Վահան Դիլանյան. «Հայաստանում մարդկանց վստահությունն անվտանգության ոլորտի նկատմամբ աճել է»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | July 14, 2010 16:31
Այս մասին հայտարարել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Վահան Դիլանյանը, Ստամբուլում տեղի ունեցած «Անվտանգության ոլորտի բարեփոխումներ Հարավային Կովկասի համար» միջազգային աշխատանքային համաժողովի ժամանակ:
Համաժողովին մասնակցել են ԱՄՆ-ի, Նորվեգիայի, Իտալիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության ու անվտանգության պետական գերատեսչական մարմինների, ակադեմիական, հետազոտական-վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, անվտանգության ոլորտի հիմնահարցերով զբաղվող փորձագետներ և լրագրողներ:
Խոսելով հարավկովկասյան երկրներում անվտանգության ոլորտում կատարված օրենսդրական բարեփոխումների մասին` Վ. Դիլանյանը նշել է. «Իհարկե, որոշ երկրներում ընդունվել են բազմաթիվ օրենքներ ու ռազմավարական փաստաթղթեր, բայց դրանք հաճախ կամ հիմնականում ավելի շատ դեկլարատիվ բնույթ ունեն, քան իրական: Ավելի կարևոր է տվյալ օրենսդրության կիրառման բարեփոխումների իրականացումը»:
Անվտանգության ոլորտի հիմնական խոչընդոտների շարքում Դիլանյանն առանձնացրել է ՆԱՏՕ-ի ու սովետական չափանիշներն անվտանգության ոլորտում ներդնելու, դրանց փոխակերպման, ավանդական մշակույթի ու արժեքային համակարգի էվոլուցիոն արդիականացման հիմնախնդիրները:
Պատասխանատվությունը և թափանցիկությունը սահմանելով որպես տվյալ ոլորտի կարևոր արժեքներ` քաղաքագետը նշել է, որ դրանց ցածր մակարդակը պայմանավորված է արտաքին պոտենցիալ ու իրական սպառնալիքների փաստով: Ուստի, ըստ նրա, պետք է որոշել` չեզոքացնել այդ սպառնալիքներն ու դրանից հետո՞ անցնել անվտանգության ոլորտի բարեփոխումներին, թե՞ այդ բարեփոխումներն, այնուամենայնիվ, իրականացնել աննպաստ պայմաններում: «Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը կարող է բարեփոխումների համար կարևոր պայման լինել»,- նշել է Վ. Դիլանյանը` ավելացնելով, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն գործադրվել է համապատասխան կառավարման համակարգ, որը դեռևս զարգացման գործընթացում է:
Անդրադառնալով ՀՀ-ում իրականացված ու իրականացվող բարեփոխումներին` Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի ղեկավարը նշել է, որ ՀՀ-ն ընդունել է Ազգային անվտանգության ռազմավարությունը և Ռազմական դոկտրինը, որոնք պրոֆեսիոնալ մակարդակով մշակված փաստաթղթեր են. հստակ սահմանված են գերակայությունները, սպառնալիքների դասակարգումը, համագործակցության ձևաչափերը և այլն:
«Ռազմավարական այս փաստաթղթերը, ի տարբերություն որոշ երկրների, մշակվել ու ընդունվել են Խորհրդարանի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ»,- հայտարարել է քաղաքագետը` ավելացնելով, որ հասարակական վերահսկողության բնագավառում անելիքներ, այնուամենայնիվ, դեռ շատ կան: Վահան Դիլանյանը մատնանշել է նաև ՀՀ-ում ընդունված Հանրային իրազեկման հայեցակարգի փաստը: «Հայաստանում մարդկանց վստահությունն անվտանգության ոլորտի նկատմամբ աճել է»,-եզրափակել է քաղաքագետը:






Facebook
Tweet This
Email This Post
