Տիգրանակերտի պեղումներին հրաժարվում են մասնակցել` Արցախի տարածքային խնդրի պատճառաբանությամբ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 9, 2010 16:06

Արցախի Տիգրանակերտի պեղումները մեծ հետաքրքրություն են առաջացրել ոչ միայն Հայաստանում ու Արցախում, այլև միջազգային գիտական շրջանակներում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը:

Նա ասաց, որ Տիգրանակերտի հետազոտական աշխատանքներին մասնակցելու ցանկություն արտասահմանյան շատ կազմակերպություններ են հայտնել, սակայն խուսափել են` Արցախի տարածքային խնդրի պատճառաբանությամբ: Պետրոսյանն ինքն է արդեն երկու միջազգային վարչություններից դուրս եկել, քանի որ վերջիններս մերժել են մասնակցել հետազոտական աշխատանքներին:

Ադրբեջանական այն հայտարարություններին, թե Տիգրանակերտը աղվան-ադրբեջանական մասունք է, և որ հայ գիտնականներն, այն իրենցը ներկայացնելով, հերթական անգամ ստում են, Պետրոսյանը քաղաքական խնդիր է համարում: Նա չի ուզում, որ գիտական-ակադեմիական նպատակներն առնչվեն քաղաքականությանը: Միաժամանակ նշում է, որ մեր մշակութային հարստությունը միայն թանգարանի դեր չպետք է կատարի. «Չեմ ընդունում այն տեսակետը, թե Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, այդ մտածողությունը սխալ է, մշակույթը լուրջ գործիք է` մեր այսօրվա ու վաղվա օրը»,-կարծում է Պետրոսյանը:

Ըստ նրա Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունը հայ մշակութային ժառանգության հայտնաբերման, հանրահռչակման և այն ներկա մշակութային գործընթացի մաս դարձնելու վերջին տարիների ամենահաջող ձեռնարկն է:

«Ծավալուն պեղումները, հուշարձանի լրացուցիչ մաքրումներն ու լանդշաֆտային տեսքի պահպանումը, հանրությանը ներկայացնելու ողջ գործընթացը` հրատարակությունները, ինտերնետային կայքի ստեղծումը, պարբերաբար անցկացվող ցուցահանդեսներն ու ի վերջո Տիգրանակերտի հնագիտական թանգարանի ստեղծումը այդ գործընթացի կարևոր մասն են: Այդ ամենի արդյունքում Տիգրանակերտն այսօր զամենաշատ այցելուներ ունեցող, ինտերնետում համակողմանիորեն ներկայացված և հանրությանն առավել քաջածանոթ հուշարձանն է:»,-նշում է Պետրոսյանը:

Ըստ նրա, Տիգրանակերտն ամեն օր միջինը 40-70 այցելու է ունենում, որոնց թվում` նաև արտերկրյա հյուրեր.

«Տիգրանակերտը պետք է դառնա այնպիսի յուրօրինակ տեղավայր-սիմվոլ, որ ամեն հայ, Տիգրանակերտի պարիսպներին բարձրանալով, հպարտության զգացում ապրի,-ցանկություն է հայտնում Պետրոսյանը:

Պեղումների ընթացքում հայտնաբերված անտիկ գունազարդ խեցեղենի նորահայտն նմուշները, ավելի քան կես տոննա տարողության օձազարդ կարասը, վաղքրիստոնեական քանդակի բեկորները, պղնձե զարդերը, կենդանակերպ ելուստներով հասարակ խեցեղենի նմուշներ ցուցադրվում են հենց հուշարձանի տարածքում ստեղծված հնագիտական թանգարանում:

Տիգրանակերտի հետազոտական աշխատանքներին մասնակցում են հինգ հնագետ, երկու ճարտարապետ, Երևանի և Արցախի պետական համալսարանների մեկ տասնյակ ուսանողներ, քառասունից ավելի բանվորներ: Պեղումներն ընթանում են միջնաբերդի տարածքում, Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատի և Բազիլիկի եկեղեցուն կից հատվածներում:

Ձեռնարկվել է նաև քաղաքի մերձակայքում գտնվող անտիկ դամբարանի պեղումները, որի ուշագրավ արդյունքներն, ըստ Պետրոսյանի հանրությանը կներկայացվեն տաս-տասնհինգ օրից:

Հնագիտական պեղումներն իրականացվում են Արցախի կառավարության ֆինանսավորմամբ:

Դիտվել է 1853 անգամ:
Print Friendly

Leave a Reply