Քննարկել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները

Պաշտոնական, Օրվա լուր | | July 15, 2010 12:02

Եվրախորհրդարան աշխատանքային այցի շրջանակում  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Եվրոպական  խորհրդարանի փոխնախագահ Լասլո Տոկեշի, «Եվրանեսթ»-ի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Յարեկ Սարյուս-Վոլսկու, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբերնոխի եւ պատվիրակության, «Եվրանեսթ»-ում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Քրիստիան Վիգենինի եւ  նախագահության հետ, ինչպես նաեւ ԵԺԿ գլխավոր քարտուղար, Եվրախորհրդարանի պատգամավոր Անտոնի Լոպես-Իստուրիզ Ուայթի հետ :

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լասլո Տոկեշի հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Եվրամիության հետ համագործակցության շարունակական խորացումը, հատկապես` 2009թ. մայիսին մեկնարկած Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում: Այն նոր հեռանկարներ է բացում առաջիկայում Եվրամիության հետ էլ ավելի ընդգրկուն համագործակցություն նախատեսող պայմանագրային հարաբերություններ հաստատելու առումով, ներառյալ ասոցացման համաձայնագրի եւ Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հեռանկարները: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց նաեւ Եվրախորհրդարանի, ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների եւ Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության ընդլայնումը, համատեղ հանձնաժողովների ձեւավորումը, բարեկամության խմբերի ակտիվ աշխատանքը: ԱԺ նախագահը փաստեց, որ Հայաստանը հետեւողականորեն շարունակում է ժողովրդավարության զարգացմանը միտված քաղաքականությունը, այս համատեքստում կարեւորելով եվրոպական չափանիշներին ՀՀ օրենսդրության ներդաշնակեցման ակտիվ գործընթացը: Պարոն Աբրահամյանը առաջարկեց ներգրավել  Ազգային ժողովի անդամներին Եվրախորհրդարանի գործունեության մեջ, միջմշակութային երկխոսության միջոցառումներում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց Հայաստանում կազմակերպել Եվրախորհրդարան-Արևելյան գործընկերների հանդիպումներ, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի միջմշակութային երկխոսության ֆորում:

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լասլո Տոկեշը բարձր գնահատեց ՀՀ ԱԺ նախագահի այցը Եվրախորհրդարան, որը կխթանի միջխորհրդարանական եւ  ԵՄ -Հայաստան փոխգործակցությունը եւ  կարեւորեց տարբեր ձեւաչափերով  համագործակցությանը եւ երկխոսությանը նպաստող ֆորումներ Հայաստանում կազմակերպելու Հովիկ Աբրահամյանի առաջարկները: Նա կարեւորեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հետեւողական զարգացման անհրաժեշտությունը եւ տարածաշրջանում ժողովրդավարացման առաջամարտիկ դառնալը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներ, երկուստեք կարեւորվեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում պարոն Աբրահամյանը մտահոգություն հայտնեց  հակամարտության շփման գծում Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած զինադադարի խախտման առնչությամբ` նշելով, որ այն չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանը եւ խաղաղության հաստատմանը:Անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների  կարգավորման հնարավորություներին:

Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց «Եվրանեսթ»-ի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Յարեկ Սարյուս-Վոլսկու  եւ Եվրախորհրդարանի պատգամավոր Տրայան Ունգուրեանուի հետ: Կողմերը քննարկեցին «Եվրանեսթ»-ի շրջանակում համագործակցության հարցեր: Պարոն Աբրահամյանը նշեց, որ Հայաստանն ակտիվ եւ կառուցողական  ներգրավվածություն է ունեցել «Եվրանեսթ»-ում: ԱԺ նախագահի կողմից պաշտոնապես ներկայացվել են Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին «Եվրանեսթ»-կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկներ: մասնավորապես առաջարկվում է վերացնել այն կետը, որը  վերաբերում է  հակամարտությունների կարգավորմանը: «Արեւելյան գործընկերությունը համագործակցությանն ուղղված նախաձեռնություն է եւ ոչ թե հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող ձեւաչափ»,-նշեց պարոն Աբրահամյանը: Նրա համոզմամբ սկզբնավորման փուլում գտնվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը հակամարտությունների հիմնահարցերին անդրադառնալիս պետք է գործի ամենայն պատասխանատվությամբ և հստակորեն գնահատի իր հնարավորությունները: Առանց նման մոտեցման ցանկացած գործողություն կարող է հանգեցնել հակառակ արդյունքի և բարդացնել կարգավորման խաղաղ գործընթացը: Մյուս փոփոխությունը, որ առաջարկում է հայկական կողմը կոնսենսուսի սկզբունքի կիրառումն է ազգային պատվիրակությունների համար կենսական, ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում:

Պարոն Վոլսկին բարձր գնահատեց հայկական պատվիրակության կառուցողական գործունեությունը խորհրդարանական վեհաժողովի շրջանակում եւ նշեց, որ  հայկական կողմի  բոլոր առաջարկները, այդ թվում նաեւ վերը նշվածները ընդունելի են իրենց համար:

ԱԺ նախագահը առաջարկեց, որ Հայաստանում անցկացվի Քրիստոնյա եկեղեցիների հետ ԵԺԿ երկխոսության հաջորդ հանդիպումը, որը  կարող է տեղի ունենալ 2011 թ-ին Հայ Առաքելական Եկեղեցու ակտիվ մասնակցությամբ: Առաջարկը սիրով ընդունվեց:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Եվրանեսթ»-ում Բելառուսի մասնկացության հարցը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հաջորդ հանդիպումը ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի  պատվիրակության հետ էր: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները, անդրադարձ եղավ տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության խնդիրներին:

Աբրահամյանն ընդգծեց, որ  Եվրոպական ուղղությունը և Եվրամիության հետ մերձեցումը  մեր երկրի արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթություններից է: Հայաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում իր հարաբերությունների զարգացմանը ինչպես Եվրոպական կառույցների, այնպես էլ եվրոպական երկրների հետ` երկկողմ հիմունքներով։ ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի  մեկնարկի կապակցությամբ, որը  նոր հեռանկարներ կբացի Եվրամիության հետ առավել ընդգրկուն համագործակցություն նախատեսող պայմանագրային հարաբերություններ հաստատելու հարցում:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: Պատվիրակության անդամներ Վահան Հովհաննսիյանը, Արմեն Ռուստամյանը եւ Արտակ Զաքարյանը մանրամասն պատասխանեց  Եվրախորհրդարանի պատգամավորների  հարցերին:

Նույն օրը հանդիպում կայացավ «Եվրանեսթ»-ում Եվրախորհրդարանի պատվիարկության նախագահության հետ:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ողջունում  եւ կարևորում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ստեղծումը: Թեև  կայացման ճանապարհը ընթանում է որոշ դժվարություններով, այնուամենայնիվ կարելի է արձանագրել որոշակի առաջընթաց: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ որ Արևելյան գործընկեր երկրների հետ հարաբերություններում Հայաստանը կարեւորում է կրկնակի ստանդարտների չկիրառման սկզբունքը եւ հույս հայտնեց,  որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը չի դառնա  շահերի վրա հիմնված լոբբինգի նոր բեմ, այլ կլինի Արևելյան գործընկերության երկրների իրական ժողովրդավարական բարեփոխումների փորձադաշտ և Եվրոպական ինտեգրման կամուրջ:

Պատվիրակության նախագահ Քրիստիան Վիգենինը բարձր գնահատեց Հայաստանի կառուցողական եւ ակտիվ  ներգրավվածությունը «Եվրանեսթի» աշխատանքներին եւ համոզմունք հայտնեց, որ գործակցությունը ավելի կզարգանա եւ կամրապնդվի : Նա նշեց, որ Հովիկ Աբրահամյանի առաջարկները, որոնք վերաբերվում էին կանոնանդրական փոփոխություններին, ընդունելի են պատվիրակության նախագահության կողմից : Պարոն Վիգենին խոսքով «Եվրանեսթ»-ի մեկնարկը կկայանա աշնան կեսերին :

Հայաստանի խորհրդարանի ղեկավարի վերջին հանդիպումը Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Անտոնի Լոպես-Իստուրիզ Ուայթի հետ էր :

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարևորեց  միջկուսակցական հարաբերությունների զարգացումը, որը կնպաստի տարբեր ձեւաչափերով փոխգործակցության խորացմանը: Նա առաջարկեց քննարկել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը Եվրոպական ժողովրդական կուսակցությունում դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը: Որպես համագործակցությանը ուղղված քայլ Հովիկ Աբրահամյանը  առաջարկեց,  որ Արևելյան գործընկերության հարցով Երևանը դառնա ԵԺԿ հաջորդ հանդիպման, ինչպես նաև Քրիստոնյա եկեղեցիների հետ ԵԺԿ-ի խմբի երկխոսության վայր :

Պարոն  Անտոնի Լոպես-Իստուրիզ Ուայթը նույնպես կարեւորեց կուսակցությունների միջեւ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը եւ ներկայացերց ԵԺԿ անդամակցության ընթացակարգը : ԵԺԿ գլխավոր քարտուղարը բարձր գանահատեց Աժ նախագահի համագործակցության  առաջարկները :

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս :

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply