Փորձագետ. գազատարը Ադրբեջանին վաճառելը կնշանակի Հայաստանին շնչահեղձ անել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 12, 2010 17:08

«Հայաստանի համար կարևոր է, որ Վրաստանով անցնող և Հայաստանին գազ մատակարարող հյուսիս-հարավ գազատարի գնորդն ունենա տնտեսական, ոչ թե քաղաքական դրդապատճառներ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց փորձագետ Վահե Սարգսյանը,- քաղաքական դրդապատճառներ ունեցող ընկերություններ  են թուրք-ադրբեջանական ճամբարի ներկայացուցիչները»:

Սարգսյանը Վրաստանով Հայաստան գազ մատակարարող մագիստրալը համարում է Հայաստանի շնչափողը և նշում, որ այն ադրբեջանական ընկերությանը վաճառելը կնշանակի Հայաստանին շնչահեղձության դատապարտել:

Սարգսյանը նշում է, որ Հայաստանը այս հարցը կարգավորելու անմիջական լծակներ չունի` գազատարը Վրաստանի սեփականությունն է և Հայաստանը չի կարող միջամտել այլ երկրի ներքին գործերին: Փոխարենը, ըստ Սարգսյանի, Հայաստանը կարող է  խնդիրը միջազգային ատյաններում բարձրաձայնելով և վրացական կողմին բացատրելով  խուսափել  նման հեռանկարից: Իսկ եթե այնուամենայնիվ գազատարը ձեռք բերի որևէ թուրքական կամ ադրբեջանական ընկերություն, ապա «Հայաստանն իրավունք կունենա ռազմական գործողություններ ձեռնարկել գազատարի հատվածում` կանխելու ադրբեջանական սանձարձակությունները»:

Սարգսյանի կարծիքով, սակայն, թուրք- ադրբեջանական  գործոնը գազատարի ձեռքբերման հարցում ուռճացված է. «Դա երեևի հայկական, նաև ռուսական կողմի վրա ճնշումներ գործադրելու միջոց է»:

Ըստ վրացական կողմի պաշտոնական տեսակետի` գազատարի վաճառքը պայմանավորված է տնտեսության և ներդրումների ազատականացմամբ: Սարգսյանի կարծիքով, սակայն, այստեղ կարող են լինել մի շարք դրդապատճառներ, ինչպես ռուսական Գազպրոմի, թուրք-ադրբեջանական որևէ ընկերության կամ արևմտյան որևէ գնորդի հետ նախնական պայմանավորվածությունը: Փորձագետի կարծիքով` Վրաստանի այս քայլը կարող է նաև լինել աշխարհի ուշադրությունը գրավելու փորձ. «Վրաստանի վարչապետն օրերս հայտարարեց, որ գազատարը չի վաճառվելու: Ապա ինչո՞ւ է այն հանվում սեփականաշնորհման ոչ ենթակա օբյեկտների ցանկից: Սա ևս ապացուցում է, որ պարզապես ուզում են ուշադրություն գրավել, նաև հարևաններին` Հայաստանին և Ռուսաստանին զգաստացնել»:

Սարգսյանը գազատարի վաճառքի դեպքում հավանական գնորդներ է համարում ռուսական «Գազպրոմ»-ին և վրացական գազի բաշխիչ ցանցերի սեփականատեր Ղազախական «Ղազտրանսգազ»-ին` նախապատվությունը տալով վերջինին:

Սարգսյանն ասում է, որ չնայած վրացական կողմը նման կարևոր որոշում կայացնելիս չի խորհրդակցել հայկական կողմի հետ, սակայն այս հարցում հայ-վրացական շահերը համընկնում են և գազատարը կվաճառվի տնտեսական շահեր հետապնդող ընկերության:

Սակայն ինչ էլ լինի, գազատարը չի կարող վաճառքի հանվել մինչև 2011-ի ապրիլը` 2006—ին ԱՄՆ-ն Վրաստանին 300 մլն դոլար է տրամադրել գազատարի բարեկարգման համար` պայմանով, որ այն չի վաճառվի միօնչև 2011-ը:

Դիտվել է 1400 անգամ:
Print Friendly

Leave a Reply