«Վրացիներն իրենց երկիրը դարձրել են թուրքական աղբանոց»

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | July 15, 2010 15:46

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի  կարծիքով` Վրաստանը Հայաստանին  համարում է իր թշնամի Ռուսաստանի հավատարիմ հպատակ, և Հայաստանին գազ մատակարարող մագիստրալը վաճառքի հանելը  ռազմավարական քայլ է` ուղղված Հայաստանի և Ռուսաստանի դեմ. «Վրաստանն այս քայլով իբրև թե թուլացնում է Ռուսաստանին` ձեռքի հետ ոչնչացնելով նաև Հայաստանին»: Շիրինյանը համոզված է, որ գազատարի վաճառքից հետո, ինչը կհանգեցնի Հայաստանի տնտեսության թուլացման, Վրաստանը Հայաստանին տարածքային պահանջներ կներկայացնի:

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որով Հայաստանին գազ մատակարարող հյուսիս-հարավ գազամուղը հանվում է սեփականաշնորհման ոչ ենթակա օբյեկտների ցուցակից:  Գազամուղի մասնավորեցումը նախաձեռնել է իշխող կուսակցության անդամ, Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Պավել Կուլբաշվիլին: Փորձագետ Վահե Սարգսյանի կարծիքով` մինչև ամսվա վերջ վրացական խորհրդարանը կընդունի օրինագիծը:

Քաղաքագետ Շիրինյանն  ասում է, որ պատմությունը կրկնվում է. հիմա Վրաստանն անում է նույնը, ինչ 1918-ի դեկտեմբերին: «Եթե Վրաստանը նման քայլի է դիմել, ուրեմն վստահաբար կարելի է ասել, որ թուրքական կողմի հետ համաձայնության է եկել.  վրացիներն իրենց երկիրը դարձրել են թուրքական աղբանոց:  Գազատարի վաճառքը մահ կլինի Հայաստանի համար»:

Վահե Սարգսյան. «Գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելը կնշանակի Հայաստանի շնչափողը կապող թելերը տալ Ադրբեջանին»

Վահե Սարգսյանը Վրաստանով Հայաստան գազ մատակարարող մագիստրալը համարում է Հայաստանի շնչափողը և նշում, որ այն ադրբեջանական ընկերությանը վաճառելը կնշանակի Հայաստանի շնչափողը կապող թելերը տալ Ադրբեջանին, այսինքն` Հայաստանին դատապարտել շնչահեղձության: «Հայաստանի համար կարևոր է, որ Վրաստանով անցնող և Հայաստանին գազ մատակարարող հյուսիս-հարավ գազատարի գնորդը ոչ թե քաղաքական դրդապատճառներ ունենա, այլ` տնտեսական,- ասում է  նա` անդրադառնալով հյուսիս-հարավ գազամուղի հնարավոր վաճառքին:- Քաղաքական դրդապատճառներ ունեցող երկրները թուրք-ադրբեջանական ճամբարի ներկայացուցիչներն են»:

Սարգսյանը նշում է, որ Հայաստանն այս հարցը կարգավորելու անմիջական լծակներ չունի. գազատարը Վրաստանի սեփականությունն է, և Հայաստանը չի կարող միջամտել այլ երկրի ներքին գործերին: Սակայն Հայաստանը կարող է,  խնդիրը միջազգային ատյաններում բարձրաձայնելով և վրացական կողմին բացատրելով,  խուսափել  նման հեռանկարից: Իսկ եթե այնուամենայնիվ գազատարը ձեռք բերի որևէ թուրքական կամ ադրբեջանական ընկերություն, ապա Հայաստանն իրավունք կունենա ռազմական գործողություններ ձեռնարկելու գազատարի հատվածում` կանխելու ադրբեջանական սանձարձակությունները:

Գազատարի վաճառքի դեպքում ռազմական գործողությունների կողմնակից է նաև Լևոն Շիրինյանը:

Նրա  կարծիքով` ստեղծված իրավիճակում  Հայաստանն ունի քայլերի մի քանի հնարավոր տարբերակ. առաջին`  պետք է ամեն գնով ինքը գնի գազամուղը: «Հայկական լոբբին պետք է ակտիվ աշխատի այս ուղղությամբ, ֆինանսական միջոցներ ու օգնություն հայթայթի, որ Հայաստանը դառնա գազամուղի գնորդը»: Մյուս տարբերակն այն է, որ Հայաստանը միջազգային ատյաններում հնչեցնի խնդրի կարևորությունը և նշի, որ գազամուղի վաճառքի դեպքում ինքը ռազմական գործողությունների կդիմի` միաժամանակ պահանջելով, որ վրացական կողմը հանկարծ բռնություններ չգործադրի Վրաստանի քաղաքացի հայերի նկատմամբ: Իսկ եթե գազամուղը վաճառվի, ապա, ըստ քաղաքագետի, Հայաստանը պետք է ռազմական գործողությունների դիմի. «Ռուսաստանն էլ հասկանում է, որ եթե Հայաստանը և Արցախը դուրս մնան քաղաքականությունից,  դա կլինի ռազմավարական մահ իր համար: Ուստի նման դեպքում Հայաստանը պետք է պայմանավորվածություն ձեռք բերի Ռուսաստանի, նաև Իրանի հետ և դիմի ռազմական գործողությունների,- ասում է Շիրինյանը,- նման պարագայում Թբիլիսին  անմիջապես ծնկի կգա, ինչպես 1918-ին Դրոյի առջև»:

Ըստ վրացական կողմի պաշտոնական տեսակետի` գազատարի վաճառքը պայմանավորված է տնտեսության և ներդրումների ազատականացմամբ:

Լևոն Շիրինյան. «Վրաստանն այս քայլով իբրև թե թուլացնում է Ռուսաստանին` ձեռքի հետ ոչնչացնելով նաև Հայաստանին»

Սարգսյանի կարծիքով, սակայն, այստեղ կարող են լինել մի շարք դրդապատճառներ, ինչպես, օրինակ` ռուսական Գազպրոմի, թուրք-ադրբեջանական որևէ ընկերության կամ արևմտյան որևէ գնորդի հետ նախնական պայմանավորվածությունը: Փորձագետի կարծիքով` Վրաստանի այս քայլը կարող է նաև լինել աշխարհի ուշադրությունը գրավելու փորձ. «Վրաստանի վարչապետն օրերս հայտարարեց, որ գազատարը չի վաճառվելու: Ուրեմն ինչո՞ւ է այն հանվում սեփականաշնորհման ոչ ենթակա օբյեկտների ցանկից: Սա ևս ապացուցում է, որ պարզապես ուզում են ուշադրություն գրավել, նաև հարևաններին` Հայաստանին և Ռուսաստանին զգաստացնել»:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով էլ հայաստանյան մամուլը չափազանցնում է իրավիճակը. խոսքն ընդամենը բաժնետոմսերի շատ չնչին տոկոսի վաճառքի մասին է: Նրա խոսքով` Հարավային Կովկասում կատարված այս տիպի ցանկացած ծրագրում քաղաքական մոտիվ կա, և սա բացառություն չէ, սակայն «հնարավոր չէ պատկերացնել, որ Վրաստանը նման քայլի կգնա` առանց որևէ մեկի հետ, այդ թվում և Հայաստանի հետ իր գործողությունները համաձայնեցնելու»:

Վահե Սարգսյանը գազատարի վաճառքի դեպքում հավանական գնորդներ է համարում ռուսական «Գազպրոմ»-ին և Վրաստանի էներգետիկ ոլորտում գործունեություն իրականացնող Ղազախական «Կազտրանսգազ»-ին` նախապատվությունը տալով վերջինին:

Սակայն Վրաստանի էներգետիկ համակարգում մեծ դեր ունի նաև ադրբեջանական SOGAR  կորպորացիան, որը նույնպես կարող է գազատարի հավանական գնորդ լինել:

Սարգսյանն ասում է, որ չնայած վրացական կողմը գազատարի սեփականաշնորհման մասին  որոշում կայացնելիս չի խորհրդակցել հայկական կողմի հետ, սակայն դրա վաճառքի  հարցում հայ-վրացական շահերը համընկնում են, և գազատարը կվաճառվի տնտեսական շահեր հետապնդող ընկերության:

Մինչդեռ Շիրինյանը դեմ է նաև, որ գազամուղը գնի թուրքական ճամբարից դուրս մի այլ երկիր. «Այսօրվա բարեկամը վաղը թշնամի կարող է դառնալ»:

Իսկ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի   հայտարարությունը,  ըստ որի Վրաստանն առայժմ չի պատրաստվում վաճառել գազատարը,   և հնարավոր է` մի քանի տարի անց բաժնետոմսերի 10-15 տոկոսը տեղաբաշխվի Լոնդոնի բորսայում, քաղաքագետը համարում է շեղող և շինծու քայլ. «Այսօր չի վաճառվելու, վաղը կվաճառվի, այս վարչապետն այդպես է հայտարարում, հաջորդը մի այլ բան կհայտարարի»:

Սակայն ինչ էլ լինի, գազատարը չի կարող վաճառքի հանվել մինչև 2011-ի ապրիլը. 2006-ին ԱՄՆ-ն Վրաստանին 300 մլն դոլար է տրամադրել գազատարի բարեկարգման համար պայմանով, որ այն չի վաճառվի մինչև 2011-ը:  Այնպես որ հայկական կողմը 9 ամիս ժամանակ ունի գործելու համար:

Դիտվել է 2153 անգամ:
Print Friendly

Leave a Reply