Լաբորատոր հետազոտության կենթարկվեն խաղալիքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 9, 2010 12:53

Կան խաղալիքներ, որոնք պատրաստված են այնպիսի նյութերից, որ երեխան խաղալով կարող է իրեն վնասել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի հասարակական կազմակերպության փոխտնօրեն, փորձագետ Լիլիկ Սիմոնյանը, իրենց ՀԿ-ն նախատեսում է իրականացնել ծրագիր, որի միջոցով կստուգվեն հայաստանյան շուկաներում վաճառվող բոլոր խաղալիքները: Ծրագրվում Է առաջին հերթին հետազոտել Հայաստանում խաղալիքներ արտադրող ձեռնարկությունը: Հետազոտության նպատակն է ստուգել` ինչ տեխնիկական պայմաններ են կիրառվում խաղալիքների արտադրությունում, ինչ նյութեր են օգտագործվում, ինչ վնասակար բաղադրիչներ կան խաղալիքներում եւ այլն: Ըստ ՀԿ-ի փոխտնօրենի` լաբորատոր հետազոտության կենթարկվեն նաեւ դրսից ներկրվող խաղալիքները:

«Հիմնականում էժան խաղալիքները բերում են Թուրքիայից, Իրանից, Չինաստանից»,- նշեց Լ. Սիմոնյանը` ընդգծելով, որ այդ խաղալիքները եւս կենթարկվեն ստուգումների` վերցվելով անցակետերից կամ վաճառակետերից: Փորձագետի հաղորդմամբ, իրենց ծրագրերը ֆինանսավորում են տարբեր միջազգային կազմակերպություններ եւ հաստատման դեպքում այդ կազմակերպությունների միջոցներով նշված ծրագիրը եւս կիրագործվի:

Լիլիկ Սիմոնյանի տեղեկացրեց, որ իրենց ՀԿ-ն վերջին շրջանում զբաղվում է ջրամատակարարման, էկոլոգիական զուգարանների կառուցման, առանց թունաքիմիկատների ալտերնատիվ գյուղատնտեսության զարգացման, դրանց օգտագործման եւ օրգանական գյուղատնտեսության խնդիրներով, բարձրացնելով հասարակության մեջ իրազեկությունը տարբեր բնագավառներում: «Մեզ մոտ աշխատում են բժիշկներ եւ ագրոէկոլոգներ, որոնք զբաղվում են մարդկանց վրա բացասական ազդեցություն թողնող հարցերի կանխարգելմամբ կամ լուծմամբ»,- նշեց Լ. Սիմոնյանը` տեղեկացնելով, որ որոշ գյուղերում ՀԿ-ի ջանքերով ֆինանսավորվել եւ փոխվել են բոլոր ջրագծերը:

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply