Նորաձև մանիկյուր` երկարացրեք ոչ թե եղունգները, այլ երևակայությունը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | July 11, 2010 2:50

Եղունգների ձևավորումը կամ ինչպես ասում են` նեյլ-արտը, կնոջ իմիջի ամենակարևոր մասերից է: Ուստի մի զարմացեք, որ կանայք իրենց եղունգներին երբեմն ավելի երկար ժամանակ են տրամադրում, քան, ասենք, տղամարդիկ` ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Այս տարի եղունգների նորաձևությունն առանձնանում է ծաղկավոր, անհոգ, խիտ ու վառ գույներով ու ձևավորմամբ. դիզայներները, կարծես, դրել են իրենց մանկության հիշողությունները` մրգային կոնֆետների, ժելեների և նուգաների տեսքով:

Ձևը

Շեշտը պետք է դնել ոչ թե երկարության, այլ երևակայության վրա. այլ կերպ ասած, եղունգները պետք է կարճ կտրել, երևակայությունը` երկարացնել: Այս ամառ նորաձև են քառակուսի և նշաձև կտրվածքները, սակայն կարճ և նուրբ դիզայնով:

Գույները

Հյութեղ ու վառ վարդագույնը, մանուշակագույնը, երկնագույնն ու կանաչադեղնավունը այս ամառվա նեյլ-արտի անբաժանելի գույներն են, որոնք, անկախ ամեն ինչից, ստեղծում են ուրախ ու կենսախինդ տրամադրություն:

Իսկ նրանց, ովքեր նախընտրում են ավելի մեղմ ու բնական երանգներ, դիզայներներն առաջարկում են բրոնզը, ոսկեգույնն ու մետաղական փայլը:

Սակայն երկու գույներ` իրենց երանգներով, նորաձևության բարձունքին կլինեն ողջ տարվա ընթացքում. դրանք են` վարդագույնն ու մանուշակագույնը:

Բաց մանուշակագույնն ընդունելի է ամենօրյա մանիկյուրի դեպքում, իսկ մուգ, սևին խփող

մանուշակագույնն ավելի ընդունելի է երեկոյան հանդիսությունների ժամանակ` խիստ դրես-կոդի դեպքում:

Եղունգները կարելի է ձևավորել նաև մանուշակագույնի և վարդագույնի համադրությամբ:

Դասական սևը, մուգ մանուշակագույնն ու դարչնագույնը շատ նորաձև են նաև ոտքերի եղունգների համար: Իսկ եթե այդ գույներով ներկված եղունգներին ավելացնեք նաև մեկական փոքրիկ փայլուն քար, ապա ձեր ոտքերը կշողան բառիս բուն և փոխաբերական իմաստներով:

Եւս մեկ միտում. եղունգները կարելի է ներկել երկու գույնով` ցանկալի է խիստ կոնտրաստային: Կարևոր չէ, թե երկրորդ գույնն ինչ տեղում է և ինչ ձևով, կարևորը երկու գույնի կիրառումն է:

Մեկ այլ միտում. ներկեք մատների եղունգները` մուգից մինչև բաց. օրինակ, բաց մոխրագույնից մինչև սև կամ մուգ կապույտից մինչև բաց երկնագույն:

Սակայն հիշե՛ք

Ինչպիսի գույներ ու ձևավորում էլ որ ընտրեք, համադրեք այն ոչ թե շրթներկի կամ հագուստի, այլ աքսեսուարների հետ: Իսկ աքսեսուարներն այս տարի, եթե հիշում եք, բազմագույն են, ոչ ստանդարտ և ծավալուն:

Դիտվել է 6931 անգամ:
Print Friendly

Leave a Reply