Միջազգային մրցաշար` Վանաձորում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 15, 2010 14:33

Այս տարվա  աշնան սկզբին Լոռու մարզում կկայանա հանդբոլի ուշագրավ երկու մրցաշար: Սեպտեմբերի 1-5-ին Վանաձորի մարզապալատը կհյուրընկալի Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության տղամարդկանց մրցաշարի մասնակիցներին: Զուգահեռ կանցկացվի նաև մինչև 16 տարեկան հանդբոլիստների և հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության երկրորդ փուլը: Փաստորեն, պատանի  մարզիկ-մարզուհիները հնարավորություն  կունենան ոչ միայն  մրցումների բովում կարողությունները ստուգել, այլև բարձրակարգ հանդբոլիստներով համալրված հավաքականների հանդիպումներին հետևել: Ի դեպ, եթե անցյալ տարի Երևանի «Դինամո» մարզասրահում առաջին անգամ կազմակերպված այս ստուգատեսին Հայաստանի ներկայացուցիչներից բացի մասնակցում էին  Իրանի և Վրաստանի ընտրանիները, ապա այս անգամ այս երկրների խաղացողների հետ միասին հանդես կգան նաև Բելառուսի մարզիկները: Միջազգային մրցաշարի կազմակերպումը նախապես ծրագրված էր, սակայն, որ այն Վանաձորում է կազմակերպվելու, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան նոր է որոշել: Թեևս, դրա պատճառն այն է, որ Երևանը ծանրաբեռնված է  մարզական միջացառումներով, մինչդեռ, Վանաձորում  ստուգատեսի անցկացումը թարմություն է, բացի այդ, տեղի մարզապալատի պայմաններն  ավելի են համապատասխանում հանդբոլի ժամանակակից պահանջներին, քան Երևանում եղած մարզասրահները: Ի դեպ, Լոռու մարզում սիրում են հանդբոլը, այդ մարզաձևով կանոնավոր պարապողների թիվը շատ է: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս հավանություն է տվել, որպեսզի միջազգային մրցաշարը կայանա Վանաձորում: Հաղթող հավաքականի համար նախատեսվում է վեհաշուք գավաթ: Մրցանակակիրները կստանան գեղեցիկ մեդալներ: Ի դեպ, մրցաշարին ներկա գտնվելու համար բարձրաստիճան հյուրեր են սպասվում Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայից, մասնակից երկրներից: Հնարավորն արվում է, որ ստուգատեսը բարձր մակարդակով անցկացվի: Աշխատանքների իրականացման հսկողությունն անմիջականորեն ստանձնել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը: Կազմկոմիտեն գլխավորում է  Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանը: Մրցաշարի գլխավոր մրցավարի պարտականությունը վստահվել է Ալեքսանդր Արևշատյանին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է Էդիկ Օհանյանը: Ի դեպ, նրա ղեկավարությամբ հավաքականի հինգ թեկնածուներ Երևանում նախապատրաստական պարապմունքներ են անցկացնում: Եվս 9 խաղացողներ Ֆրանսիայից Հայաստան կժամանեն ավելի ուշ և օգոստոսի 28-ից սկսած մինչև մրցաշարի մեկնարկը մեր երկրի հավաքականը նախապատրաստական պարապմունքներ կանցկացնի Վանաձորում: Ակնկալվում է, որ Հայաստանի ներկայացուցիչները մարտական կազմով կներկայանան ստուգատեսին և հուսախաբ չեն անի իրենց երկրպագուներին:

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply