Հովիկ Աբրահամյան. «Հայաստանն իր դավանած արժեքներով ու ձգտումներով Եվրոպայի անբաժան մասն է»

Պաշտոնական, Օրվա լուր | | July 14, 2010 16:03

Հուլիսի 13-ին շարունակվեց ՀՀ ԱԺ նախագահի աշխատանքային այցը Եվրոպական խորհրդարան:

ԱԺ   նախագահը ելույթ է  ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստում, որտեղ ասել է.              «Հայաստանն իր դավանած արժեքներով ու ձգտումներով Եվրոպայի անբաժան մաս է կազմում: Եվրոպայի հետ ընդհանրությունը պայմանավորված է ոչ միայն պատմական, լեզվամշակութային և գաղափարական գործոններով, այլև եվրոպական երկրներում ապրող բազմաթիվ հայ համայնքների առկայությամբ: Եվրամիության երկրների և Հայաստանի հասարակությունների միջև անմիջական շփումներն իրական գործընկերային հարաբերությունների հաստատման լավ նախադրյալներ կարող են ստեղծել տարբեր ոլորտներում: Այս առումով Հայաստանը  կարևորում է իր երկրի քաղաքացիների համար Եվրամիության մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցմանն ուղղված գործընթացը: Քաջատեղյակ լինելով այս հարցի նրբություններին, մասնավորապես Եվրամիության մի շարք երկրներում անվտանգության տեսանկյունից խնդրի դիտարկման ընթացքին, կարծում եմ պետք է հաշվի առնել հարցի նաև հումանիտար կողմը, որի շնորհիվ հազարավոր մարդիկ հնարավորություն կստանան ազատ տեղաշարժվել ու շփվել միմյանց հետ:

Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր Եվրոպական ուղղությունը և Եվրամիության հետ մերձեցումը մշտապես եղել են մեր երկրի արտաքին և ներքին քաղաքականության գերակայություններից: Հայաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում իր հարաբերությունների զարգացմանն ինչպես Եվրոպական կառույցների, այնպես էլ եվրոպական երկրների հետ` երկկողմ հիմունքներով։

Հարկ եմ համարում այստեղ նշել նաև, որ Եվրամիության հետ համագործակցության հաստատումը ոչ թե Հայաստանին պարտադրված որոշում է, այլ բխում է Հայաստանի շահերից, քանի որ այն միտված է մեր երկրում տնտեսության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Վերջին տարիների ընթացքում մեզ հաջողվել է իրականացնել լուրջ բարեփոխումներ, որոնք արժանացել են միջազգային տարբեր կառույցների հավանությանը: Մենք փոփոխության ենք ենթարկել մեր Ընտրական օրենսգիրքը և սահմանադրական բարեփոխումների շնորհիվ բարձրացրել ենք խորհրդարանի դերակատարությունը: Դրանով հասարակության կյանքում լրջորեն ամրապնդվել է նաև քաղաքական կուսակցությունների դերը: Չեմ կարող ասել, որ մենք խնդիրներ չունենք: Կա որոշակի գործընթացների ճանապարհ, որ յուրաքանչյուր նորանկախ երկիր պետք է անցնի: …Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ներկայումս գտնվում են դինամիկ զարգացման փուլում: Այս համատեքստում առանձնակի կարևորություն է ստանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացումը: Երկկողմ հարաբերությունները նոր որակական մակարդակի վրա դրվեցին Արևելյան գործընկերության մեկնարկով: Այն լայն հնարավորությունների դաշտ է ստեղծում գործընկեր պետությունների համար և կարող է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման ամուր հիմք դառնալ:

…Ցանկանում եմ գոհունակություն հայտնել Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի  մեկնարկի կապակցությամբ, որը նախատեսված է հուլիսի 19-ին Երևանում: Այն նոր հեռանկարներ է բացելու Եվրամիության հետ առաջիկայում առավել ընդգրկուն համագործակցություն նախատեսող պայմանագրային հարաբերություններ հաստատելու առումով, ներառյալ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունը: Հայաստան Եվրամիություն ասոցացման համաձայնագիրը հերթական, սովորական պայմանագիր չէ: Այն խորհրդանշում է համագործակցության զարգացման որակական նոր փուլ, հարաբերությունների խորացման նոր հանգրվան: Նոր համաձայնագիրը հիմնված կլինի քաղաքակրթական արժեքների, ընդհանրության և ապագայի համատեղ տեսլականի վրա և կարտահայտի կողմերի կոնկրետ և պրագմատիկ շահերը: Ուստի, մենք լրջորեն ենք նախապատրաստվում բանակցային գործընթացին` իրականացնելով  համապատասխան կառուցվածքային բարեփոխումներ և ընդունելով նորմատիվ ակտեր, որոնք միտված են գործընթացն առավելագույնս արդյունավետ իրականացնելուն: Խիստ գնահատելի է այս խնդրի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի հատուկ ուշադրությունը, ինչի վկայությունն է զեկուցողի նշանակումը:

…Մենք խիստ կարևորում ենք խորհրդարանական համագործակցության կայացումը թե երկկողմ և թե բազմակողմ ձևաչափերում և պատրաստ ենք համագործակցելու Եվրոպական խորհրդարանի տարածաշրջանային բոլոր նախաձեռնություններում, որոնցից է նոր սկիզբ առնող «Եվրանեսթ»  խորհրդարանական վեհաժողովը: Այն կնպաստի ինչպես երկկողմ միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, այնպես էլ եվրոպական պառլամենտարիզմի լավագույն փորձի փոխանակմանն ու ընդլայնմանը:

Գոհունակություն եմ հայտնում Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության ներկա մակարդակից: Այստեղ իր արդյունավետությամբ աչքի է ընկնում Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը, որի հերթական նիստը կայանալու է այս տարվա աշնանը: Այս դաշտում դեռևս անելիքներ ունենք և հետագա լրացումների կարիք է զգացվում:

Հայկական կողմն ուշադրությամբ հետևում է Եվրոպական խորհրդարանում Հայաստանին, Հարավային Կովկասին, Սևծովյան տարածաշրջանին, Արևելյան գործընկերությանը վերաբերող զեկույցների պատրաստման ընթացքին: Այս հանգամանքը մեր տարածաշրջանի նկատմամբ եվրոպական կողմի աճող ուշադրության խոսուն վկայությունն է:

Հայաստանի Հանրապետությունը, որդեգրելով փոխվստահության և փոխադարձ շահերի հարգման վրա խարսխված արտաքին քաղաքականություն, հանձն է առնում երկկողմ ու բազմակողմ մակարդակներում ստանձնած իր բոլոր պարտավորությունների կատարումը:

Կցանկանայի անդրադառնալ մեր տարածաշրջանում կայունության, տևական խաղաղության և համագործակցության համար առանցքային նշանակություն ունեցող երկու հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրներին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կենսական կարևորություն ունի: Խնդիրը լուծում ունի մասնավորապես ԵԱՀԽ Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի` տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա: Ցավոք, Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր որդեգրած ապակառուցողական քաղաքականությանը, շարունակում է տարածաշրջանում իր նավթային գերշահույթների հաշվին սպառազինությունների մրցավազքը` խախտելով Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրով սահմանված բոլոր նորմերը: Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը չի դադարում  մշտապես հանդես  գալ ռազմատենչ հայտարարություններով` իր հասարակության մեջ թշնամանք սերմանելով հայերի նկատմամբ: Նույնիսկ տարածաշրջանային համագործակցությանն ուղղված բանակցությունների շեմին Ադրբեջանը զերծ չի մնում ռազմական գործողությունների սպառնալիքների կիրառումից, ինչի վկայությունն է վերջերս նրա կողմից ընդունված ռազմական դոկտրինը: Սակայն ողջ տարածաշրջանի համար վտանգավոր գործելակերպ որդեգրած Ադրբեջանի կեցվածքը մինչ օրս չի արժանացել որևէ գնահատականի միջազգային համապատասխան ատյանների կողմից:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը նուրբ և զգայուն շատ կողմեր ունի, ուստի հարցին առնչվող հրապարակային հայտարարությունների և դիրքորոշումներ արտահայտող փաստաթղթերի ընդունման խնդրում, հայկական կողմն ակնկալում է առավելապես անաչառ ու հավասարակշիռ մոտեցումներ: Այս շարժառիթներով ես նամակ եմ հղել Եվրոպական խորհրդարանի նախագահին` կապված 2010 թ. մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած «Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին» բանաձևի հետ: Բանաձևում ընդգրկվել են Լեռնային Ղարաբաղին առնչվող ոչ ճշգրիտ ձևակերպումներ, քանի որ բանաձևի հեղինակը լավատեղյակ չլինելով հիմնախնդրի նրբերանգներին, երբևէ չի այցելել տարածաշրջան ու չի խորհրդակցել բանակցային գործընթացում միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, մասնավորապես Եվրամիության անդամ երկիր հանդիսացող Ֆրանսիայի ներկայացուցչի հետ: Արդյունքում անտեսվել են հակամարտության էության հետ առնչվող կարևորագույն փաստեր.

– Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող հակադրվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, քանի որ Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել ոչ 1918 թ. հռչակված անկախ Ադրբեջանի, ոչ էլ վերջինիս իրավահաջորդը հանդիսացող ներկայիս Ադրբեջանի կազմում:

– Ադրբեջանը ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման խաղաղ և օրինական գործընթացի, դիմել է ուժի կիրառման և 1991-1994 թթ. սանձազերծել է լայնամասշտաբ պատերազմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, ինչի հետևանքն են հակամարտության գոտում առաջացած իրողությունները:

-Հայաստանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեռևս միջազգայնորեն չճանաչված լինելու պատճառով, ներկայացնում և պաշտպանում է նրա շահերը, բայց չի կարող փոխարինել նրան: Որպես հետևանք չի կարող ԼՂՀ կենսական շահերին վերաբերող հարցերով ստանձնել պարտավորություններ վերջինիս փոխարեն: Ուստի, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին որպես բանակցային կողմ ճանաչելը կնպաստի արդյունավետ և ամբողջական բանակցությունների կայացմանը:

Այս իրողությունների անտեսումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա: Պատահական չէ սահմանի վրա վերջերս տեղի ունեցած ադրբեջանական կողմի սադրանքը, որի հետևանքով զոհվեցին 5 հայ և մեկ ազերի զինվորներ:

Ցանկանում եմ նշել նաև, որ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերում հետաքրքիր գաղափարներ են  պարունակվում Հարավային Կովկասի և Եվրամիության միջև հարաբերությունների հետագա խորացման մեխանիզմների վերաբերյալ:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարևոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային համատեքստում: Ցավոք, Թուրքիան ներկայումս պատրաստ չէ սկսած գործընթացը շարունակել առանց նախապայմանների` համաձայն Ցյուրիխում միջազգային բարձր միջնորդությամբ ստորագրված արձանագրությունների ոգուն, դրանով իսկ վերջ դնելով Եվրոպայում միակ փակ սահմանի գոյությանը: Հայաստանը, մեծապես արժևորելով իր այս նախաձեռնությանը միջազգային մակարդակով ցուցաբերած միջնորդությունը և ձգտելով պահպանել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները, պատրաստակամ է իր տրամաբանական ավարտին հասցնելու այս գործընթացը, եթե Թուրքիայի կողմից դրսևորվի քաղաքական կամք և դրական քայլեր նկատվեն այդ ուղղությամբ: Հավատարիմ մնալով իր սկզբունքներին և արձանագրություններից բխող իր կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը` Հայաստանի Հանրապետությունն անմիջապես ներառեց սույն փաստաթղթերի վավերացման գործընթացը Ազգային ժողովի օրակարգում: Միջազգային հանրությունը բարձր գնահատեց Հայաստանի նման կառուցողական դիրքորոշումը:

Ցավոք, Թուրքիան ավելի քան մեկ տարի ոչ միայն առաջընթաց չգրանցեց այս գործընթացում, այլ հակառակը, սկսեց  առաջ քաշել նախապայմաններ, ինչը որևէ առնչություն չունի արձանագրություններում ամրագրված դրույթների հետ: Հաշվի առնելով Թուրքիայի խորհրդարանում ողջամիտ ժամկետներում արձանագրությունների վավերացման ուղղությամբ անհարկի ձգձգումները, Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը ետ կանչեց արձանագրությունները Հայաստանի խորհրդարանի օրակարգից` պահպանելով սակայն արձանագրությունների տակ դրված հայկական կողմի ստորագրությունը և դրանով իսկ հարգելով միջնորդների բարձր հեղինակությունը:  Մեր համոզմամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծապես կնպաստի տարածաշրջանում անվտանգության և համագործակցության ամրապնդմանը:

Սույն հարցի կապակցությամբ կցանկանայի դիմել Ձեր  Հանձնաժողովին` ակնկալելով, որ Եվրամիությունն ավելի հետևողական կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման գործում:

Եզրափակելով խոսքս, թույլ տվեք կրկին կարևորել Եվրոպական խորհրդարանի դերը Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում և համոզմունք հայտնել, որ մեր համատեղ ջանքերով և բացառապես համագործակցության միջոցով է հնարավոր կարգավորել տարածաշրջանում առկա խնդիրները, ինչն իր հերթին կնպաստի փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորմանը»:

Ելույթից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկ ժամից ավելի սպառիչ  պատասխաններ է  տվել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հաձնաժողովի անդամների հարցերին, որոնք առնչվում էին ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերությունների հնարավորություններին, Հայաստան-Եմ փոխգործակցությանը եւ այլն:

Նույն օրը ԱԺ նախագահը հանդիպումներ ունեցավ Եվրոպական  խորհրդարանի փոխնախագահ պարոն  Լասլո Տոկեշի, «Եվրանեսթ»-ի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Յարեկ Սարյուս-Վոլսկո, Հայաստան-ԵՄ  խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբերնոշի եւ պատվիրակության, «Եվրանեսթ»-ի պատվիրակության ղեկավար Քրիստիան Վիգենինի եւ նախագահության հետ, ինչպես նաեւ ԵԺԿ գլխավոր քարտուղար, ԵԽ պատգամավոր Անտոնի Լոպես-Իստուրիզ Ուայթի հետ:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1673 անգամ:
Print Friendly

Leave a Reply