Երեկվա բուքուբորանը ծառեր է արմատախիլ արել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | Էդգար Ամիրխանյան | հուլիսի 6, 2009 14:03
80-ամյա Անիչկա տատը ձեռքերը ծնկներին է խփում. երեկվա անակնկալ տեղատարափ անձրևն ու քամին ավերել են տատի խրճիթանման տան տանիքը: Իսկ ծիրանի ու շլորի ծառերի վրա նմուշի համար մի միրգ անգամ չի մնացել:
Նորագավիում մեն-մենակ ապրող հիվանդ տատն անձրևին կռացել ու հավաքել է գետնին թափված միրգը: Մինչև երեկվա փոթորիկը հույս ուներ, որ մի քանի շաբաթից բերքահավաք կանի ու լավ մրգից մի քիչ էլ կվաճառի:
«Այ բալա, սաղ ծառերը պլոկեց տարավ, ծիրանս սաղ լխկվել ա, ես էլ թոշակով ապրող կնիկ եմ, ասում էի զակատիւ սեզոնին հարևանիս թոռը կօգնի, կքաղեմ, կծախեմ, հացի փող կանեմ, հիմա ես ի՞նչ անեմ: Էս անտեր կռիշի շիֆերները պոկել է, կաթում է, լավ ա` մի քանի հատ տանը ունեմ, կտամ հարևաններս կմեխեն »,-նեղսրտած ասում է տատը ու հոգոցով նստում փայտե պատշգամբում:
Նախօրեին Երևանի գրեթե բոլոր թաղամասերում, Հայաստանի մարզերում տանիքներ են պոկվել, ծառեր են ընկել, բերքն է վնասվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տվյալներով` Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր և Կոշ գյուղերում երեկ երեկոյան պոկվել են մի քանի բնակելի տների տանիքներ, կոտրվել են ապակիներ:
Քամին վնասել է նաև Աշտարակ քաղաքի մի քանի բնակելի տան տանիքներ, կտրել էլեկտրական լարեր: Ավերածություններ են գրանցվել նաև Շիրակի մարզում:
Իսկ Երևանում, բացի շենքերին հասած վնասից, նաև 34 ծառ է ընկել: Բուքուբորանին, ինչի հետևանքով խափանվել է մայրաքաղաքային երթևեկությունը, վնասվել` ավտոմեքենաներ, ականատեսն է եղել նաև «Անկախի»-ի թղթակիցը:
Ելնելով ստեղծված իրավիճակից` երեկ վթարա-վերականգնողական աշխատանքներին ներգրավվել են Երևան քաղաքից 4 մարտական հաշվարկ, ինչպես նաև մայրաքաղաքի համայնքային բաժինների անձնակազմերը, իսկ ժամը 19.15-ին հայտարարվել է հրշեջ-փրկարարական ջոկատների` հերթափոխից ազատ անձնակազմի ազդարարում և հավաք:
Հատուկ փրկարար ջոկատը կատարել է նաև 6 շենքերի, տների ու շինությունների վնասված տանիքների թիթեղների ապամոնտաժման և 14 ծառի մասնատման աշխատանքներ:
ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության տվյալներով` այսօր գիշերը և երեկոյան ժամերին կրկին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:





Facebook
Tweet This