Կլաուդիա Կարդինալե. «Ես 130 կյանք եմ ապրել»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 12, 2010 16:44

Կլաուդիա Կարդինալե, Հարություն Խաչատրյան

Հանրահայտ Կարդինալեն արդեն երկրորդ օրն է, որ Երևանում է: 72-ամյա դերասանուհին անընդհատ ժպտում է՝ շռայլելով կինոսատղի լայն հմայքը:

Այսօր երեկոյան Մոսկվա կինոթատրոնում նրան կշնորհվի Փարաջանովյան Թալեր և կցուցադրվի Լուկինո Վիսկոնտիի «Ընձառյուծը»(1963թ.) ֆիլմը, որն արժանացել է Կաննի «Ոսկե արմավենու ճյուղի»:

Իսկ մինչ այդ նա հանդիպում է լրագրողների հետ ու պատասխանում նրանց հարցերին: Դերասանուհուն ուղեկցում էր Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին:

«Շոգ է,- ասում է Կարդինալեն,- Ես 52 տարի է, որ կինոյի մեջ եմ ու շատ փառատոնների եմ մասնակցել: «Ոսկե ծիրանն» էլ փառատոն է, ես շատ ջերմ ընդունելության եմ արժանացել: Միակ  խնդիրը շոգն է»:

«Այս այցը շատ  կարևւոր փուլ է հայ-իտալական մշակութային հարաբերությունների համար,- ասաց դեսպանը,- Կարդինալեն իտալական կինոյի սիմվոլներից է: Նա մեծ ներդրում ունի և կարևոր տեղ է զբաղեցնում ոչ միայն իտալական, այլև համաշխարհային կինոյի պատմությունում»:

Կարդինալեն ծնվել է Թունիսում, որտեղ  շատ պատահաբար հաղթել է գեղեցկության մրցույթում: Այդ մասին նա պատմեց լրագրողներին: Նա ուզեցել է ուսուցչուհի դառնալ: Իսկ մրցույթի առաջին մրցանակը Վենետիկ  ուղևորությունն էր, ուր նա մեկնում է արաբական հագուստներով:

«Վենետիկյան արարողության ժամանակ ես առանձնանում էի իմ հագուստով, և բոլոր պապարացիները ինձ էին նկարում,- պատմում է Կարդինալեն,- ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում ու ընդհանրապես չէի հասկանում, թե ինչու են  ինձ նկարում: Ինձ հարցնում էի, թե ուզու՞մ եմ արդյոք զբաղվել կինոդերասանությամբ, և ես ասում էի ՝ոչ»:

Հետո, երբ նա վերադարձել է Թունիս, Վենետիկում լույս են տեսել բազմաթիվ հոդվածներ՝ «Աղջիկը, որը չի ուզում զբաղվել կինոկարիերայով» վերնագրով:

Կարդինալեն բազմաթիվ դերեր է մարմնավորել կինոյում. 130 դերակատարում: «Հայտնի է, որ մարդիկ մեկ կյանք ունեն,- ասում է նա,- բայց ես 130 կյանք եմ ապրել. եղել եմ մարմնավաճառ ու արքայադուստր: Բոլոր դերեն էլ ինձ համար սիրելի են եղել ու չունեմ իմ համար նախընտրած ժանր կամ դերակատարում»:

Նա ասում է, որ իր գործում անհրաժեշտ է լինել ուժեղ մարդ, որպեսզի չկորցնես ինքդ քեզ ու կարողանաս տարբերակել, թե ով ես դու.«որովհետև այդ դերերում դու դառնում ես այդ մարդը, և պետք է լինես շատ ուժեղ, որպեսզի հաղթես այդ պայքարում»:

Կարդինալեն երբեք չի խառնել անձնական կյանքն ու գործը: «Միշտ էլ դրանք իրարից առանձնացրել եմ,-  ասում է նա,- ես շատ գեղեցիկ տղամարդկանց եմ հանդիպել, բայց երբեք էլ նրանց թակարդը չեմ ընկել»:

Կլաուդիան խենթ է. սիրում է վտանգավոր իրավիճակներ: «Ես բոլոր ֆիլմերում էլ ցանկացել եմ հետաքրքիր էֆեկտներ օգտագործել,- ասում է նա,- ես շատ եմ վախենում բարձրությունից, բայց երբ կրկեսային տեսարաններ էին նկարահանվում, ես գնացել եմ ամենաբարձր տեղերը: Ինչքան վտանգը շատ՝ այնքան ավելի հետաքրիքր. ես մի փոքր խենթ եմ»:

Դերասանուհուն հետաքրքրում է կերպարի տրանսֆորմացիան: Նա սիրում է միաժամանակ լինել տարբեր: Պատմում է, որ «Ընձառյուծն» ու «Ութ ու կեսը» նկարվել են զուգահեռ, սակայն կարողացել է միաժամանակ կերտել իրարից տարբերվող կերպարներ. «դա ինձ դուր է գալիս»:

Կարդինալեն Վերնոյի հետ ծանոթ է եղել դերասանական կարիերան սկսելու տարիներից:

«Ես այն ժամանակ շատ երիտասարդ էի, դա 1959թ. ու դեռ այն ժամանակվանից էլ շատ մեծ դերասանների ու անվանի մարդկանց հետ եմ աշխատել,- ասում է նա,- Վերնոյն ուզեց, որ ես մարմնավորեմ նրա մոր կերպարը, ու ես դա արեցի»: Ինչպե՞ս կմարմնովորեր նա հայ կնոջ կերպարը, եթե այսօր նման առիթ ընձեռվեր: Դերասանուհին ասում է, որ ոչինչ էլ չէր փոխի այդ կերպարում: «Կինոյի նկարահանման ժամանակ շատ կարևոր է ռեժիսոր հետ դերասանի փոխահարաբերությունները,- մեկնաբանում է նա,- դու պետք է հետևես ռեժիսորի մտքերին, որպեսզի կարողանաս մարմնավորել այն կերպարը, որը կերտել է նա»:

Կարդինալեն ունի մեկ տղա և մեկ աղջիկ: «Աղջիկս ծնվել է այն ժամանակ, երբ ծնվեց տղայիս աղջիկը,- ժպտալով պատմում է  դերասանուհին,- Մենք բոլորս էլ շատ լավ հարաբերություններ ունենք միմյանց հետ: Եղբայրս ապրում է Իտալիայում, քույրս՝ Պոլինեզիայում: Մենք հաճախակի հեռախոսային զրույցներ ենք ունենում և հանդիպում»:

Կարդինալեն  իրեն համարում է եվրոպացի կին և եվրոպացի դերասանուհի. «ես նկարահանվել եմ շատ ամերիկյան ֆիլմերում, և Հոլիվուդում ինձ պայմանագիր էլ են առաջարկել, բայց ես մերժել եմ»:

Վաղը երեկոյան դերասանուհին կմեկնի: Նա  Հայաստանում է երեք օրով: Հասցրել է արդյոք կարդիանլեն ծանոթանալ հայկական մշակույթի հետ կամ որքանո՞վ է ծանոթ: «Ցավոք սրտի շատ ժամանակ չեմ ունեցել շատ տեղեր այցելելու,- ասում է նա,- Բայց Հայաստանն էլ շատ նման է Իտալիային: Ինձ այստեղ շատ ֆիլմեր ու գրքեր են նվիրել Հայաստանի մասին, երբ վերադառնամ Փարիզ, կարծում եմ ժամանակ կունենամ ավելի մոտիկից ծանոթանալու հայ մշակույթի հետ: Կարծում եմ դեռ առիթ կլինի Հայաստան կրկին այցելելու»:

Դիտվել է 1592 անգամ:
Print Friendly

Leave a Reply