Հանրապետությունում կիրականացվի «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր»-ը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 13, 2010 13:30

2011-2015թթ-ի ընթացքում հանրապետությունում կիրականացվի «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր»-ը: Այսօր Երեւանում մեկնարկած երկօրյա աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն ծրագրի առանձնահատկությունները, նախատեսված միջոցառումները, խնդիրները: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ծրագիրն ունի 2 բաղադրիչ` աջակցություն պտղի եւ ընկուզենու արտադրությանը եւ գյուղական ենթակառուցվածքների զարգացում: Առաջին բաղադրիչը կիրականացվի 3 մարզերում` Վայոց Ձորում, Տավուշում, Արագածոտնում, երկրորդը` ամբողջ Հայաստանում:

«Մենք կներկայացնենք ծրագիրը շահագրգիռ կազմակերպությունների, նախարարությունների լայն քննարկմանը: Արդյունքում կմատնանշվեն բացթողումները, կլինեն առաջարկություններ, որոնք անպայման հաշվի կառնենք»,-ասաց Գ. Ալավերդյանը: Նրա խոսքով, նախկինում գյուղական զարգացման ծրագրեր նույնպես իրականացվել են, որոնց արդյունքներն ակհայտ են: Բազմաթիվ համայնքներ ունեն խմելու եւ ոռոգման ջրագծեր, վերոնորոգվել են միջհամայնքային ճանապարհներ եւ այլն:

Վայոց Ձորում, Տավուշում, Արագածոտնում նոր այգիների հիմնման համար կիրականացվի կորիզավոր պտուղների եւ ընկուզապտուղների տեսակների ու սորտերի ընտրություն: Նախատեսվում է պտղաբուծության բնագավառում նոր տեխնոլոգիաներ ներդնել, մասնավորապես` կաթիլային ոռոգման, այգիների պարարտացման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում եւ այլն: Գ. Ալավերդյանի խոսքով, ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի գյուղական տարածքներում աղքատության նվազմանը: Ըստ նրա` Տավուշի, Վայոց Ձորի, Արագածոտնի մարզերում արդեն կատարվել են ուսումնասիրություններ, 2011թ-ից ծրագիրը սկսելու համար շուտով կմեկնարկեն կազմակերպչական աշխատանքները: Հանրապետությունում տարեկան արտադրվում է ավելի քան 300 հազար պտուղ, որից կորիզավորը` շուրջ 180 հազար, ընկուզեղենը` 5 հազար:

Ըստ վիճակագրության` տարեցտարի հանրապետությունում ավելանում են պտղատու այգիների տարածքները: Պտղաբուծության ոլորտում առկա են մի շարք հիմնախնդիրներ: Դեռեւս զգալի տեսակարար կշիռ են կազմում ծերացած, արտադրողական նշանակությունը կորցրած այգիները: Խիստ սահմանափակ է արտադրության մեջ օգտագործվող պտուղների սորտերի տեսականին: Գ. Ալավերդյանի խոսքով, Հայաստանում պտղաբուծության զարգացման համար կան անհրաժեշտ պայմաններ` կլիման բարենպաստ է, կան աշխատանքային ռեսուրս եւ մասնագիտական ներուժ, պտղաբուծության հարուստ փորձ եւ ավանդույթներ, մյուս մշակաբույսերի համեմատ բարձր շահութաբերություն, համաշխարհային շուկայում պտուղների նկատմամբ պահանջարկի շարունակական աճ եւ գների բարձրացում:

Գ. Ալավերդյանը նշեց, որ գյուղատնտեսության զարգացման համար խնդիրները պետք է դիտարկել մեկ ընդհանուր հարթության վրա եւ իրագործել համալիր միջոցառումների ծրագիր: «Գյուղը զարգացնելու համար միայն հողագործության վրա շեշտը դնելը քիչ է, ենթակառուցվածնքների զարգացում է անհրաժեշտ: Դրա համար պետք է մշակվի միջոցառումների ծրագիր` հաշվի առնելով բոլոր ուղղությունները` դպրոցաշինություն, ճանապարհաշինություն, հողագործություն եւ այլն»,-ասաց Գ. Ալավերդյանը: Ըստ նրա` հիմնական ուղղություններից են նաեւ սերմաբուծության զարգացումը, մեքենատրակտորային կայանների առկայությունը, տոհմային անասնաբուծությունը:

Սերմաբուծության զարգացման ուղղությամբ արդեն քայլեր իրականացվում են: Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը հաստատեց 2010-2013թթ-ի համար նախատեսված «Ցորենի սերմաբուծության եւ սերմնարտադրություն զարգացման ծրագիր»-ը, որով նախատեսվում է այս տարի 1000 տոննա սերմ ներմուծել Հայաստան: Այդ նպատակով հաջորդ շաբաթ մասնագիտական խումբը կգործուղվի ՌԴ Ստավրապոլի երկրամաս: Մեքենատրակտորային կայանների ստեղծման ուղղությամբ նույնպես միջոցառումներ իրականացվում են: Ճապոնական դրամաշնորհի միջոցով 61 գյուղատնտեսական տեխնիկա արդեն բերվել է Հայաստան: Նախարարի խոսքով, դրա բազայի հիման վրա մարզերում կստեղծվեն մեքենատրակտորային կայաններ:

Տոհմային անասնաբուծության հետ կապված, նախարարը նշեց, որ շուտով աշխատանքային խումբ կմեկնի Գերմանիա, որտեղից Հայաստան կբերվի 265 գլուխ երինջ: Աշխատաժողովին մասնակցում էին նախարարությունների, մարզպետարանների, միջազգային, հասարակակական կազմակերպությունների, գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ եւ այլք:

Դիտվել է 2009 անգամ:
Print Friendly

Leave a Reply