«Ոսկե ծիրան» -7. մեկ շաբաթ կինոտոն Երևանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 16, 2010 10:56

Ծիրանի օրհնությունը սուրբ Զորավոր եկեղեցում

Այս օրերին  Երևանում շարունակվում է «Ոսկե ծիրան» -7 կինոփառատոնը: Ամբողջ Երևանը շնչում է «Ոսկե ծիրանով»: Քաղաքի մշակութային օջախներում ցուցադրվում են մրցութային, արտամրցութային, վավերագրական և խաղարկային ֆիլմեր,  պրեմիերաներ: Հանդիպումներ են կազմակերպված փառատոնի հյուրերի հետ, որոնցից շատերը Հայաստանում են առաջին անգամ, ասուլիսներ, աստղային գորգի բացում, ծիրանի օրհնություն….կոկտեյլ հյուրերի հետ, մեծարման երեկո և Փարաջանովյան «Թալերի» հանձնում, երեկոյան՝ ջազ, գիշերները՝ քննարկում «The Club» ակումբում կամ բացօթյա ցուցադրություն Սիրահարների այգում …

Միջոցառումներն այնքան շատ են  ու հագեցած, որ գործնականում անհնար է լինել ամեն տեղ և դիտել փառատոնի շրջանակներում ընտրված բոլոր ֆիլմերը:

Կինոտոնը մեկնարկեց կիրակի օրը՝ հուլիսի 11-ին: Նույն օրը երեկոյան Իսպանիան 1:0 հաշվով հաղթեց Հոլանդիային՝ այդպիսով ֆուտբոլի աշխարհի առաջնությունում առաջին անգամ նվաճելով չեմպիոնի տիտղոսը, իսկ մինչ խաղի սկիզբն ու փառատոնի պաշտոնական բացումը Երևանում քայլում էիր՝ ոտքից գլուխ թրջվելու վտանգն աչքիդ առաջ ունենալով: Այդ օրը նաև Վարդավառի տոնն էր: Երեք կարևոր միջոցառում՝ մեկ օրում:

Մինչ փառատոնի պաշտոնական բացումը, երբ վարչապետի ներկայությամբ բացվեց աստղերի գորգը, և  փառատոնի խորհրդանիշ հայկական ծիրանն օրհնվեց սուրբ  Զորավոր եկեղեցում, առավոտյան լրագրողների հետ հանդիպում էր կազմակերպված փառատոնի նախագահ Ատոմ Էգոյանի և կնոջ` Արսինե Խանջյանի հետ:

Փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը խոստովանեց, որ  իրեն չի լքում վախի զգացումը, թե մի օր փառատոնը կարող է  չբացվել: «Սակայն ես տեսնում եմ, որ  մենք օրեցօր ավելի ենք ամրապնդվում, և մեր հյուրերն ավելի ու ավելի են շատանում, իսկ անվստահությունը մեր նկատմամբ անհետանում է»,- ասաց նա:

Էգոյանն  ասաց, որ հուլիսյան այս այցելություններն իրենց համար շատ հուզական են. «Այս սրահում գտնվելն անգամ ինձ համար մեծ զգացական լիցք է պարունակում»: Հիմնական հանդիպումները կազմակերպվում են «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում:

Ձախից աջ՝ Հարություն Խաչատրյան, Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան

Էգոյանի  «Արարատը» ցուցադրվել  է աշխարհի 35 երկրներում և մեծ աղմուկ է բարձրացրել: «Երբ ես աշխատում էի «Արարատի» վրա, անշուշտ, աչքերիս առաջ էր Վեռնոյի «Մայրիկը»,- ասաց նա,- սակայն աշխատել եմ գտնել պատմությունը մատուցելու ձև, որովհետև կարևորը միայն պատմությունը ներկայացնելը չէ: Այն պետք է հետաքրքիր լինի այն մարդկանց համար, ովքեր դրանից դուրս են և դրա մասնակիցը չեն»:

Երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց հայ կինոսեր հանրությունը տեսավ առաջին աստղերի բացումը: Մենք էլ ունեցանք մեր աստղերը: Առայժմ դրանք չորսն են. Անրի Վեռնոյի որդին` Պատրիկ Մալաքյանը և ֆրանսահայ  կինոպրոդյուսեր Ալան Թերզյանը  բացեցին Անրի Վեռնոյի աստղը, Սերգեյ Փարաջանովի աստղը բացեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ բացեցին Համո Բեկնազարյանի և Ռուբեն Մամուլյանի աստղերը:

Կարմիր գորգի վրա քայլելով` հյուրերը, այդ թվում նաև Կլաուդիա Կարդինալեն, որ մարմնավորել է Վեռնոյի մորը «Մայրիկ» ֆիլմում, մտան «Մոսկվա» կինոթատրոն, որտեղ էլ սկսվեց կինոտոնի հանդիսավոր բացումը:

Հանդիսությունը վարում էր  ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը:  Ցուցադրվեց  Վեռնոյի «Մայրիկը»: Այս տարի լրանում է մեծ ռեժիսորի 90-ամյակը:  Նրա որդուն՝ Պատրիք Մալաքյանին, Փարաջանովյան «Թալեր» հանձնեց Ատոմ Էգոյանը:

Փառատոնի հյուրերից են կինոլեգենդ, իտալական կինոյի աստղ Կլաուդիա Կարդինալեն, Ատոմ Էգոյանը, Սերժ Ավետիքյանը,  Սեմիհ Կապլանօղլուն, ֆրանսիացի Քլեր Դենին,  ամերիկացի Ռոբ Նիլսոնը, հույն Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոնը և այլ ռեժիսորներ:

Կլաուդիա Կարդինալե, Հարություն Խաչատրյան

Հուլիսի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում մեծարանքի երեկո էր՝ նվիրված Կլաուդիա Կարդինալեին: Նրան Փարաջանովյան «Թալեր» հանձնեց Ատոմ Էգոյանը: Շնորհվեցին նաև ոսկե մեդալներ մշակույթի նախարարի ու Երևանի քաղաքապետի կողմից: Այնուհետև ցուցադրվեց  Լուկինո Վիսկոնտիի «Ընձառյուծը» (1963թ.) ֆիլմը, որը ժամանակին արժանացել է Կաննի «Ոսկե արմավենի» մրցանակին:

Փառատոնը կավարտվի հուլիսի 18-ին: Այն կեզրափակի ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Շների կղզին» ֆիլմը, որն անցյալ տարի Կաննի փառատոնում՝կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում արժանացել է «Ոսկե արմավենի» մրցանակի:  Մրցույթի ժյուրին ղեկավարել է Ատոմ Էգոյանը: Նա ասաց, որ որևէ միջամտություն իր կողմից չի եղել, և ժյուրին միաձայն որոշել է մրցանակը շնորհել այդ ֆիլմին: «Մենք պետք է սովորենք այն մտքին, որ բարձր բեմերից կարող է հնչել հայի անունը և ավելին` հայի աշխատանքը կարող է և չափազանց մրցունակ լինել»,- ասաց Էգոյանը:

Փառատոնն այս տարի ստացել է մոտ 500 հայտ աշխարհի 75 երկրներից, այդ թվում առաջին անգամ Հորդանանից, Նիկարագուայից, Վենեսուելայից, Կոստա Ռիկայից և այլն: Ցուցադրվում է մոտ 120 ֆիլմ:

Կինոփառատոնի 3 մրցութային ծրագրերը դատում են  միջազգային 5 ժյուրիներ` միջազգային խաղարկային, միջազգային վավերագրական, հայկական համայնապատկեր, ինչպես նաև ՖԻՊՐԵՍՍԻ-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի և Էկումենիկ կամ եկեղեցիների անկախ ժյուրի:

Կլաուդիա Կարդինալե

Կարդինալեն լրագրողներին պատմեց, որ ծնվել է Թունիսում, որտեղ  շատ պատահաբար հաղթել է գեղեցկության մրցույթում: Նա ուզեցել է ուսուցչուհի դառնալ: Իսկ մրցույթի առաջին մրցանակը Վենետիկ  ուղևորությունն էր, ուր նա մեկնել է արաբական հագուստներով:

«Վենետիկյան արարողության ժամանակ ես առանձնանում էի իմ հագուստով, և բոլոր պապարացիներն ինձ էին նկարում,- պատմում է Կարդինալեն,- ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում, ու ընդհանրապես չէի հասկանում, թե ինչու են  ինձ նկարում: Ինձ հարցնում էին, թե ուզու՞մ եմ արդյոք զբաղվել կինոդերասանությամբ, և  պատասխանում էի ՝ոչ»: Հետո, երբ վերադարձել է Թունիս, Վենետիկում լույս են տեսել բազմաթիվ հոդվածներ՝ «Աղջիկը, որը չի ուզում զբաղվել կինոկարիերայով» վերնագրով:

72-ամյա կինոաստղը  130 դեր է խաղացել կինոյում: «Հայտնի է, որ մարդիկ մեկ կյանք ունեն,- ասում է նա,- բայց ես 130 կյանք եմ ապրել. եղել եմ մարմնավաճառ ու արքայադուստր: Բոլոր դերերն էլ ինձ համար սիրելի են եղել, ու չունեմ ինձ համար նախընտրած ժանր կամ դեր»: Նա ասում է, որ իր գործում անհրաժեշտ է ուժեղ մարդ լինել, որպեսզի չկորցնես ինքդ քեզ ու կարողանաս հասկանալ, թե ով ես դու.«որովհետև այդ դերերում դու դառնում ես այդ մարդը, և պետք է շատ ուժեղ լինես, որպեսզի հաղթես այդ պայքարում»:

Դերասանուհուն հետաքրքրում է կերպարի տրանսֆորմացիան: Նա սիրում է միաժամանակ լինել տարբեր: Պատմում է, որ «Ընձառյուծն» ու «Ութ ու կեսը» նկարվել են զուգահեռ, սակայն կարողացել է միաժամանակ կերտել իրարից շատ տարբեր կերպարներ:

Սերժ Ավետիքյան, Ատոմ Էգոյան

Ինչպե՞ս կմարմնավորեր նա հայ կնոջ կերպարը, եթե այսօր նման առիթ ընձեռվեր: Դերասանուհին ասում է, որ ոչինչ էլ չէր փոխի այդ կերպարում: «Կինոյի նկարահանման ժամանակ շատ կարևոր են դերասանի փոխհարաբերությունները ռեժիսորի հետ,- մեկնաբանում է նա,- դու պետք է հետևես ռեժիսորի մտքերին, որպեսզի կարողանաս մարմնավորել այն կերպարը, որը կերտել է նա»:

Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթ

Մրցույթում ներկայացված է 12 ֆիլմ՝ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմը, որը Կաննի փառատոնում մեծ աղմուկ է հանել»:

Այս մրցույթում ընդգրկված է նաև հայ ռեժիսորների երկու աշխատանք` Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» և Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմերը:

Թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի «Կոսմոս» ֆիլմը, որը նկարահանված է Կարսում, արծարծում է  սահմանի ենթադրյալ բացման հետ կապված խնդիրներ: Տարբեր դիտանկյուններից ցույց է տրվում թուրքերի մոտեցումն այդ հարցում: «Սա մեր հողն է, որտեղ բոլորին ճանաչում ենք,- ասվում է ֆիլմի դրվագներից մեկում,- սահմանը բացենք, որ օտար խուժանը գա ու տե՞ր կանգնի մեր հողին, մտնի մեր ընտանի՞ք, տե­՞ր կանգնի մեր ունեցվածքին ու խարխլի՞ մեր ավանդույթները»: Մյուս կողմից` քարոզվում է, որ սահմանի բացումը ճիշտ քաղաքականություն է հարևանների հետ հարաբերություններ կառուցելու համար. «Առևտուրը կշատանա»: Այս ամենը տարբեր շերտերով մատուցվում է թափառաշրջիկ ու անտուն հերոսի արկածների ֆոնին, ով խոսում է բարու, չարի և մարդկային էությանն առնչվող հարցերի մասին: Ֆիլմում ռեժիսորական բազմաթիվ ցնցող կադրային լուծումներ կան, որոնք ազդում են հանդիսատեսի վրա:

Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթում ընդգրկված 14 ֆիլմերից մեկը`  գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի «Աղետ» ֆիլմը, Հայոց ցեղասպանության մասին է: Այն շատ մեծ աղմուկ է հանել Գերմանիայում: Ստեղծագործական խմբում ոչ մի հայ չկա, բայց ֆիլմը դիտելիս  տպավորություն է ստեղծվում, որ հայեր են աշխատել: Ռեժիսորը ֆիլմի ցուցադրությունից հետո Գերմանիայի թուրք բնակչության կողմից հազարավոր զայրալից նամակներ է ստացել:

Այս անվանակարգում է ընդգրկված նաև Էդգար Բաղդասարյանի «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմը:

Հայկական համայնապատկեր մրցույթում առաջին անգամ աշխատանք էր ներկայացրել  երիտասարդ ռեժիսոր Աննա Բայաթյանը. «Խոստացված հանդիպում»:

Իսկ «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմի համահեղինակ Արմեն Երիցյանը համոզված է, որ հայկական կինոարտադրության մեջ  ամենալուրջ խնդիրը պրոդյուսերական դպրոցի բացակայությունն է:

«Մեր ֆիլմերը միջազգային շուկայում ճիշտ ներկայացնելու, ցուցադրելու, բնականաբար ֆինանսավորում գտնելու և հասանելի դարձնելու խնդիր կա»,- ասում է նա:

Այս մրցույթին «Վենեսուելա» վավերագրական ֆիլմը ներկայացնող վենեսուելացի  ռեժիսոր Հայկ Ղազարյանը զարմացրեց շատերին՝ նկատելով, որ Հայաստանում երթևեկությունը չափազանց կանոնակարգված է, և փողոցն անցնելու կարգը չի խախտվում:

Նա նշեց, որ  կինոն մշակույթ փոխանցող ամենահզոր միջոցներից է և պետք է միշտ պահպանվի: «Լավ նախագծեր, իհարկե, կարող են լինել և պետական աջակցություն ունենալ, սակայն խնդիրը նաև ֆիլմերի հեղինակային իրավունքի պաշտպանությունն է,- ասաց նա:- Նկատել եմ, որ Երևանում փողոցների անցուդարձը, կարգուկանոնը վերահսկվում է: Նույն կերպ ՀՀ մշակույթի նախարարությունը պետք է ուշադրություն դարձնի Հայաստանում կինոարտադրողների հեղինակային իրավունքներին, որպեսզի ֆիլմի տված արդյունքը պահպանվի: Այս խնդիրը գոյություն ունի ամենուրեք»:

«Վենեսուելա» ֆիլմը մինչև «Ոսկե ծիրան» փառատոնին ներկայացվելը ցուցադրվել է 11 միջազգային փառատոներում և արժանացել 8 մրցանակի: Սա հեղինակի  առաջին այցելությունն է Հայաստան:

Անրի Վեռնոյի աստղի բացում

Համո Բեկնազարյանի աստղի բացումը

Դիտվել է 2250 անգամ:
Print Friendly

Leave a Reply