Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունները
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 14, 2010 15:20
Այսօր Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները համատեղ մամուլի ասուլիս են տվել. Լեհաստանի արտգործնախարարը Հայաստանում է պաշտոնական այցով:
Էդվարդ նալբանդյանը նշել է, որ այս այցելությունը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը եւ խորացմանը: «Մենք մեծ ներուժ ունենք երկու երկրների հարաբերությունները զարգացնելու իմաստով եւ վստահ եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ համագործակցությունը առավել կամրապնդվի:
Վերջին շրջանում ակտիվացել են շփումները երկու երկրների միջեւ: Մարտին մենք Հայաստանում ընդունեցինք Լեհաստանի վարչապետ պարոն Դոնալդ Տուսկին: Մի քանի շաբաթ առաջ այստեղ էր գտնվում տարանցիկ այցով Բրոնիսլավ Կոմորովսկին, որը նախագահական թեկնածու էր, իսկ այսօր արդեն Լեհաստանի ընտրված նախագահն է: Պարոն Սիկորսկու այցելությունը պատասխան այցելություն է անցյալ տարվա սկզբին Վարշավա կատարած իմ այցելությանը, եւ այդ այցելությունից հետո մենք օգտագործել ենք բազմաթիվ հնարավորություններ, որոնք ընձեռնվել են միջազգային կոնֆերանսների եւ հավաքների ժամանակ, որպեսզի հանդիպենք եւ մտքեր փոխանակենք: Ուրախ եմ, որ պարոն Սիկորսկու այցելությանը զուգահեռ երեկ Երեւանում կայացել է միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը: Կարեւոր է, որ երկու մայրաքաղաքների միջեւ ուղիղ չվերթ է բացվել, որը Արմավիա եւ Լոթ ավիաընկերություններն են իրականացնելու: Մեր երկու երկրների միջեւ առկա է լուրջ իրավապայմանագրային դաշտ: Այս ամենը իհարկե կարեւոր հիմք են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների առավել զարգացման համար: Այսօրվա հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային տարբեր հարցեր, եւ բանակցությունները կշարունակվեն այսօր երեկոյան եւ վաղը` աշխատանքային ճաշի ընթացքում: Քննարկել ենք նաեւ Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունները, կովկասյան տարածաշրջանին վերաբերվող հարցեր: Պարոն Սիկորսկին նաեւ հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ վարչապետի հետ»,- ասել է Նալբանդյանը:
Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին ասել է. «Շատ ուրախ եմ, որ Հայաստանը անդամակցում է Արեւելյան Գործընկերության ծրագրին, որի նախաձեռնողը Լեհաստանն էր, եւ դա շատ ուրախալի փաստ է: Ուզում եմ ողջունել նաեւ առեւտրատնտեսական հարաբերություններում ակտիվությունը: Լեհաստանը կաջակցի Հայաստանին տարբեր հարցերում, մասնավորապես արտոնագրային ռեժիմի դյուրացման, իսկ հետագայում նաեւ արտոնագրային ռեժիմի հանման հարցերում, եթե իհարկե Հայաստանը որոշ տեխնիկական պահանջներ բավարարի:
Մեր հարաբերություններում ոչ մի վիճարկելի խնդիրներ չունենք եւ ընդհակառակը ունենք շատ գործ անելու, որպեսզի մեր հարաբերությունները ավելի սերտացնենք եւ խորացնենք տնտեսական բնագավառում: Շատ կարեւորում եմ, ինչպես նախարար Նալբանդյանը նշեց, Լեհաստան-Հայաստան անմիջական օդային կապը, բոլորին հրավիրում եմ Լեհաստան այց կատարելու, եւ ես ինքս էլ կդրդեմ լեհերին այց կատարել Հայաստան: Լեհաստանի բազմաթիվ ձեռնարկատերեր իրենց առաջարկները ներկայացրել են Հայաստան եւ կարծում եմ, որ դրանք կընդունվեն հայկական կողմից եւ կկարողանան լեհ ձեռնարկատերերի հետ սերտ համագործակցել: Ուզում եմ ողջունել նաեւ այն փաստը, որ Հայաստանը պրագմատիկ դիրք է գրավել հայ-թուրքական հարաբերությունների խնդրի լուծման ճանապարհին եւ կարծում եմ, որ ներկա իրավիճակը կփոխվի: Որքանով տեղյակ եք Լեհաստանը նաեւ ԵԱՀԿ-ի կապող օղակն է, եւ այն ամեն ինչ կանի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով»:






Facebook
Tweet This
Email This Post
