«Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի»

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 10, 2010 16:38

“Ապագան քոնն է” հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ բուհերի մի շարք ուսանողներ և դպրոցականներ հանդիպում են ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան և նույն գրասենյակի “Հմուտ ծրագրի” ավագ օգնական Նաիրա Գյուլնազարյանը: “Ապագան քոնն է” հասարակական կազմակերպության նախագահ Նարինե տեղեկացրել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի և “Ապագան քոնն է” բարեգործական, սոցիալական հասարակական կազմակերպության միջև ստորագրված համագործակցության հուշագրի` “Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի” ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող “Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի” աջակցությամբ, մայիս ամսին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվել է “Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի” ծրագիրը, որի շրջանակում ընտրվել է ՀՀ 6 բուհերի շուրջ 300 ուսանող, ովքեր մասնակցել են տարբեր շարադրությունների մրցույթների և վիկտորինաների: Բացի այդ, Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում կազմակերպվել են հնգօրյա դասընթացներ` ուղղված աշակերտների հակակոռուպցիոն կրթությանը  և դաստիարակությանը: Դասընթացների ընթացքում ընտրվել է ՀՀ երեք օրենք, այդ թվում նաև “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքը, որի շուրջ մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Ըստ Ն. Սարգսյանի` առաջարկությունների փաթեթն արդեն պատրաստ է,  և այն շուտով կտրամադրվի նախարարությանը:
Ողջունելով երիտասարդ մասնակիցներին` նախարարը խոսել է կրթական համակարգի հիմնախնդիրների, ուսումնական հաստատություններում կոռուպցիոն ռիսկերի նվազմանն ուղղված գործողությունների և ապագային միտված ծրագրերի մասին: Նա ներկաներին ողջ կյանքի ընթացքում շարունակական կրթություն ստանալու կոչ է արել` նշելով. “Վստահ եմ, որ մոտակա  տարիներին հաջողության, բարեկեցության  և երջանկության համար մարդկային մրցավազքը, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, խարսխված է լինելու հիմնականում գիտելիքի հզորության և այդ գիտելիքն օգտագործելու հմտությունների վրա: Ես ողջունում եմ ձեր հասարակական ակտիվությունը, քանի որ մեզ համար անչափ կարևոր է մեր սոցիալական գործընկերների հետ համագործակցությունը: Հասարակական կազմակերպությունները  ոչ թե մեր աշխատանքը քննադատությսն ենթարկող հասարակական օղակներ են, այլ նախևառաջ մեր գործընկերները, որովհետև իրականում ինչքան հասարակությունը հետաքրքրվի կրթական համակարգով, այնքան մեծ կլինի մեր համատեղ աշխատանքի արդյունավետությունը` հաշվի առնելով նաև մեր համակարգի շահառուների ահռելի մեծ թիվը` շուրջ 700 հազար շահառու: Վստահաբար կարելի է նշել, որ այսօր կրթական համակարգն ամենասոցիալիզացված ոլորտն է Հայաստանում և ակնհայտ է, որ  մեր համակարգում կատարվող փոփոխությունները համարյա յուրաքանչյուր ընտանիքում ունեն իրենց քննարկման հարթակը: Եվ պատահական չէ, որ կրթական ոլորտը միշտ գտնվել է հասարակական հսկողության և հետաքրքրության կիզակետում”,-նշել է նախարարը` հավելելով, որ նմանատիպ հանդիպումները ևս մեկ անգամ հնարավորություն են տալիս մտածել նախատեսվող ծրագրերի առավելությունների և թերությունների շուրջ: Անդրադառնալով հակակոռուպցիոն կրթության հիմնախնդիրներին` նախարարը նշել է, որ այս գործընթացում առաջնային է մարդկային մտածելակերպի փոփոխության խնդիրը և տեղեկացրել, որ մոտ ապագայում նախատեսվում է շրջանառության մեջ դնել “Կրթության մասին” և “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը, որում առկա է նաև հակակոռուպցիոն բաղադրիչ և վստահեցրել, որ բոլոր առողջ դիտողություններն ու առաջարկությունները, այդ թվում նաև այսօրվա մասնակիցների կողմից ներկայացված, անպայման կներառվեն օրինագծում` այսպիսով փաստելով, որ առկա է նաև երիտասարդների ներդրումն օրինաստեղծ գործընթացում;
Նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր հերթին մասնակիցներին մանրամասն ներկայացրել է թեստագիտության վերաբերյալ մի շարք մանրամասներ, որոնք ընդունված են միջազգային պրակտիկայում;
Հանդիպմանը երիտասարդ մասնակիցները նախարարին և նրա տեղակալին ուղղել են մի շարք սուր հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին դպրոցական օլիմպիադաների անցկացման, բուհական ընդունեության քննությունների ընթացքում կոռուպցիոն ռիսկերի նվազման, ուսման վարձավճարի, բուհական ղեկավար պաշտոնների ընտրության կարգի, մասնավոր բուհերի հավատարմագրման, ուսանողական վարկավորման, բուհերում պետպատվերի տեղերի կրճատման և այլ խնդիրների:
Հանդիպման ավարտին մասնակիցները նախարարին հրավիրել են մասնակցել օգոստոսին Աղվերանում կայանալիք հակակոռուպցիոն ճամբարին:

Դիտվել է 1462 անգամ:
Print Friendly

Leave a Reply