Մարտունիում 40 տոկոսով աճել է մանուկների հիվանդացությունը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 6, 2009 16:44

Քաղաք Մարտունի5-ամյա Գոռն արդեն 3 ամիս է` հազում է, հարբուխը չի անցնում: Մայրը` Իզաբելլան, փոքրիկին մի քանի անգամ բժշկի է տարել, բայց նշանակված բուժումներն օգուտ չեն տվել. «Վախեցանք, որ կապույտ հազ կլինի երեխայի մոտ, բայց լավ է, պարզվեց որ սովորական հազ է»:

Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Սեդրակ Սահակյանն ասում է, որ վերջին 2 տարիների ընթացքում մոտ 40 տոկոսով աճել են երեխաների շնչառական օրգանների վիրուսային հիվանդությունները: Հիվանդանոցի մանկական բաժանմունքը, որ նախատեսված է 15 երեխայի համար, մշտապես լիքն է. այս պահին հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում 13 երեխա:

Էլմիրա Խաչատրյանի 10-ամյա դուստրը ևս 1-2 ամիս է` հազում է. դեղերը չեն օգնում, երեխայի հիվանդությունը չի անցնում:

«Անցած տարի պետության կողմից երեխաների բուժման համար նախատեսված գումարից 16 միլիոնի գերակատարում է արձանագրվել, նույնը կլինի նաև այս տարի, քանի որ երեխաների հոսքը մեծ է»,-ասում է Սահակյանը` ավելացնելով, որ մանկական բաժանմունքն այնքան ծանրաբեռնված է, որ չեն կարողանում անգամ վերանորոգման աշխատանքներ սկսել այնտեղ:

Մարտունու բժշկական կենտրոնը սպասարկում է Մարտունի քաղաքը և հարակից 17 գյուղերը` մոտ 92 հազար բնակչությամբ, որից 38 հազարը երեխաներ են: Բժշկական կենտրոնում տարեկան 3200 մարդ ստացիոնար բուժում է ստանում:

Սահակյանն ասում է, որ հատկապես հեռավոր գյուղերից երեխաներին ծայրահեղ ծանր վիճակում են հիվանդանոց բերում, ինչը բարդացնում է բուժման գործընթացը. «Սպասում են` երեխան ջերմությունից ցնցումների մեջ է ընկնում, նոր անգիտակից վիճակում հիվանդանոց բերում»:

Կենտրոնի տնօրենը դժվարանում է բացատրել, թե ինչու են մանուկների մոտ կտրուկ շատացել շնչուղիների վիրուսային հիվանդությունները: Նա ենթադրում է, որ բնակիչների ծանր սոցիալական պայմաններն են պատճառը. «Երեխան դեռ մոր արգանդից բավարար վիտամիններ չի ստանում: Թերսնուցման պատճառով թուլանում է իմունիտետը, և հիվանդություններն էլ գլուխ են բարձրացնում:

Ինը ամսեկան Եգորը 1 ամիս հիվանդ էր
Համաճարակաբան Սոֆյա Դարբինյանն էլ ասում է, որ Մարտունու տարածաշրջանը բարձր լեռնային բնակավայր է, և եղանակը միշտ ցուրտ է, ուստի գրիպի վիրուսներն այստեղ ավելի կենսունակ են:

Սահակյանն ասում է, որ չնայած հիվանդանոցն ունի անհրաժեշտ որակյալ կադրեր և տեխնիկա, սակայն չունի հնարավորություն` լաբորատոր պայմաններում պարզելու վիրուսի տեսակը և միայն հիվանդության ախտանիշերից ելնելով են ենթադրություններ անում:

Դիտվել է 1441 անգամ:
Print Friendly

Leave a Reply