Ադրբեջանցիների ոչ մի հայտարարություն անպատասխան չի մնացել

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | July 15, 2010 12:36

Հուլիսի 6-10-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում գումարվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) 19-րդ տարեկան նստաշրջանը: Աշխատանքներին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը` Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ԱԺ-ի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «ՀՀԿ» խմբակցության անդամ Արտակ Դավթյանը, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Օրինաց Երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը:

Նստաշրջանում ընտրվել է Վեհաժողովի ղեկավար կազմը` նախագահ և չորս փոխնախագահ: Նախագահի պաշտոնը ստանձնել է Հունաստանի պատվիրակ, վեհաժողովի այժմ արդեն նախկին փոխնախագահ Պետրոս Էֆթիմիուն, որ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի պաշտոնում փոխարինել է երկու տարի պաշտոնավարած պորտուգալացի Ժոաո Սուարեշին:

Հուլիսի 10-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է տարեկան նստաշրջանի ամփոփիչ հռչակագիրը, որում ներառվել են ընդունված 3 հիմնական

և 35 լրացուցիչ բանաձևերը: Վերջինների թվում է նաև հայ պատվիրակների համատեղ աշխատանքի արդյունքում մշակված և Ա.Դավթյանի կողմից ներկայացված Գլոբալ էներգետիկ անվտանգության ապահովման համար ԵԱՀԿ-ի անդամ երկրների պատասխանատվության մասին բանաձևը:

Հուլիսի 14-ին Երևանում, ամփոփելով նստաշրջանի աշխատանքների արդյունքները, Ա. Սաֆարյանը, մասնավորապես, նշեց, որ հայկական պատվիրակության անդամները, որոնք ներկայացված են եղել վեհաժողովի բոլոր երեք կոմիտեներում, աշխատել են բավական արդյունավետ: Ադրբեջանական պատվիրակությունն այս անգամ էլ փորձել է տարբեր բանաձևերի քննարկման ժամանակ առաջ մղել ղարաբաղյան հակամարտության չլուծվածության հարցը` հանդես գալով արդեն սովորական դարձած «իր 1 մլն փախստականների, երկրի տարածքի գրավյալ 20 տոկոսի» մասին հայտարարություններով և դրանից բխող առանձին բանաձևերում համապատասխան առաջարկներով: Ինչպես վստահեցրին հայ պատվիրակները, այդ փորձերը ձախողվել են, և «ադրբեջանցիների ոչ մի հայտարարություն անպատասխան չի մնացել»:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 2202 անգամ:
Print Friendly

Leave a Reply