Մրցանակները գտան տերերին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 12, 2010 14:14

Հարավաֆրիկյան Հանրապետությունում ավարտված ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունում չեմպիոն դարձավ Իսպանիայի հավաքականը: Այսպիսով, Եվրոպայի չեմպիոնն ուժեղագույն ճանաչվեց նաև աշխարհի առաջնությունում: Ընդ որում, եզրափակիչ խաղում Եվրոպայի չեմպիոնը լրացուցիչ խաղաժամանակում 1:0 հաշվով հաղթեց Հոլանդիայի թիմին: Վճռական գնդակը 116-րդ րոպեին խփեց Անդրեաս Ինյեստան: Ի դեպ, հոլանդացիները եզրափակիչ խաղում երրորդ անգամ անհաջողության մատնվեցին: Նրանց բախտն ուղեկից չէր եղել նաև 1974-ի և 1978-ի եզրափակիչներում: Առաջնությունում 3-րդ տեղը գրավեց Գերմանիայի ընտրանին, որը 3:2 հաշվով պարտության մատնեց Ուրուգվայի հավաքականին: Առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ուրուգվայի հավաքականի հարձակվող Դիեգո Ֆորլանը: Իսկ լավագույն ռմբարկուի համար նախատեսված «Ոսկե խաղակոշիկը» բաժին հասավ Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլլերին, որը մրցակիցների դարպասները գրավեց 5 անգամ: Նույնպիսի ցուցանիշ ունեն նաև Ֆորլանը, իսպանացի Դավիդ Վիլյան և հոլանդացի Վեսլի Սնայդերը, սակայն նրանք ավելի քիչ գոլային փոխանցումներ են կատարել, քան Մյուլլերը: Առաջնության լավագույն դարպասապահը Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասն է:

Դիտվել է 1574 անգամ:
Print Friendly

Leave a Reply