Պիլոտային ծրագիրը նոր թափ է ստանում

Պաշտոնական, Օրվա լուր | | July 14, 2010 12:25
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքը և հետագա անելիքները։ Զեկույցներով հանդես են եկել ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը։
Ծրագրի շրջանակներում տրամադրվել է շուրջ 100 վարկ մոտ 1 մլրդ դրամի չափով։ Վարկերի շուրջ 80 տոկոսը տրամադրվել է Երևան քաղաքում, իսկ 20 տոկոսը` մարզերում։
Ընդհանուր առմամբ բավարար գնահատելով ծրագրի իրականացման ընթացքը` Տիգրան Սարգսյանը մատնանշել է մարզերում երիտասարդ ընտանիքների կողմից վարկերից օգտվելու ցածր ցուցանիշը։ Ընդգծելով տարածքային համաչափ զարգացման կարևորությունը` կառավարության ղեկավարը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը մարզաբնակ երիտասարդ ընտանիքների համար օգոստոս ամսվա ընթացքում պատրաստել 2010 թ. հունվարի 29-ին կառավարության հաստատած հիշյալ պիլոտային ծրագրի պայմանների փոփոխման մասին որոշման նախագիծ, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` մարզերում ակտիվացնել հանրային իրազեկման գործընթացը։
Ամփոփելով ծրագրի իրականացման ընթացքն ու զարգացման միտումները, ինչպես նաև առկա պահանջարկը` նշվել է, որ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով նախատեսված 3 մլրդ դրամը մինչև տարեվերջ կիրացվի ամբողջ ծավալով։
Դիտվել է 1248 անգամ:
Print Friendly

Leave a Reply