի, հղիության ընթացքում առողջ ապրելակերպի կարևորության և հետծննդյան շրջանի վերաբերյալ: Նաև խրախուսվում է ապագա հայրերի մասնակցությունը` հղիության և ծննդաբերության վերաբերյալ ընդհանուր գաղափար կազմելու և կնոջն աջակցելու նպատակով:

Սկսած 2008-ից մայրության դպրոցները բավական հայտնի դարձան ոչ միայն հղի կանանց շրջանում, ովքեր ցանկանում են տեղեկություններ իմանալ հղիությանն ու ծննդաբերությանն առնչվող հարցերի շուրջ, այլև բուժաշխատողների շրջանում, ովքեր մայրության դպրոցների միջոցով հնարավորություն ունեն ավելի լավ պատրաստել ապագա մայրերին ծննդաբերության և նորածնի խնամքի համար:

ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ 2 ծրագիրն աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների, վերարտադրողական առողջության և ընտանիքի պլանավորման ծառայությունների որակի բարելավման աշխատանքներում` բուժաշխատողների վերապատրաստման, բուժհաստատությունների ֆիզիկական ենթակառուցվածքի բարելավման, որակի ապահովման համակարգի ամրապնդման, կառավարման և վերահսկման ընդհանուր համակարգի բարելավման միջոցով: Ծրագրի աշխատանքները միաժամանակ ընթանում են համայնքային և բուժծառայությունների տրամադրման մակարդակներում` նպատակ ունենալով բարելավել բուժծառայությունների որակն ու հասանելիությունը և ապահովել բարելավումների կայունությունը: Ծրագիրն աշխատում է Իջևանի, Ստեփանավանի, Մարտունու, Հրազդանի և Ախուրյանի շրջաններում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության, առողջապահության մարզային վարչությունների, առաջատար բժշկական ուսումնական հաստատությունների, ընտրված տեղական հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցության միջոցով:

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply