Հայաստանի սուսերամարտիկները հաջող մրցելույթ ունեցան Բաթումում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | July 6, 2009 14:47Բաթումում կայացած Զաուր Թավազաձեի միջազգային հուշամրցաշարում Հայաստանի սուսերամարտիկները տիրացել են ոսկե 1, արծաթե 2, բրոնզե 5 պարգևի: Մեր երկրից մարտուղյակ էր դուրս եկել 16 հրացանակիր: Ստուգատեսին մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ներկայացուցիչները: Տանտերերը հանդես էին գալիս 3 թիմով: Մրցասպարեզ էին ելել Թբիլիսիի, Բաթումի, Քութայիսի հավաքականները:
Ճկասուսերակրուհիների մրցաշարում գերազանց հանդես եկավ Հասմիկ Աղաբաբյանը: Բյուրեղավանի «Քեթրին» ակումբի 14-ամյա մարզուհին, եզրափակիչում պարտության մատնելով քութայիսցի Էտա Գորգաձեին, կանգնեց պատվո պատվանդանի 1-ին աստիճանին: Նույն զինաձևի տղամարդկանց պայքարում եզչափակիչ էր դուրս եկել Ժորա Վարդանյանը, բայց պարտվելով թբիլիսցի Արչիլ Ուգալավային` արժանացավ 2-րդ տեղին:
3-րդ մրցանակակիրներ դարձան Գևորգ Հարությունյանը և Լևոն Ստեփանյանը: Խոցասուսերակիրների եզրափակչում էլ ճկասուսերակիրների մրցումների պատմությունը կրկնվեց. Գաբոյանը զիջեց Ադրբեջանի ներկայացուցիչ Կենան Ալիևին: 3-րդ մրցանակակիր դարձան Ռոբերտ Խաչատրյանը և Արթուր Խոջոյանը: Իզաբելա Քամալյանը 3-րդը ճանաչվեց խոցասուսերակրուհիների մրցումներում: 3-րդն էր նաև թբիլիսցի Թամար Կարալաշվիլին: Իսկ առաջին երկու տեղերը զբաղեցրին նրա հայրենակիցներ Խաթիա Լելաձեն (Քութայիս) և Մարիամ Լոմիձեն (Թբիլիսի):






Facebook
Tweet This
Email This Post
