Վարչապետն այցելել է Կոտայքի մարզ

Պաշտոնական, Օրվա լուր | | July 10, 2010 10:00

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն երեկ  աշխատանքային այցելությամբ եղել է Կոտայքի մարզում: Վարչապետի առաջին կանգառը եղել է Մարմարիկում, որտեղ կառավարության ղեկավարը ծանոթացել է ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին, և ոլորտի պատասխանատուների հետ քննարկել շինարարական աշխատանքների մանրամասներն ու ժամկետները: Ջրամբարի կառուցումը հնարավորություն կստեղծի էլեկտրաէներգիայի տնտեսման, ինչպես նաև մարզի ոռոգման խնդիրների լուծման համար: Անդրադառնալով ջրամբարի կարևորության վերաբերյալ լրատվամիջոցների հարցին Տիգրան Սարգսյանն ասել է. «Ջրամբարի կառուցումն ունի մեծ նշանակություն: Մի կողմից այն մեզ հնարավորություն է տալիս հստակ կարգավորելու Սևանա լճից օգտագործվող ջրի ռեժիմը, մյուս կողմից բարձրացնելու համակարգի արդյունավետությունը: Մենք ավելի քիչ էլեկտրաէներգիա ենք ծախսելու, որպեսզի ջուրը մղենք այն տարածքներ, որտեղ ջրի անհրաժեշտություն կար: Ցավոք, մենք չէինք կարողանում դա ապահովել, քանի որ ջրի մատակարարումը բավականին թանկ էր նստում: Մարմարիկի ջրամբարի կառուցումը ընդհանուր առմամբ բարձրացնելու է մեր ջրային տնտեսության արդյունավետությունը և հնարավորություն է տալու նաև ֆինանսական տնտեսումներ կատարել, առավել ռացիոնալ օգտագործել էլեկտրաէներգիայի վրա ծախսվող գումարները»:
Շուրջ 4,6 մլրդ դրամի արժեքով շինարարությունն իրականացվում է ՀԲ «Ջրամբարների անվտանգություն» ծրագրի շրջանակներում և կավարտվի մինչև տարեվերջ:
Այնուհետև կառավարության ղեկավարը մեկնել է Աղվերան, որտեղ մասնակցել է «Աղվերան հոթել» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը: Միջոցառմանը հաջորդել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և հայաստանյան «Էլիտ գրուպ» ընկերության միջև համաձայնագրի ստորագրման արարողությունը, որով ընկերությունը ստանում է 9 մլն. դոլար: Հիշեցնենք, որ կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում «Էլիտ գրուպ» ընկերությանը տրամադրվել էր վարկային երաշխիք, որն արդեն իսկ վերադարձվել է:
Ամփոփելով այցը` կառավարության ղեկավարը նշել է, որ կարևորում է մարզերի սոցիալ- տնտեսական շարունակական և համակողմանի զարգացումը:

Դիտվել է 1682 անգամ:
Print Friendly

Leave a Reply