Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեյցարիայի արտաքին գործերի պետքարտուղարին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 9, 2010 13:30

Հուլիսի 9-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեյցարական Համադաշնության արտաքին գործերի պետքարտուղար Պետեր Մաուրերին (Peter Maurer):

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-շվեյցարական  համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է,  պահպանվում է ակտիվ քաղաքական երկխոսություն` ինչպես երկկողմ հանդիպումների ձեւաչափով, այնպես էլ միջազգային ատյանների շրջանակներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Շվեյցարիայի ԱԳ պետքարտուղարը վստահեցրեց, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ հաստատված բարեկամական համագործակցության ընդլայնման, եւ դրանով էր պայմանավորված Երեւանում շվեյցարական դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը:

Էդվարդ Նալբանդյանն ու Պետեր Մաուրերը կարեւորեցին բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը` որպես համակողմանի համագործակցության առավել ամրապնդման գրավական:

Զրուցակիցները անդրադարձան առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին` կարեւորելով այդ բնագավառում գործարար շրջանակների նախաձեռնությունները եւ համաժողովների անցկացումը:

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Շվեյցարիայի միջնորդական ջանքերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ Շվեիցարիայի ԱԳ պետքարտուղարը մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ:

Այդ ենթատեքստում հյուրի խնդրանքով` նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Պետեր Մաուրերը այցելեց նաեւ ԱԳՆ դիվանագիտական դպրոց, ուր հանդես եկավ Շվեյցարիայի արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ:

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply