Նոր մանկապարտեզ` Ղուզե Ճարտար գյուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 13, 2010 11:19

Այս տարվա հունիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության հովանավորությամբ մեկնարկեց ԼՂՀ Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղի մանկապարտեզի կառուցումը: Ծրագիրն իրականացվում է «Լուդենդո Գրուփ» ընկերության նախագահ Ժան-Միշել Գրինբերգի եւ  «Բերենիկ եւ Եվրելիա» ընկերության նախագահ Միշել Փազումյանի նվիրատվություններով` ի հիշատակ Հիմնադրամի բարերար Էմանուել դե Լաբարրի, որը կյանքի վերջին տարիների ընթացքում ակտիվորեն ներգրավված է եղել Հիմնադրամի արցախյան ծրագրերում:

Ներկայիս մանկապարտեզը գործում է գյուղի նախկին դպրոցի մասնաշենքում, որը կառուցվել է նախորդ դարի երեսունական թվականներին:

Այժմ ընթանում են շենքի հիմքի կառուցման աշխատանքները: Շենքի առաջին եւ երկրորդ հարկերում նախատեսվում է կառուցել հանդերձարաններ, խաղասենյակներ, ննջարաններ նախատեսված մանկապարտեզի 80 երեխայի համար: Շենքն ապահովված կլինի նաեւ խոհանոցով, լվացքատնով, բուժկետով, սանհանգույցներով, ինչպես նաեւ ջեռուցման, օդափոխության ու հակահրդեհային համակարգերով: Մանկապարտեզը կունենա նաեւ բացօթյա խաղահրապարակներ:

«Մեր երեխաները, ապրում են նրանք մայրաքաղաքում, թե հեռավոր գյուղերում, արժանի են անհոգ ու գեղեցիկ մանկության»,- ասում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

«Գյուղը, եւ մանավանդ երիտասարդ ընտանիքները վաղուց էին սպասում այս մանկապարտեզին: Ամեն օր իրենց հոգսերի հետ կռիվ տվող ծնողների համար շատ կարեւոր է իմանալ, որ իրենց երեխաները ոչ միայն հոգատար ձեռքերում են, այլեւ օրվա մեծ մասն անցկացնում են ապահով ու լավ պայմաններում», – ասում է մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Հարությունյանը:

Այս ծրագիրը Ֆրանսիայի տեղական մարմնի` դպրոցների ու մանկապարտեզների վերանորոգման ու կահավորման բազմաթիվ ծրագրերից մեկն է: Հիշեցնենք, որ կրթական հաստատությունների կահավորման ծրագրերը Ֆրանսիայի տեղական մարմինն առավել համակարգված ձեւով սկսել է իրագործել 2004 թվականից: Միայն 2009-ին ֆրանսահայերի հովանավորությամբ կահավորվել է 103 դպրոց Հայաստանում ու Արցախում` ավելի քան 10000 աշակերտի ապահովելով հարմարավետ ու գեղեցիկ կահավորված դասասենյակներով: Առ այսօր, Ֆրանսիայի կառավարության եւ ֆրանսահայ համայնքի շնորհիվ 26000 երեխա դպրոցներում ու մանկապարտեզներում ապահովվել է նոր կահույքով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Դիտվել է 862 անգամ:
Print Friendly

Leave a Reply