Սեյրան Օհանյանը հանդիպեց սփյուռքահայ երիտասարդների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | July 14, 2010 16:07

Հուլիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հանդիպումը «Դեպի Հայք» հիմնադրամի անդամների հետ: Ողջունելով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած շուրջ 50 սփյուռքահայ երիտասարդներին և կարևորելով հանդիպման նախաձեռնությունն ու միջոցառման անցկացումը` Սեյրան Օհանյանը հակիրճ անդրադարձավ ՀՀ զինված ուժերի ստեղծման պատմությանը և կայացման ու զարգացման փուլերին՝ առանձնացնելով այն իրողությունը, որ մեր բանակը կազմավորվել է պատերազմական ժամանակաշրջանում:

ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ 1994թ.-ից` մայիսյան զինադադարի հաստատումից հետո սկսվեց բանակաշինության որակապես նոր գործընթաց և տարիների ընթացքում կատարելագործվեց թե զորքերի կառավարումը և թե սպառազինությունը, բարձրացավ անձնակազմի պատրաստվածության աստիճանը: Այս ամենի արդյունքում այսօր մենք ունենք մարտունակ և կանոնավոր բանակ, որը հանդիսանում է հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը:

Պաշտպանության նախարարն անդրադարձավ նաև տարբեր գերատեսչությունների ու ՀԿ-ների հետ ՀՀ ՊՆ համագործակցությանն ու իրականացվող միջոցառումներին, որոնք ուղղված են երիտասարդության ռազմահայրենասիրական և հայրենասիրական դաստիարակության բարձրացմանը:

Կարևորելով սփյուռքահայության դերը երկրի առաջընթացի գործում՝ Ս. Օհանյանն ընդգծեց, որ արցախյան պատերազմի տարիներին մեծ է եղել Սփյուռքի դերը և սփյուռքահայ բազմաթիվ երիտասարդներ մասնակցել են հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Եվ այսօր ուրախալի են սփյուռքահայ երիտասարդների մշտական դարձած այցելությունները:

Այնուհետև պաշտպանության նախարարը պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին և պատերազմի վերսկսման հավանականությանը, ՀՀ զինված ուժերի մարտունակությանը:

Հանդիպման ավարտին «Դեպի Հայք» հիմնադրամի անդամները շնորհակալություն հայտնեցին պաշտպանության նախարարին ջերմ ընդունելության համար և հույս հայտնեցին, որ այսպիսի հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:

Սփյուռքահայ երիտասարդները կայցելեն նաև ազգային բանակի զորամասեր և կծանոթանան զինվորների ծառայողական առօրյային:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply