Ճանապարհների բարելավմանը հատկացվում է ևս 1.4 մլրդ դրամ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | հուլիսի 15, 2010 15:04

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նիստում կառավարությունը վերաբաշխել է ՀՀ 2010թ. պետբյուջեն, փոփոխել և լրացրել ավելի վաղ ընդունած որոշումներից երկուսը և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել 1 մլրդ 400  մլն դրամ, որով կվերականգնվեն հանրապետական ճանապարհի Շինուհայր-Հալիձոր և միջպետական ճանապարհի Թալին-Դաշտադեմ հատվածները, ինչպես նաև ՀՄՀ-Հայաստան ծրագրի անավարտ ճանապարհահատվածների մի մասը։ Այսպիսով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, կառավարությունը ճանապարհների վերականգնմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորումը հասցնում է 4,5 մլրդ դրամի, որով վերացվում են նաև հորդառատ անձրևների և այլ բնական աղետների հետևանքները։

ՀՀ կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացնել 30 մլն դրամ, որը տրամադրվելու է «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ին` «Վոթերմաստեր կլասիկ III» տիպի ֆիննական արտադրության ջրածածկ և ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հատուկ հողահան բազմագործառնական էքսկավատորի ամբողջական լրակազմի ձեռքբերման և տեղափոխման ծախսը ֆինանսավորելու և «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված մաքրման աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով։ Նախորդ տարիներին չեն ապահովվել այդ աշխատանքի որակն ու ծավալը, քանի որ մրցույթներում հաղթող ճանաչված ընկերությունները չեն ունեցել ստորջրյա անտառածածկ տարածքներում ծառաթփային բույսերի մաքրման բարձր արտադրողական մեքենա-սարքավորումներ։

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր այն որոշման մեջ, որով հաստատվել էին ՀԴՄ շահագործման կանոնները։ Ուժը կորցրած են ճանաչվել մի շարք դրույթներ, որոնց համաձայն հարկ վճարողները հարկային տեսչություն պետք է ներկայացնեին ՀԴՄ սպասարկման վերաբերյալ անհրաժեշտ պայմանագրերը։

Գործադիրը որոշել է «ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմ» ՊԿՀ տնօրինության Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող շենքի 16-րդ հարկից 106,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Որոշման ընդունումը թելադրված է նշված տարածքի ամսական վարձավճարի փոփոխմամբ և լրացուցիչ ֆինանսավորման ավելացմամբ։

Իր նիստում կառավարությունը վերաբաշխում է կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` ավելի վաղ ընդունած որոշման մեջ և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել 49  մլն 977  հազար դրամ` մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացնելու նպատակով «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամին տրամադրելու համար։ Վերջինիս ղեկավարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի ձեռք բերած պայմանավորվածության համաձայն մագիստրոսական ուսուցումը կազմակերպվելու է համաֆինանսավորման սկզբունքով։ Ամերիկյան կողմն արդեն տրամադրել է 143990 ամերիկյան դոլար, հայկական կողմի համաֆինանսավորման մասը կազմում է 49977.0 հազար դրամ։

Գործադիրը փոփոխել և լրացրել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Երկունք» թերթը անցած տարվա ընթացքում բարեխղճորեն է կատարել ՀՀ մշակույթի նախարարության հետ կնքած սուբսիդիայի պայմանագրով սահմանված պարտավորությունները, ինչպես նաև 2007թ.-ից հրատարակվող «Հայուհի» հանդեսի մշակութային ուղղվածությունը, տպագրական բարձր որակը և համապատասխանությունը ներկայացված չափանիշներին, նշված հրատարակություններն ընդգրկել է «Աջակցություն ոչ պետական մամուլին» ծրագրի ցանկում։ Համանման փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով գործադիրը 2010թ. պետբյուջե է ներառել պետական հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների ներդրման և կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով ՀԲ տրամադրած դրամաշնորհային երկու ծրագրով աուդիտորական ծառայությունների ձեռքբերման դիմաց վճարելու համար նախատեսված 1,000 մլն  հազարական դրամը, ինչն արվել է 2010թ. մարտ ամսին։ Փոփոխելով իր նախկին որոշումներից ևս մեկը, կառավարությունը Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ. Նժդեհի N 24 շենքում գտնվող 600.0 քառ. մետր ոչ բնակելի տարածքը, որտեղ քաղաքի պատվավոր քաղաքացի, հանգուցյալ Շմավոն Մովսիսյանի երկարամյա ջանադիր աշխատանքով ստեղծվել և գործում է քաղաքի պատմության թանգարանը, դարձրել է համայնքային սեփականություն։

Դիտվել է 1597 անգամ:

Leave a Reply