Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ չորս երկրաշարժ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 15, 2010 15:08

Այս տարվա  հուլիսի 8-ից մինչեւ 14-ը Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմիկ կայանները Հայաստանի եւ հարակից տարածքներում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցել են մեկ երկրաշարժ: 3 բալանոց սեյսմիկ ցնցումը տեղի է ունեցել հուլիսի 13-ին, Սեւան քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ծառայությունից, տարածաշրջանում տեղի է ունեցել 3 բալ եւ ավելի ուժգնությամբ չորս երկրաշարժ:

Հուլիսի 8-ին Ադրբեջանում` Իսմայիլի քաղաքից 15 կմ դեպի հարավ-արեւմուտք, տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: 3 բալ ուժգնությամբ երեք երկրաշարժ էլ գրանցվել Իրանի տարածքում: Առաջինը` հուլիսի 8-ին, Խոյ քաղաքից 37 կմ դեպի հյուսիս-արեւելք, իսկ երկրորդը եւ երրորդը` հուլիսի 10-ին եւ 13-ին, Մակու քաղաքից համապատասխանաբար 29 կմ հարավ-արեւմուտք եւ 34 կմ հյուսիս-արեւելք:

Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երեք ուժեղ երկրաշարժ: Հուլիսի 10-ին 6.2 մագնիտուդով ուժեղ սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Մարիանյան կղզիների հյուսիսային շրջանում:

Հուլիսի 12-ին 6.2 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիի Անտոֆագաստա քաղաքից 80 կմ հյուսիս-արեւելք, իսկ երկու օր անց 6.5 մագնիտուդով` Լեբու քաղաքից 55 կմ հարավ-արեւելք: Նշված երկրաշարժերի հետեւանքով զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Հիշեցնենք, որ ս.թ. փետրվարի 27-ին ավերիչ երկրաշարժ էր գրանցվել Չիլիի ափամերձ գոտում, Կոկենես քաղաքից 42 կմ դեպի արեւմուտք, որն ունեցել էր 8.8 մագնիտուդ: Երկրաշարժի հետեւանքով զոհվել էր 577 մարդ:

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply